Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրաքանչյուր ժամանակաընթացք, իր կառավարման տեսակետից, և' դրական, և' բացասական կողմեր ունի, և ամենակարևորը նկատել ու շարունակելն է դրականը, և նկատել ու չշարունակել բացասականը. միայն այդպես կարող ենք առաջընթաց ապահովել: Լրագրողների հետ զրույցում, խոսելով, թե վերջին 10 տարիների ընթացքում ինչ ձեռքբերումներ և բացթողումներ եղան մշակույթի ոլորտում, ասաց Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ հաճախ մեզ թվում է, որ կյանքը սկսվում է մեզնից և մեզնով ավարտվում՝ մոռանալով, որ շենքը կառուցվում է շարք առ շարք, այլ ոչ թե քանդելով նախորդի արածը:
Բաբայանը դժվարացավ միանշանակ գնահատական տալ վերջին 10 տարիների ընթացքում մշակութային ոլորտում վարած քաղաքականությանը՝ ասելով, որ այս ընթացքում տարբեր քաղաքականություն է վարվել՝ ելնելով այն հանգամանքից, որ տարբեր վարչապետեր ենք ունեցել:
«Որևէ նախագահ, վարչապետ կամ նախարար տաղանդավոր մարդ «ծնել» չի կարող, ամբողջ խնդիրը տաղանդներին բացահայտնելն ու համապատասխան պայմաններ ստեղծելն է: Մեր մշակույթը մեր դեմքն է: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, երբ ֆինանսների նախարարը Չերչիլին ներկայացրել է երկրի բյուջեն` ըստ ոլորտների, Չերչիլը հարցրել է, թե որտեղ է նշված մշակույթին հատկացված գումարի չափը: Ի պատասխան նախարարը զարմացած ասել է, թե երկրում պատերազմ է, ի՞նչ մշակույթ: Չերչիլը հակադարձել է՝ այդ դեպքում ինչո՞ւ ենք պատերազմում»,- ասաց Բաբայանը:
Ըստ նրա՝ վերջին երկու տարիների ընթացքում շատ վտանգավոր երևույթ է տեղի ունենում՝ մշակույթը սկսում է ընկալվել որպես ժամանց և ժամանցի օրենքներով է սկսվում դատվել՝ վաճառվեց այն, ուրեմն լավն է, եթե` ոչ, ուրեմն անարժեք էր: Սակայն, Բաբայանի խոսքով, գրական, կերպարվեստի գործերը, օրինակ, միշտ չէ, որ գնահատվում են իրենց ժամանակին: «Մշակույթն ընկալել որպես ժամանց՝ վտանգավոր միտում է: Ինչպես և ամեն ինչ այս կյանքում, նաև կառավարման ձևերը պետք է բարեփոխումների ենթարկվեն, չի կարելի որպես բարեփոխում ընդունել միայն ֆինանսների կրճատումը: Ֆինանսների կրճատումը մշակույթի, կրթության և գիտության ոլորտում միայն ու միայն ֆինանսների կրճատում է և ավելի շատ նշանակում է անտեսել այդ ոլորտները: Պետք է այնպիսի մեխանիզմներ լինեն, որ ստեղծագործողը կարողանա ստեղծագործել, իսկ նա, ով պարզապես տեղ է գրավում այդ տարածքում, դուրս գա և դաշտը թողնի ուրիշին: Այս մեխանիզմները, ցավոք, մեր երկրում չեն աշխատում»,- ասաց Բաբայանը:
Թատերական ոլորտում, օրինակ, նրա խոսքով, կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, միջազգային և մեր փառատոներին հաջողությունների հասած դերասաններ ու բեմադրիչներ, նույն համակարգի մեջ են աշխարհում ընթացող գործընթացների հետ: Ըստ Բաբայանի՝ պետք է հստակեցնել՝ մշակույթը որոշակի պարապ, ցանցառ մարդկանց զբաղմո՞ւնք է, որոնց պետք է մի կտոր հաց գցեն, որ ապրեն, թե՞ մշակույթը պետք է հասարակական կյանքը կարգավորելու համար, որպեսզի անհանդուրժողականություն, ագրեսիա չլինի: «Ի վերջո, մշակույթը երկխոսություն է՝ հեղինակը խոսում է ունկնդրի, ընթերցողի, հանդիսատեսի հետ: Երկխոսությունն, առաջին հերթին, ենթադրում է ոչ թե խոսելու ունակություն, այլ լսելու: Մեզ մոտ հաճախակի այն երկխոսությունը, որը կա քաղաքական ասպարեզում, երկխոսություն չի դառնում, քանզի չեն լսում իրար: Սա սկսվում է տեղափոխվել նաև հասարակական դաշտ, և այստեղ էլ ստեղծվում է անհանդուրժողականություն: Ո՞վ պետք է սա վերացնի, ո՞վ պետք է կամուրջներ հաստատի, իհարկե` մշակույթը, մշակույթին ի վերուստ այդ դերն է տրված: Կընդունենք այդ դերը, կփորձենք որոշել՝ ով է կարողանում այդ դերը կատարել և նրան գնահատել, բայց` ոչ կոչումներով, շատ բան կփոխվի յուրաքանչյուրիս կյանքում»,- ասաց նա:
Բացի այդ, ըստ Բաբայանի, հայկական մշակույթը կերտվում է Հայաստանում՝ ինչքան էլ մենք բարձր կարծիքի լինենք ու գնահատենք Վիլյամ Սարոյանին, միևնույն է, նա ամերիկյան գրականության, Ատոմ Էգոյանը` կանադական կինոյի ներկայացուցիչ է, իսկ Ազնավուրը ֆրանսիցի շանսոնյե է` այդ մշակույթը կրողը: Բաբայանի խոսքով՝ անպայման չէ, որ հայը Հայաստանից գնա, որ գնահատվի` որպես արվեստագետ: