կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 17:15
Իրավական

Հլը շուռ արի` կարող ա՞ պարսիկ ես

Հլը շուռ արի` կարող ա՞ պարսիկ ես

Այսօրվա կառավարության նիստում հանրապետությունում շինարարության ոլորտն աշխուժացնելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց էկոնոմիկայի նախարարին` քննարկումներ իրականացնել քաղաքաշինության, ֆինանսների նախարարության և ԿԲ-ի հետ, որպեսզի քայլեր ձեռնարկվեն շինարարության ոլորտում ծավալներ ապահովելու համար։

 

Վատ չէր լինի, սակայն, եթե վարչապետը նախևառաջ հանձնարարեր լուծել մինչ այս կատարված շինարարական աշխատանքների, մասնավորապես` Երևանում կառուցված որոշ բազմաբնակարան շենքերում հայտնի պատճառներով այդպես էլ իրենց գնած բնակարանները չստացած քաղաքացիների բնակարանային խնդիրները:

 

Այսօր դատարաններում քննվում են բազմաբնակարան շենքերում մեկ բնակարանը մի քանիսին վաճառելու փաստով հարուցված մի շարք քրեական գործեր: Դրանցից առավել հետաքրքրականը և խառնիճաղանջը անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ՍՊԸ-ների տնօրեն Գագիկ Պապոյանի և «Գապբնակշին» ՍՊ ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն է:

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշմամբ, սակայն, Պապոյանի գործն առանձնացվել է Աղազարյանի գործից, քանի որ վերջինս հիվանդության պատճառով դատարան չէր ներկայանում, ինչի արդյունքում նիստերը մշտապես հետաձգվում էին:

 

Պապոյանը մեղադրվում է խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` 10.202.947.840 դրամ արժողությամբ գույքը հափշտակելու համար:

 

Գործում ներգրավված մոտ 700 տուժողներից և վկաներից ոմանք մեղադրյալի աթոռին հայտնված շինարարին անվանում են քավության նոխազ և համարում, որ նա զոհ է դարձել պետական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կամայականություններին: Ոմանք էլ, հիմնականում` գործից անտեղյակ զանգվածը, ողջ մեղքը բարդում են նրա վրա: Դա է պատճառը, որ մինչ այս տեղի ունեցած (հիմնականում` հետաձգված) բոլոր դատական նիստերին Պապոյանի հասցեին բազմաթիվ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում, երբեմն նաև անիծում:

 

Մինչ խաբված գնորդներն այս կերպ փորձում են փարատել իրենց զայրույթը, տուժողներից ոմանք, իրենց ակտիվ ներգրավվածության շնորհիվ, փորձում են թույլ չտալ, որպեսզի, ինչպես իրենք են բնորոշում, գործը ծածկադմփոց անեն և շուտափույթ փակեն: Այս նկատառումից ելնելով` այսօրվա դատական նիստին Արամի 72/80 հասցեում այդպես էլ բնակարան չստացած ազատ լրագրող Սոնիկ Մաղաքյանը համապատասխան միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալի և նրա պաշտպանի` արագացված դատաքննություն անցկացնելու միջնորդության դեմ: Մաղաքյանի խոսքով` արագացված դատաքննության ընթացքում անհնար կլինի նույնիսկ մակերեսորեն անդրադառնալ բնակարանային խնդիրներին:

 

«Աններելի թողտվություն կլինի արդարադատություն իրականացնող մարմինների կողմից արագացված դատաքննություն իրականացնելը: Այդ կերպ արմատախիլ չի արվի արդեն ծիլեր գցած և արմատավորվելու միտված այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են արդեն վաղուց իրացված տարածքների նկատմամբ սեփականաշնորհման վկայականների և պայմանագրերի նկարումը, կեղծումը, նոտարի կողմից մի բնակարանի նկատմամբ մի քանի պայմանագրի հաստատումը, նոտարի կողմից 2 տարբեր կնիքի օգտագործումը, պաշտոնատար անձանց բնակարանների նվիրումը, քաղաքապետի կողմից արդեն կառուցապատվող շենքի տակի հողն այլ անձի օտարելու, վերջինիս կողմից շենքը բռնազավթելու փորձը»,- հայտարարեց տուժողը և խնդրեց արդարադատության համակարգին չստվերել և չարհամարհել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` օրերս մի շարք լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած այն հորդորը, որ պետք է ակտիվորեն պայքարել նման երևույթների դեմ:

 

Մաղաքյանի խոսքով` իրենք պետք է հենվեն հատկապես ամբաստանյալ Պապոյանի ցուցմունքի վրա, սակայն նա ընտանիք ունի, այս կյանքում կորցնելու բան եւ չի կարող ճիշտ ցուցմունք տալ:

 

Մեղադրող դատախազն, իր հերթին, հանդես եկավ պաշտպանական կողմի` արագացված դատաքննություն անցկացնելու միջնորդության դեմ և առաջարկեց գործը քննել ընդհանուր դատաքննության կարգով: Այս առնչությամբ դատավորը ցանկացավ լսել նաև մյուս տուժողների կարծիքը: Բոլոր տուժողները միաձայն ընդունեցին մեղադրող դատախազի առաջարկը, բացի մեկից: Առարկողը տուժողներից մեկի ներկայացուցիչն էր:

 

«Հլը շուռ արի' կարող ա՞ պարսիկ ես»,- ներկայացուցչի առարկությանն ի պատասխան` բորբոքվեց դահլիճում ներկա տուժող մի կին:

 

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, հաշվի առնելով տուժողների մեծ մասի կարծիքը, բավարարեց դատարախազի միջնորդությունը և որոշում ընդունեց` գործը քննել ընդհանուր դատաքննության կարգով: Որոշվեց նախևառաջ քննել տուժողներին, ապա վկաներին, այնուհետև հետազոտել գործում առկա փաստական ապացույցները և վերջում նոր միայն լսել ամբաստանյալին:

 

Մեղադրողը միջնորդեց գործով 254 տուժողներին, ովքեր պետք է հանդես գան մեղադրական եզրակացությամբ, խմբերի բաժանել և յուրաքանչյուր նիստին 10-ական տուժող հարցաքննել: Դատավորը բավարարեց դատախազի միջնորդությունը և հաստատեց տուժողների հարցաքննության կարգը:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ