Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված դրամատիկ իրադարձությունները, որոնց հետևեցին մարդկային ու նյութական կորուստներ` երկու կողմից էլ, Անդրկովկասը վերածել են թեժ կետի. ըստ yerkir.am-ի` գրում է geworld.ge կայքը` ներկայացնելով այդ թեմայով հարցազրույց Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Գիվի Իուկուրիձեի հետ, որը պարզաբանում է, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի ու Ադրբեջանի դիմակայությունը Վրաստանի ու տարածաշրջանի համար:
«Շատ բարդ թեմա է, որը լուրջ իմաստավորում ու խորը վերլուծություն է պահանջում ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական առումով: Այս օրերին ես շատ գնահատականներ եմ լսել, այդ թվում` իշխանությանը մոտ կանգնած ազդեցիկ փորձագետներից: Բայց այդ բոլոր գնահատականները հեռու են իրականությունից: Նաև անհեթեթ հայտարարություններ էին արվում, թե Վրաստանը, հայ-ադրբեջանական դիմակայության ֆոնին, կարող է ավելի մեծ աշխարհաքաղաքական ծանրաբեռնվածություն ունենալ»,- նշել է գեներալը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կփոխի այդ դիմակայությունը, եթե լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերածվի, Իուկուրիձեն ընդգծել է, որ Հարավային Կովկասը, կախված աշխարհագրական և ոչ միայն աշխարհագրական առանձնահատկությունից, տարածք է, որի ցանկացած անկյունում եթե ռազմական հակամարտություն սկսվի, ոչ ոքի չի հաջողվի հեռու մնալ դրանից. նախ` որովհետև մշտապես բոլոր համատեքստերում դիտարկվել է որպես մի ընդհանրություն, երկրորդ տարածաշրջանի ոչ մի երկիր չունի այնքան քաղաքական ու, առավել ևս, տնտեսական անկախություն, որ որոշակի ժամանակահատվածում հնարավորություն ունենա մեկուսացած մնալ հարևաններից:
«Վրաստանի պարագայում մի քանի լուրջ սպառնալիքներ կան, որոնք բացառում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լայնամասշտաբ դիմակայությունը մեզ չի առնչվի: Առաջինը և ամենագլխավորը` հայտնի է, որ Վրաստանում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական` բավականին մեծաթիվ սփյուռք կա, որոնց հարաբերություններն այնքան էլ լավ չեն, և դա միշտ երևացել է: Չի բացառվում, և կարծում եմ` դժվար չէ ենթադրել, որ այդ սփյուռքները զանգածաբար կմիանան հակամարտությանը, եթե իրադրությունն ավելի սրվի, նաև կներգրավվեն ռազմական գործողություններում, ինչպես եղավ 1991-1994 թվականներին` Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Էլ չխոսենք խնդիրների մասին, որոնք հետագայում կարող են ծագել` Վրաստան այդ մարդկանց վերադարձից հետո… Բայց դա այլ հարց է: Հիմա երկրորդ խնդիրը` կարծում եմ` իրական սպառնալիք է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են Վրաստանի տարածքն օգտագործել ռազմական գործողություններում իրենց մարտավարական և օպերատիվ նպատակների իրականացման համար»,- նշել է Իուկուրիձեն` հիշեցնելով, որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին էլ նման փորձեր եղել են, որոնք լուրջ խնդիրներ են ստեղծել Վրաստանի համար:
Ըստ նրա` խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է իրադարձությունների ճիշտ ու խորը վերլուծություն, որի վրա պետք է կառուցվի պետության ռազմավարությունը: «Սակայն այլ պահ կա, որը շատ կարևոր է. երբ ասում ենք, որ չենք կարող մի կողմ քաշվել և երկու երկրների դիմակայությունը մեզ էլ կառնչվի, չպետք է մոռանալ, որ այդ երկու երկրների հետևում կանգնած են ուժեղ պետություններ` Ռուսաստանը և Թուրքիան, որոնք դիմակայության ընդլայնման ու իրավիճակի սրման դեպքում կանեն ամեն ինչ, որպեսզի օգնեն իրենց դաշնակիցներին: Այ հենց այստեղ էլ ի հայտ է գալիս սպառնալիքը, որ Թուրքիան, առանց որևէ թույլտվության ու պայմանավորվածության, կարող է օգտագործել մեր տարածքը որպես ռազմական բազա և պլացդարմ, որպեսզի օգնի եղբայրական Ադրբեջանին: Ի դեպ, վերջին շրջանում Անկարան իրեն այդպես էլ պահում է և անտեսում է միջազգային նորմերը, և նրա կողմից Վրաստանի սահմանը ռազմական նպատակներով հատելն ինձ չի զարմացնի: Ռուսաստանն էլ, որ չունի ուղիղ սահմաններ Հայաստանի հետ, կարող է այստեղ միջանցք բացել և այդպես օգնություն ցուցաբերել դաշնակից երկրին»,- իր մտահոգությունն է հայտնել գեներալը:
Ըստ Իուկուրիձեի` մի կարևոր բան էլ կա, որը հայ-ադրբեջանական դիմակայությանը տալիս է ավելի լայնամասշտաբ բնույթ: «Նկատի ունեմ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը Մեծամորի ատոմակայանի վրա հարձակման հնարավորության մասին: Աստված մի արասցե, որ դա տեղի ունենա, քանի որ Չեռնոբիլը շատ ավելի թեթև բան կթվա Անդրկովկասի, այդ թվում` մեզ համար»,- նշել է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետը: