կարևոր
4225 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-21 09:39
Հասարակություն

Առանց միջոցառման ու զորահանդեսի. Հայաստանը գլխիկոր է նշում Անկախության օրը. «Ժողովուրդ»

Առանց միջոցառման ու զորահանդեսի. Հայաստանը գլխիկոր է նշում Անկախության օրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առանց պետական նշանակության որևէ միջոցառման ու զորահանդեսի. այսպես գլխիկոր է Հայաստանի երրորդ Հանրապետությունը բոլորում 31-ամյակը:

Երեք տասնամյակների մեջ սա թերևս առաջին դեպքն ու տարին է, որ այդքան թանկ գնով ձեռք բերված անկախությունը Հայաստանը պարզապես չի տոնում: Կառավարությունից դեռ օրեր առաջ էին հաստատել, որ «հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի պատճառով` հետաձգվել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը։ Խոսքը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության մասին է, որն ասես ոչ թե անկախությունն արժևորող միջոցառման, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի բենեֆիսի նմանվող երեկույթ լինի: «Այլ միջոցառումներ ևս նախատեսված չեն»,- ասում են գործադրից:

Ազգային ժողովի նախագահությունը գործադրի գործընկերներին է հետևել ու նույնպես ոչինչ չի նախաձեռնել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

«ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար: ՀՀ ինքնիշխանությունը, ընդհանրապես անկախությունը, քննարկման ենթակա լինել չեն կարող»,- օրերս խորհրդարանում նման բարձրագոչ հայտարարությամբ հանդես եկող Փաշինյանի իշխանության օրոք, փաստորեն, անտեսվում է Անկախության տոնը, որ ձեռք է բերվել ավելի քան յոթդարյա պետականություն չունենալուց հետո: և որևէ կերպ չնշելը, թեկուզ փոքրիկ շքերթի կամ այլ ձևաչափով, պարզապես խայտառակություն է, ինչին, ցավոք, հայ հասարակությունը համակերպվում ու հանդուրժում է:

Անկախ ամեն ինչից, Հայաստանը, այո, արյան, զրկանքների ու թանկ գնով ձեռք բերված Անկախություն պետք է ունանա ու դարեր շարունակ տոնի այն, հետևաբար՝ շնորհավո՛ր տոնդ, անկա՛խ Հայաստան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում