Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Ռոման Երիցյանը պարզաբանումներ է տարածել՝ պարեկների հետ շփումների համար․
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող հանրահայտ իրադարձությունները, ըստ այդմ՝ պարեկային ծառայողների կողմից արցախցիների կամ ցանկացած ցուցարարի նկատմամբ դրսևորված վերաբերմունքը (տուգանքի ենթարկելու անհարկի որոշումները, ավտոմեքենաներն արգելանքի վերցնելն ու անհիմն բերման ենթարկելը, ավելորդ ստուգումները, կիրառվող բռնությունները և այլն), որոշել եմ հանրությանը (ինչու ոչ՝ նաև պարեկային ծառայողներին) պարզաբանել պարեկային ծառայողների կողմից քաղաքացիների, այդ թվում՝ վարորդների հետ շփման կարգը։
1․Այսպես, ՀՀ ոստիկանության պետի 2021 թվականի հունիսի 25-ի 36-Լ հրամանով հաստատվել է պարեկային ծառայության կանոնակարգը, որի 56-րդ կետի համաձայն՝ քաղաքացիների հետ փոխհարաբերություններում պարեկային ծառայողը պետք է դրսևորի քաղաքավարություն և նրբազգացություն։
2․ Նույն կանոնագրքի 57-րդ կետի համաձայն՝ պարեկային ծառայողը պետք է քաղաքացուն դիմի հարգանքով, «Դուք»-ով, իր պահանջներն ու դիտողությունները ներկայացնի համոզիչ ձևով: Քաղաքացուն դիմելիս պետք է նրան ողջունի, որից հետո, ձեռքը հպելով գլխարկին, բարձրաձայնի իր ազգանունն ու կոչումը: Եթե քաղաքացիներն են դիմում պարեկային ծառայողին, ապա նա նույնպես պարտավոր է ձեռքը հպել գլխարկին, ուշադիր լսել նրանց և միջոցներ ձեռնարկել՝ վերջիններիս հայտարարությունների հետ կապված: Եթե քաղաքացու հարցադրումը դուրս է պարեկային ծառայողի իրավասությունների շրջանակից, ապա պարեկային ծառայողը, չանտեսելով նրան, պետք է քաղաքացուն օգնի խորհրդով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բացատրի, թե ուր է պետք դիմել՝ դրված հարցը լուծելու համար:
3․ Նույն կանոնագրքի 57-րդ կետի համաձայն՝ քաղաքացիներին դիմելիս անթույլատրելի են՝
1) արհամարհական տոնը, կոպտությունը, գոռոզությունը,
2) դիտողությունների հեգնական կամ անքաղաքավարի շարադրումը,
3) մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները կամ ռեպլիկները,
4) սպառնալիքները, խրատները կամ անարդարացի նախատումները,
5) անիրավացի մեղադրանքներ ներկայացնելը.
6) սպառնացող կամ վիրավորող ժեստերն ու նշանները:
4․ Նույն կանոնագրքի 58-րդ կետի համաձայն՝ քաղաքացիների հետ զրուցելիս պարեկային ծառայողները պարտավոր են դրսևորել հանգստություն և խոհեմություն: Նրանք չպետք է կոպտությանը կոպտությամբ պատասխանեն և իրենց գործողություններում առաջնորդվեն անձնական անբարյացակամ զգացմունքներով։
5․ Նույն կանոնագրքի 60-րդ կետի համաձայն՝ երբ իրավախախտում կատարած անձը ոստիկանի դիտողություններին գրգռված է արձագանքում, ապա պետք է նրան ժամանակ տալ հանդարտվելու և բացատրություն խնդրել՝ նրա հակաիրավական գործողությունների վերաբերյալ: Պարզաբանել նրա վարքի հակաօրինական բնույթը՝ հղում կատարելով համապատասխան իրավական նորմերին:
6․ Նույն կանոնագրքի 62-րդ կետի համաձայն՝ պարեկային ծառայողը պետք է լինի բարյացակամ և պոզիտիվ:
7․ Նույն կանոնագրքի 63-րդ կետի համաձայն՝ պարեկային ծառայության իրականացման ընթացքում պարեկային ծառայողն իրավունք չունի պահանջել քաղաքացիներից դադարեցնել տեսաձայնագրումը կամ լուսանկարահանումը, ինչպես նաև ուղիղ հեռարձակումները՝ նկատի ունենալով մարդու՝ ազատ գործելու սահմանադրական իրավունքը, ինչպես նաև այն, որ «Ոստիկանության մասին» օրենքով հրապարակայնությունը ոստիկանության գործունեության սկզբունքներից է, իսկ պարեկային ծառայողը հաշվետու հանրային ծառայող է։
Հաշվի առնելով հանրային մեծ պահանջարկը՝ մոտ ապագայում կանդրադառնամ նաև վարչարարության ընթացքում վարորդների ու պարեկային ծառայողների իրավունքներին և պարտականություններին, տրանսպորտային միջոցների շահագործումն արգելելու, ինչպես նաև պարեկային ծառայողների կողմից տրանսպորտային միջոցները հատուկ պահպանման վայր տեղափոխելու հիմքերին (վերջինը նույնական չէ տրանսպորտային միջոցների շահագործումը արգելելու հետ)»։