Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ` այսօր շարունակվեց Մալաթիայի թաղապետի՝ Վահան Զատիկյանի որդու սպանությունից 9 տարի անց հայտնաբերված երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի գործով դատական նիստը:
Նախորդ դատական նիստում ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ լրացուցիչ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել՝ ստուգելու` արդյո՞ք Խաչատրյանը պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություն ունի, թե՞ ոչ:
Այսօրվա դատական նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն ու մեղադրող դատախազն առարկեցին միջնորդության դեմ: Մասնավորապես` մեղադրողը նշեց, որ Նարեկ Խաչատրյանը կալանավայրում գտնվել է բժիշկների հսկողության տակ, ունի շիզոյիկ խանգարում, տառապում է հեպացիտ C–ով, դժգոհում է անքնությունունից, մեկուսացած է, մարմնի վրա ունի ինքնավնասման հետքեր, 2003-ին զինվորական ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել, ըստ նրա խոսքի՝ բուժում է ստացել Շվեդիայում, սակայն նրա հիվանդությունները կառավարության կողմից հաստատված, պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքում չկան:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանն էլ հայտնեց, որ Նարեկ Խաչատրյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, այլ, համաձայն փորձագետի եզրակացության, փսիխոպատ անձնավորություն է և դատապարտվելու դեպքում կարիք ունի գտնվելու նյարդաբանի հսկողության տակ՝ կալանավայրի պայմաններում:
Այսպիսով` դատարանն անցավ խորհրդակցական սենյակ` այս միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Ի դեպ, Զատիկյանները մտահոգություն ունեն, որ լրացուցիչ փորձաքննության արդյունքում Նարեկ Խաչատրյանի մոտ հնարավոր է հոգեկան հիվանդություններ «հայտնաբերվեն», և անմեղսունակության հիմքով նա ազատվի պատժի հետագա կրումից:
Շատերին հետաքրքրում է նաև այն հարցը, թե որտեղ է գտնվել Խաչատրյանը հետախուզման 9 տարիների ընթացքում: Տեղեկություններ կան, որ նա այդ ընթացքում եղել է Եվրոպայում, մեկ այլ աղբյուրի համաձայն էլ` Հայաստանում, սակայն իրավապահներն ինչ-ինչ պատճառներով ձգձգել են նրա հայտնաբերումը:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկ Խաչատրյանը, Ստեփան Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից: Զատիկյանի սպանությունը կատարելու և օժանդակելու համար դեռևս 2007-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ա. Առուշանյանը, Ա.Հովհաննիսյանը և Լ. Ղևոնդյանը դատապարտվել էին ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվեց 2011 թվականի դեկտեմբերին: 2013-ի դեկտեմբերի 9-ին Մալաթիայի դատարանը Հակոբյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման: