կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-20 17:30
Իրավական

Զատիկյանի սպանության պատվերի գործով կարևոր վկան հանրապետությունում չէ

Զատիկյանի սպանության պատվերի գործով կարևոր վկան հանրապետությունում չէ

Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի գործով այսօրվա դատական նիստին չէր ներկայացել պաշտպանական կողմի ներկայացրած վկա Արմեն Բեկջանյանը: Պարզվում է, որ նրան ուղարկված ծանուցագիրը չի հասել հասցեատիրոջը և հետ է վերադարձվել դատարան:

 

Ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի  պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ վկայի հարազատներից տեղեկացել է, որ Ա. Բեջանյանը հանրապետությունում չէ և հնարավոր է` ուշ վերադառնա, սակայն միաժամանակ նշեց, որ ինքը դա հաստատելու համար որևէ փաստաթուղթ չունի: Պաշտպանը միջնորդեց հրապարակել Բեջանյանի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, քանի որ պարզ չէ, կկարողանա՞, արդյոք, վկան ներկայանալ հաջորդ կամ մյուս դատական նիստերին:

 

Մեղադրող դատախազն ու Սեդրակ Զատիկյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանը առարկեցին և միջնորդեցին նիստը հետաձգել: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, բավարարեց մեղադրական կողմի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև մարտի 28-ը: Դատավորը հավաստիացրեց, որ իրենք միջոցներ կձեռնարկեն` վկային մեկ անգամ ևս պատշաճ ծանուցելու համար:

 

Հարկ է նշել, որ այս գործով դատական նիստերն անցնում են լարված մթնոլորտում: Նիստերի մեկնարկից առաջ անխուսափելի են  դահլիճ մուտք գործելու համար հրմշտոցներն ու միմյանց հասցեին հնչող սպառնալիքները: Ավելին` այսօր տուժողի հարազատները yerkir.am -ի հետ զրույցում դժգոհեցին դատական նիստերի կազմակերպվածությունից: Նրանց դուր չէր եկել հատկապես այն հանգամանքը, որ իրենք և ամբաստանյալի կողմնակիցները նստում են միևնույն շարքում:

 

Հիշեցնենք, որ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 6 և 7-րդ կետերով: Նախաքննության համաձայն` Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպել է նա` վերջինիս հետ ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով: