կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-12-02 23:05
Առանց Կատեգորիա

Ընդդիմության «արջամկան օրը»

Ընդդիմության «արջամկան օրը»

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները հայտարարում են առաջին ընդդիմադիր միավորումը ստեղծելու շուրջ սկզբունքային պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին: Կլինի՞ այն նախընտրական դաշինք, թե՞ կոնսոլիդացումը ֆորմալ առումով տեղի կունենա մեկ կուսակցության ցուցակի ձևավորման շուրջ, պարզ կդառնա 10 օրից, երբ այդ ուժերը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

Ընդդիմադիր դաշտում նման խոշորացումներն անխուսափելի են: Մասնատված, քայքայված և հանրային վստահության ռեսուրսից զրկված խաղացողներով հնարավոր չէ անգամ չնչին մրցակցություն պարտադրել իշխանությանը և այլընտրանքային օրակարգ ձևավորել: Մինչդեռ առաջիկա 5 տարիներին նման որևէ այլ հնարավորություն գուցե չլինի, քանի որ 2018թ. նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո նախագահական ուղղակի ընտրություններ այլևս չեն լինելու: Այսինքն, կամ քաղաքական ուժերը մտնում են ընտրապայքարի մեջ, կամ խաղից դուրս են մնում՝ առնվազն 5 տարի լուսանցքում հայտնվելու իրական հեռանկարով: Հետևաբար՝ պետք է ենթադրել, որ նման միավորումներ առաջիկայում էլի կստեղծվեն:

Զուտ վերադասավորումների ձևի իմաստով սա առողջ պրոցես է: Խնդիրն այն է, սակայն, որ միայն ձևը, առանց բովանդակության, քաղաքականության մեջ որևէ եղանակ չի ստեղծում կամ ունենում է կարճաժամկետ էֆեկտ: Թե ինչի է տանում միայն ձևով առաջնորդվելը, պարզ երևում է ԱԺ ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ խմբակցությունների ներկայիս վիճակից:

Հարցն այստեղ պարզապես նման գործընթացների համար անհրաժեշտ գաղափարական, աշխարհայացքային ընդհանրությունների բացակայությունը չէ: Աշխարհն այս առումով գտնվում է գլոբալ փոփոխությունների դարաշրջանում և այսպես կոչված դասական սոցիալիզմի, լիբերալիզմի, տարբեր «իզմների» դասակարգումները դադարում են արդիական լինել: Դրանք տրանսֆորմացվում են, որն այս կամ այն կերպ արտահայտվում է բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում և նրա քաղաքական համակարգում: Հարցն առհասարակ ընդդիմադիր ուժերի ռազմավարական պլանավորման բացակայությունն է, իրավիճակային լուծումներով առաջնորդվելը:

Օրինակ՝ հարց է առաջանում՝ եթե «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կարող էին դաշինք ձևավորելու շուրջ համաձայնության գալ, ինչո՞ւ դրան չէին գնում շատ ավելի վաղ: Օրինակ՝ երկու-երեք ամիս առաջ անցկացված ՏԻՄ ընտրություններից առաջ, որը նախ ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորություն կտար, և ապա հնարավոր է մասնավորապես Վանաձորի և Գյումրու պարագայում ընտրությունների լրիվ այլ պատկեր արձանագրեր: Փոխարենը ՔՊ-ն ու ԼՀ-ն այնպիսի դաժան ընտրապայքարի մեջ էին մտել և այպիսի մեղադրանքներ էին միմյանց հասցեին հնչեցնում, որ պետք է բացառեին նման միավորման ստեղծումը:  Այնքան էլ հասկանալի չէ ընդդիմադիր դաշտում համագործակցել մի ուժի հետ, որին ընդամենը մեկ-երկու ամիս առաջ մեղադրում էիր իշխանության պրոյեկտը լինելու մեջ: Ի՞նչպես են նրանք հիմա ընտրողներին բացատրելու այս հակասական վարքագիծը: Նույնը վերաբերում է նաև նրանց արտաքին քաղաքական կոմղնորոշումներին: Եթե հիմա հայտարարում ես, որ այդ տարբերությունները քեզ համար երկրորդական են, ապա ակամա խոստովանում ես, որ քո առջև դրել ես ընդամենը խորհրդարան անցնելու կարճաժամկետ նպատակ՝ «դրանից հետո թեկուզ ջրհեղեղ» կոնցեպտով:

Չի կարելի բացառել, որ այս միավորումը կընդլայնվի և եռյակին նոր ուժեր կմիանան՝ մասնավորապես ի հաշիվ հատուկ ընտրություններին մասնակցելու նպատակով գործնականում հենց ընտրություններից առաջ ստեղծված «ԳԱԼԱ» և որոշակիորեն աջակողմյան որոշ ուժերի: Քաղաքական մրցակցության և հանրության իսկապես ընտրելու դաշտը մեծացնելու առումով սա, ինչ, խոսք, լավ է: Բայց որքան են նման միավորումները կենսունակ: Ենթադրենք այս կամ նույն սկզբունքով ընտրություններից «հինգ պակաս» ձևավորված դաշինքներից որևէ մեկը կարողացավ ընտրություններին հաղթել և մեծամասնություն ձևավորել: Ինչ են անելու, երբ, օրինակ, ԵՏՄ-ին, ՀԱՊԿ-ին վերաբերող որևէ համաձայնագրի, ԼՂ հիմնահարցին վերաբերող որևէ որոշման կայացման խնդիր առաջանա: Հանդես են գալու հակասական դիրքերի՞ց, այդ դեպքում կոալիցիոն իշխանության մասին կարելի է մոռանալ: Իսկ ընտրություններից հետո ներքին պառակտումները, փլուզումները բերելու են նրան, որ այդ միավումների հաշվին ձևավորված մեծամասնությունը ակամա վերածվելու է փոքրամասնության: Ստիպված կամ իշխանությունն են հանձնելու, կամ նոր ընտրություններն են դարձնելու անխուսափելի: Այսինքն, որքան արհեստականորեն են ձևավորվում քաղաքական դաշինքները, այնքան մեծանում է ընտրություններից հետո քաղաքական անկայունության առաջացման հեռանկարը: Իսկ գուցե այդ միավորումներն ստեղծվում են ոչ թե ընտրություններում հաղթելու և իշխանությունը վերցնելու, այլ ընդամենը ԱԺ անցնելու նվազագույն շեմը հաղթահարելու՞ համար: Կարո՞ղ է արդյոք որևէ դաշինք ազնվորեն ընտրողին խոստովանել դա:

Ընդդիմադիր դաշտը դուրս չի գալիս իրենց սպառած հռետորիկայի, քաղաքական պահանջների շրջանակից: Ընդդիմությունը չունի հանրային կյանքի փոփոխման այլընտրանքային այնպիսի ուղենիշեր, կոնցեպտուալ մոտեցումներ, որոնք կարող էին գոնե քննարկելի լինել հասարակության համար, որոնք վերջինս կարող էր համեմատել իշխանության ներկայիս ձեռնարկումների ու խոստումների հետ և որոշել՝ ո՞րն է ավելի իրատեսական: Ընդիմադիր դաշտը բացարձակ ինքնահոսի մեջ է՝ սպառելով թանկ ժամանակը: Հայաստանում արդեն վաղուց քաղաքական օրակարգ ձևավորում է բացառապես իշխանությունը, քաղաքական գործընթացները զարգանում են իշխանության սցենարով: Ի տարբերություն ընդդիմադիր ուժերի՝ նրանք գիտեն ինչ են անում և ինչպես: Կարելի է ՀՀԿ-ին քննադատել Կարեն Կարապետյանի կերպարը նախընտրական նպատակներով օգտագործելու մեջ,  Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ-ում նախաձեռնած ներքին մարտավարական վերադասավորումների ներքո տեսնել ապագա իշխանության կառուցվածքը նախանշելու նպատակ: Բայց այդ բոլորը վկայում են մի բան, որը չկա ընդդիմության պարագայում. շարժումը, հոսքը, նախաձեռնողականությունը:  

ՀՅԴ-ն, իր հերթին, կայացրել է ընտրություններին առանձին մասնակցելու որոշում:  Մի կողմից ՀՀԿ-ի նման գերակտիվության, մյուս կողմից ընդդիմադիր դաշտում սկսվող միավորման գործընթացների ֆոնին սա մեծ ռիսկ է: Բայց կուսակցությունը գնում է դրան՝ առանց արհեստական գործընթացների մեջ ընկնելու, հենվելով իր այն քաղաքական կապիտալի վրա, որ ներկայիս զարգացումների տրամաբանությունը բխում է հենց իր հայեցակարգային մոտեցումներից և գնում է ընտրությունների՝ ստանալու հանրության վստահության մանդատը՝  այդ պրոցեսների շարունակականությունն ապահովելու համար: Կարող ես հավատալ դրանց, կարող ես չհավատալ: Բայց հնարավոր չէ չտեսնել պոպուլիզմից դուրս քաղաքական տրամաբանությունը:

Իսկ ընդդիմության անդադար կրկնվող և որևէ փոփոխության չենթարկվող վարքագիծն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ այստեղ միշտ «արջամկան օրն» է: Եվ այդ դեժավյուն կարծես թե վերջ չունի:

Գևորգ Դարբինյան