կարևոր
9415 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-27 13:25
Արցախ

44-օրյա պատերազմից 3 տարի անց Արցախում բռնի տեղահանություն է

44-օրյա պատերազմից 3 տարի անց Արցախում բռնի տեղահանություն է

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ` կապիտուլացիոն փաստաթղթով:

Պատերազմի հետևանքներն աղետալի էին հայ ժողովրդի համար։ Նիկոլ Փաշինյանը եկավ գրելու Հայաստանի պատմության ամոթալի էջերը, որոնց պտուղները մինչ օրս քաղում է հայ ժողովուրդը։ Հայաստանի իշխանությունների, ռազմաքաղաքական ղեկավարության անգործության ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքով կորցրեցինք Արցախի 74 տոկոսը, ունեցանք բազմաթիվ զոհեր, տեղահանություններ, գերեվարված զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

Գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանը մի քանի անգամ պատերազմը կանգնեցնելու հնարավորություն է ունեցել․ պատերազմի առաջին օրերին, հոկտեմբերի առաջին շաբաթը, ապա նույն ամսվա 19-ին։ Սակայն չի արել, որ «հետո իրեն դավաճան չասեն», չի արել, որ Արցախի կորուստը արդարացնի աթոռը պահելու համար, ասելու՝ կռվեցինք, չստացվեց։ Հետո էլ բարձր ամբիոնից հայտարարի՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»:

Ռազմավարական, դիվանագիտական և քաղաքական ձախողումները, որոնք բյուրեղացան պատերազմի սոսկալի հանգուցալուծման մեջ, շարունակվում են առ այսօր։ Կապիտուլիացիայից հետո մնացած մի բուռ Արցախը դատարկվում է պատերազմից 3 տարի անց, որովհետև պատժված չեն ոչ մեղավորները, ոչ էլ պատասխանատուն։

Մեկ տարի շարունակ սովի ու շրջափակման մեջ հայտնված, ցեղասպանվելու վտանգի առաջ կանգնած 120 հզ․ արցախահայեր թողնելով իրենց հայրենի հողը, գերեզմանները, ապրուստը բռնի տեղահանվում են Արցախից։ Այս ամենը կատարվում է Փաշինյանի ու աշխարհի լուռ համաձայնությամբ։

44-օրյա պատերազմից երեք տարի անց դեռ կորցնում ենք մարդկային կյանքեր ու տարածքներ։ Պատերազմի սպառնալիքը կախված է հայ ժողովրդի գլխին․ քաղաքական ղեկավարությունը աթոռ է պահում ու ասֆալտ փռում։

Նախորդ երկու տարիներին կառավարության անդամներն ու Փաշինյանը առավոտ կանուխ այցելում էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու։ Իսկ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմի մեկնարկի 3-րդ տարելիցի օրը կառավարությունից որեւէ պատվիրակություն չի այցելել «Եռաբլուր» պանթեոն:

Հայրենիքի պաշտմանության համար ընկածներին այցելում են  իրենց ծնողները, հարազատներն ու հասարակ մարդիկ։ Կառավարությունը մոռացել է, կամ գուցե վախենում է զոհվածի ծնողի ցասումից։

 

Անի Նահապետյան