Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.19 |
EUR | ⚊ | € 450.58 |
RUB | ⚊ | ₽ 4.9041 |
GBP | ⚊ | £ 521.65 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Անդրիաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումների կապակցությամբ Սահմանադրական դատարանը կայացրեց բացարձակ կանխատեսելի որոշում: Դրա հրապարակումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ այլ բան չէին էլ սպասում: Իսկ Անդրիաս Ղուկասյանն ընդհանրապես որոշման ընթերցմանը ներկա չէր` դրանով ցույց տալով իր անվստահությունը թե' ՍԴ-ի, թե' դրա որոշման նկատմամբ:
Հայաստանում երբևէ անցկացված նախագահական բոլոր այն ընտրությունների կապակցությամբ, որոնց լեգիտիմությունը վիճարկվել է ՍԴ-ում, այն մշտապես կայացրել է իշխանական կոնյունկտուրայի շահերից բխող որոշումներ: Միակ դեպքը, երբ ՍԴ-ն փորձել է քիչ, թե շատ անկախ երևալ, եղել է 2003թ. ընտրություններին, երբ ընտրությունների` պաշտոնապես հայտարարված արդյունքները ճանաչելուն զուգընթաց առաջարկեց անցկացնել վստահության հանրաքվե, որն, իհարկե, չիրագործվեց` ինքնին հակասահմանադրական լինելու պատճառով: Իրավական հարթությունում քաղաքական ճգնաժամերը չեզոքացնելու փոխարեն ՍԴ-ն բոլոր ժամանակներում ավելի ու ավելի է սրել դրանք` կայացնելով մեծ մասամբ ոչ օբյեկտիվ ու հասարակական վստահությունը չվայելող որոշումներ:
Իր հարմարվողականությամբ, ավանդական պիղատոսյան գործելակերպով ՍԴ-ն շատ ավելի մեծ վնաս է հասցնում ընտրական ու արդարադատության համակարգերին, քան անգամ վերարտադրման համար բոլոր միջոցներին դիմող քաղաքական իշխանությունը: Ընտրական վեճերի համատեքստում ՍԴ-ն վաղուց արդեն ինքն իրեն չափազանց անլրջացրել է` ինքնաբերաբար վերածվելով խամաճիկի: Այս անգամ ՍԴ-ն դա արեց` ոչ միայն աչք փակելով այն հանգամանքի վրա, որ ՀՀ նախագահի և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շահերը պաշտպանում էին կարգավիճակով պատգամավոր և նախարար անձինք, ովքեր դրա ո'չ իրավական, ո'չ էլ բարոյական իրավունքը չունեին, այլև փաստացի պետական պաշտոնյաների` իշխանության փաստաբանները դառնալու փաստացի նախադեպ ստեղծելով: Դա ոչ թե իշխանության, այլ նրա ձեռնածուն դարձած մի ողջ պետական ինստիտուտի տարրական ինքնահարգանքի բացակայության դրսևորում էր:
Սակայն, այս ամենով հանդերձ, ՍԴ-ի ներկայիս որոշումը կանխատեսելի էր նաև լրիվ օբյեկտիվ պատճառներով: Ե'վ Րաֆֆի Հովհաննիսյանը, և' Անդրիաս Ղուկասյանը ՍԴ էին մտել` չափազանց թույլ փաստական բազայով, իրավական տեսանկյունից ոչ այնքան գրագետ պնդումներով, իսկ քաղաքական տեսանկյունից` տակտիկապես սխալ շեշտադրումներով: Որպեսզի արժանահավատ դարձվեր կայացած ընտրությունների արդյունքները չեղարկելու պնդումը, անհրաժեշտ էր հնարավոր ընտրակեղծարարության, խախտումների փաստեր ներկայացնել 1988 ընտրատեղամասերի կեսի կամ գոնե այն ընտրատարածքների վերաբերյալ, որտեղ հաղթող էր ճանաչվել Սերժ Սարգսյանը: Ի վերջո, պարզ էր, որ այս ՍԴ-ն մի քանի տասնյակ տեղամասերի վերաբերյալ կցկտուր տեղեկությունների հիման վրա նման որոշում երբեք չէր կայացնի: Բացի դրանից` եթե ընտրությունների արդյունքները չեղյալ են համարվում, ապա առնվազն զարմանալի է, թե հետո ինչի հիման վրա էին արվելու հավաստիացումները Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրված նախագահ լինելու մասին: Տրամաբանությունը հուշում է, որ եթե նա այս ընտրություններում հաղթել է, ապա հաղթել է հենց քվեարկության շնորհիվ: Հետևաբար` միակ խնդիրը պետք է դառնար ապացուցելը, որ Սերժ Սարգսյանը չի ստացել այնքան ձայն, որքան հայտարարվում է: Այսինքն` վիճարկել ոչ թե կայացած ընտրությունները, այդ դրանում Սերժ Սարգսյանի հաղթանակը, փորձել հասնել գոնե ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը: Ավելի հեշտ էր հասնել առաջին փուլով ընտրություններն ավարտելու համար հիմք հանդիսացած 58-ից 8 տոկոս ձայներն առոչինչ ճանաչելուն, քան ամբողջ քվեարկության վերանայմանը:
Պատահական չէ, որ «իշխանության փաստաբանները» քննության ընթացքում անընդհատ կառչում էին հայցվոր կողմի տրամաբանական այս, մեղմ ասած, անհարթություններից, իսկ ՍԴ-ն որոշում կայացնելիս` մասսայական ընտրախախտումների մասին փաստերի բացակայության իրողությունից: Մինչդեռ փետրվարի 18-ից մինչև ՍԴ-ի այս որոշման ընդունումը և անգամ դրանից հետո Հովհաննիսյանի թիմը չի հստակեցրել` ի վերջո, պահանջում է նոր ընտրությո՞ւն, Սերժ Սարգսյանի հրաժարակա՞նը, թե՞ ընտրությունների երկրորդ փուլ: «Իշխանությունը հանձնելու» եզրույթը, որն անընդհատ կրկնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, հավասարապես ընկալելի է բոլոր երեքի պարագայում: Թվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ էր մտել ոչ թե արդյունքի հասնելու, այլ ընդամենը իր պայքարում օրինական այդ ճանապարհից ևս հընթացս օգտվելու համար` «փորձը փորձանք չէ» սկզբունքով, թերևս, որպեսզի հետագայում թույլ չտան իշխանությանը և ընդդիմախոսներին անընդհատ շահարկելու, թե սեփական հաղթանակի մեջ վստահ լինելու պարագայում ինչո՞ւ չդիմեցին ՍԴ: Այսինքն` դա մի իրավիճակ էր, երբ թե' դիմելը և թե' չդիմելը, նույն արդյունքն ունենալով, խանգարելու էին հենց ընդդիմությանը:
Բոլոր դեպքերում նրանք հետընտրական զարգացումները դրեցին մի նոր, շատ ավելի անորոշ հունի մեջ: Հիմա հարց է առաջանալու` որքանո՞վ է այս շարժումը, զուտ իրավական ընկալման իմաստով, սահմանադրական, այն դեպքում, երբ դրա համար միակ իրավազոր մարմինը Սերժ Սարգսյանի ընտրվելու մասին ԿԸՀ որոշումը թողնում է ուժի մեջ: Սա ծուղակի նման մի բան է, որովհետև այս որոշումը գործիք կարող է դառնալ իշխանության ձեռքին ընդդիմության պահանջները հակասահմանադրական ճանաչելու համար: Թեև մեծ բան իրականում դրանից կախված չէ և չի եղել ի սկզբանե` ՍԴ-ի հեղնակազրկվածության և կոնյունկտուրացվածության պատճառով: Պրոցեսն այլևս միայն քաղաքական է և պահանջում է թե' գործիքակազմի, թե' տակտիկայի ամբողջական համապատասխանեցում այդ նոր իրողությանը: Հարցն այն է` արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ակցիան թույլ կտա սթափ գնահատել ստեղծված իրավիճակը և համարժեք լուծումներ գտնել:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ