կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-04 11:42
Քաղաքական

Վարչապետն ասում է՝ աշխարհը պետք է շուռ տանք, պետպատվերի համակարգը շուռ տվեք. Զոհրաբյանը՝ առողջապահության նախարարին

Վարչապետն ասում է՝ աշխարհը պետք է շուռ տանք, պետպատվերի համակարգը շուռ տվեք. Զոհրաբյանը՝ առողջապահության նախարարին

Այսօր առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում են 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնեց ոլորտի անմխիթար վիճակի մասին: Նրա խոսքով՝ պետպատվերի համակարգը բացարձակապես ձախողված է:

«Ապրիլ ամսից մենք ստանում ենք նամակներ, որ պետպատվեր ստացած մարդիկ գնում են հիվանդանոց, նրանց ասում են՝ պետպատվերը վերջացել է: Այս համակարգը ո՞նց եք տեսնում: Ես չեմ կարծում, որ մենք այստեղ փոքր քայլեր պետք է անենք, այստեղ հեղափոխություն պետք է անել: Խայտառակ վիճակ է համակարգում: Բժիշկները հիվանդին պաս են տալիս տարբեր բժիշկների ու հիվանդանոցների: Մարդը գնում, ասում է` գլխացավ ունեմ, մի հատ ռենտգենի են ուղարկում, մի հատ լողի են ուղարկում: Ձեր ոլորտի խնդիրներն այնքան շատ են, որ թվարկեմ, օրը կավարտվի: Վարչապետն ասում է աշխարհը շուռ տանք: Այս համակարգը պետք է շուռ տալ»,- ասաց Զոհրաբյանը:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ առողջապահական նոր համակարգ է ներդրվելու, որ երբ քաղաքացին գնա ստուգումների, դրանք արվեն ախտորոշմանը համապատասխան:

«Այո, ձեր բոլոր թվարկած երևույթները կան, և դրանց դեմ պայքարում ենք տարբեր մեթոդներով: Միշտ չէ, որ հաջողության ենք հասնում, բայց քայլերը կան: Հիմա մենք անցնում ենք մի նոր փուլ, երբ թափանցիկությունը պետք է զուգակցի արդյունավետությանը: Պետք է բարելավվեն բուժծառայությունների որակը և հասանելիությունը»,- պատասխանեց նախարարը:

Նրա պատասխանները չբավարարեցին Զոհրաբյանին: Նա հայտարարեց, որ իր որևէ հարցին պատասխան չեղավ: «Բոլորս էլ գիտենք` ինչ է կատարվում հիվանդանոցներում: Համակարգը 180 աստիճանով պետք է շրջել: Ամեն դեպքում` սպասենք, տեսնենք` այդ ռեֆորմները ինչ արդյունք կտան, հետո կանդրադառնանք խնդիրներին»,- ասաց պատգամավորը: