Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Րաֆֆիի Հայաստանում անհատականություններ չկան: Երբ նա ասում է՝ այսօրվանից մենք` բոլորս, Հայաստան ենք, ինտերպրետացնում է Չարենցի «ով հայ ժողովուրդ քո փրկությունը քո հավաքականության մեջ է» միտքը: Բայց Չարենցը հենց հավաքականությունը նկատի ուներ: Րաֆֆու Հայաստանում պայքարի դաշտը, ընտրությունների իրական արդյունքները, ընտրություններն ընդհանրապես բացառվում են: Որովհետեւ, եթե բոլորս Հայաստան ենք, ինչո՞ւ է ժողովուրդը պահանջում ճանաչել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը, իսկ ՍԴ-ն էլ պնդում հակառակը:
Ինչ-որ իմաստով այս ժողովուրդն արդեն հավաքական է, բոլորը դիրքորոշվել են, թե որտեղից է գալիս չարիքը, բայց ոչ մեկի մտքով չի անցնի, որ հարվածը կգա այնտեղից, ում շուրջը հավաքվել են: Հիմա տեսեք: Ես՝ Հայաստանս, չեմ գնում Ազատության հրապարակ, քանի որ արդեն գիտեմ, թե ով է հակահայաստանը: Դրա համար չարժե հասնել Ազատության հրապարակ: Դրա համար նույնիսկ նախագահի ընտրություններ պետք չեն: Նշանակում է հավաքականությունը մտքի դաշտում արդեն իրացվել է: Բայց սա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունը կիրառական գիտություն է, այնտեղ շատ բան է որոշում գործողությունը: Գործողության դաշտում բոլորը համաձայն են լինել մեկ մարդ պայմանով, որ եւս մեկը նրանց առաջնորդի: Այսպիսով` քաղաքականությունը 1+1 բանաձեւի կիրառական դաշտն է, մեկը ամբողջ ժողովուրդն է, մյուսը` առաջնորդը: Երկուսի գումարը նման է սիրո բանաձեւին՝ 1+1=1: Որովհետեւ բոլորիս համախմբել է մեկ նպատակ: Եվ հանկարծ մեզ ասում են, որ առաջնորդը Պահքի օրերին հացադուլ է անում:
Փորձենք հասկանալ, թե սոցիալական առումով ինչ է նախորդել այդ հացադուլին: Ովքե՞ր են սովածները՝ ժողովուրդը, այսինքն` ժողովուրդն է, որ ՀՀԿ-ի իշխանության գալուց ի վեր դանդաղ մղվել է սովի, բայց ոչ հացադուլի դաշտ: Այսինքն` ժողովուրդն արդեն 15 տարի այս կամ այն չափով սովի աշխարհում է: 15 տարի հետո նրան առաջնորդում է կուշտ մեկը, որը պայքարի մեկնակետ է սահմանում նախորդ 15 տարվա առաջին օրը: Ընդ որում, ի տարբերություն ժողովրդի, գիտի նաեւ հացադուլից դուրս գալու օրը՝ մարտի 31-ը կամ ապրիլի 9-ը: Անշուշտ, ծիծաղելի չէ: Բայց հետաքրքիր, ինչ-որ իմաստով իռացիոնալ իրավիճակ է, բան չունեմ ասելու: Հետո՞: Հետո ժողովուրդն այդ հացադուլի «կրեածիվ» աշխարհում փորձում է հասկանալ իր դերը՝ ի՞նչ անի, ի՞նքն էլ անցնի հացադուլի: Ի՞նչ հարց է լուծելու: Եվ որտե՞ղ է լինելու իշխանության մեղքը համաշխարհային տերությունների ղեկավարների մակարդակով բոլոր շնորհավորանքներից ու ՍԴ որոշումից հետո: Ժողովուրդը գլուխը պատեպատ է տալիս, որովհետեւ ամբողջ աշխարհում առաջնորդը առաջնորդում է, միայն Հայաստանում է, որ առաջնորդը մտնում է «Ագռավաքար» պայքարի գոնե մեկ գործողություն գոնե մեկ տոկոսով չավարտած, ընդ որում` խոստանալով, որ ամենածայրահեղը՝ հացադուլը, նույնպես չի ավարտելու: Չէ՞ որ նա հացադուլի ժամկետ է նշել, նշանակում է չի գնում դեպի մահ (եւ փառք Աստծո):
Հետեւաբար, շարունակում է կիրառական մնալ միայն մեկ բան՝ այսօրվանից մենք` բոլորս, Հայաստան ենք: Ժողովուրդը, թեպետ դա նրան ոչ ոք չբացատրեց, բայց հասկանում է՝ Հայաստանը ընդհանուր նպատակ է, այդ Հայաստանում բոլորն իշխանություն կրող են, այդ Հայաստանում այլեւս մարտի 1 չի լինելու: Բայց դու, սահմանելով Հայաստանի նվազագույն մեկնակետը, գրկախառնվեցիր եւ VIP վրան առաջնորդեցիր մարտի 1-ի գրեթե բոլոր մեղավորներին: Մնաց Սերժ Սարգսյանը: Ժողովուրդը, մարդ, շվարած է: Եթե «Հայաստանը» Չարենցի հայտնի մտքի ինտերպրետացիան է, դա նույնն է, որ Չարենցը գրկախառնվեր 1937-ի հրեշներից մեկի՝ Մուղդուսու հետ: Դու միանգամից մի քանիսի հետ գրկախառնվեցիր: Հայաստանն անցյալ ունի, եւ մարտի 1-ն այդ անցյալի մաս է, եթե դու ուզում ես զրոյից սկսել, եւ բոլորին ես ներգրավում այդ զրոյի մեջ, այսինքն` Հովիկ Աբրահամյանին, ՕԵԿ-ին, ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, խնդիր չկա: Բայց Հայաստանն է ափսոս, որովհետեւ какраз ամենայն վատն արվել, արվում եւ արվելու է նրա անունից:
Սեյրան Հանոյան
«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: