կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-06 16:52
Իրավական

«Տղերք, էսի բաևոյ ա կրակում». Չարբախի աղմկահարույց սպանության գործով վկան մանրամասներ է պատմում

«Տղերք, էսի բաևոյ ա կրակում». Չարբախի աղմկահարույց սպանության գործով վկան մանրամասներ է պատմում

2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատակոչված 7 վկաներից այսօրվա դատական նիստին ներկայացել էր միայն մեկը՝ Արման Հարությունյանը: Նա դատարանին հայտնեց, որ գործով ամբաստանյալներից ճանաչում է միայն Գեղամին (խոսքը Պետրոս Իսրայելյանի մասին է.- հեղ.), ով իր ընկերոջ՝ Գոռ Իսրայելյանի հայրն է:

Վկան պատմեց, որ դեպքի օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, իր ընկերոջ՝ Արսենի հետ գնացել են` Գեղամին տեսնելու՝ նպատակ ունենալով նաև օգտվել Գեղամի ընտանիքին պատկանող վարսավիրանոցի ծառայություններից:

«Շենքի դիմաց մարդիկ կային հավաքված, ներքևում տեսա Գոռին, այնտեղ էին նաև Արամիկը, Գևորը, ով մի անծանոթի հետ վիճաբանում էր: Անծանոթը (նկատի ունի սպանված Մուշեղ Մուշեղյանին.- հեղ.) Գևորին հայհոյում էր, ասում էր՝ ինձնից ով կարա փող ստանա, նա… Իսկ Գևորը փորձում էր նրան կարգի հրավիրել»,- պատմեց վկան՝ հայտնելով, որ սենյակում 7-10 մարդ կար, և ինքն այդ խոսակցությունից հասկացել է որ ինչ-որ գումարային հարցերի շուրջ են վիճում:

Վկայի հիշելով՝ հայհոյելուց հետո անծանոթը կրակել է Գևորի վրա, ով էլ իր հերթին դանակով հարվածել է անծաոթին: «Այս ամենն ակնթարթներ է տևել: Անծանոթն անկանոն կրակում էր: Ես ու Արամիկը գոռացինք՝ տղե'րք, էսի բաևոյ ա կրակում: Սաղս ուզում էինք կյանքներս փրկել, դրա համար փախել եմ, մնայինք էնտեղ մեռնեի՞նք»,- պատմեց վկան:

Դատախազի հարցին` արդյո՞ք Գեղամը չէր փորձում միջամտել, վկան պատասխանեց, որ չի տեսել:

Մյուս հարցին, թե ինչ-որ մեկը փորձե՞լ է մոտ գնալ վիճաբանողներին, Արման Հարությունյանը պատասխանեց. «Անկանոն կրակոց էր, էդ պահին ամեն մեկն էլ կարար դառնար քյոռ գլուլլի բաժին. եթե մարդու ձեռքում զենք կա, ո՞վ ա գժվել մոտ գնա»:

Հարցին` տեսե՞լ է, իր հետևից մարդ դուրս եկե՞լ է, թե՞ ոչ, վկան պատասխանեց. «Էդ պահին որ վախը մտնում ա մեջդ, ոնց ուզես, քերելով էլ լինի, պիտի հելնես: Որ ուզում ես կյանքդ փրկել, չես նայում` հետևիցդ ով եկավ»:

Նշենք, որ այս գործով, որպես վկա, ներգրավված էր նաև Ճվճվ Արո մականվամբ հայտնի Արա Վարդանյանը: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը կողմերին առաջարկեց ծանուցել նաև այս վկային, սակայն Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին տեղեկացրեց, որ Արա Վարդանյանը մահացած է: Նշենք, որ դատարանում հիշյալ վկայի մահացած լինելու փաստը հաստատելուց հետո կհրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը:

Արա Վարդանյանը մահացել է 2017թ. հուլիսի 7-ին գլխուղեղի իշեմիկ ինսուլտից: Տեղեկություններ կան, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում Մուշեղ Մուշեղյանը հենց Ճվճվ Արոյի փողերը վերադարձնելու շուրջ է վիճաբանել Գևորգ Ավետիսյանի հետ: Նույն այդ տեղեկություների համաձայն՝ դեպքից հետո հենց Ճվճվ Արոն էր Մուշեղ Մուշեղյանին տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ նա, գիտակցության չգալով, մահացել էր:

Այսօրվա դատական նիստում դատարանը որոշեց հիշեցում ուղարկել ոստիկանություն` գործով վկա Դավիթ Հախանումյանին բերման ենթարկելու վերաբերյալ: Նշենք, որ Դավիթ Հախանումյանը քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով կալանավածված Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրն է:

Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց դեկտեմբերի 13-ին:

Հ.Գ. Ստիպված ենք նյութի հետ հրապարակել հին և կրկնվող լուսանկար, քանի որ գործը քննող դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ արգելել է լրագրողներին տեսա-լուսանկարահանել դատական ողջ նիստը: Նույն պատճառով հնարավորություն չունենք սույն նյութի հետ հրապարակել վկա Արման Հարությունյանի  լուսանկարը:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ