կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-30 14:19
Առանց Կատեգորիա

Հայերը լռեցին` գառները ողջ մնացին, գայլերը` կուշտ

Հայերը լռեցին` գառները ողջ մնացին, գայլերը` կուշտ

Գյումրեցիների եւ, առհասարակ հայ, այսպես կոչված` քաղաքացիական հոսանքի ակտիվ պահանջները` հանձնել Գյումրիի սպանդի մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին ՀՀ-ի իրավասությանը, դադարեցվեցին: Պարզ է, որ նա կամ նրանք, ովքեր որոշել էին, որ Պերմյակովին ոչ մի պարագայում չեն հանձնելու, գիտեին, որ շուտով նման պահանջ այլեւս չի բարձրացվելու դրա` այլեւս ոչ արդիական լինելու պատճառով: Այսինքն` պետք էր դիմանալ. կաղմկեին, անգամ` հնարավոր է տուժողներ լինեին, մի երկու շիշ կնետեին ռուսական ռազմաբազայի, ավելի շատ` Շիրակի մարզի դատախազության շենքերի ուղղությամբ եւ կցրվեին տներով: Այսինքն` այն, ինչը երեկ պետականության, անկախության պահապան խորհուրդն ուներ, այսօր կմոռացվի, որպեսզի պետականությունը չվտանգվի, դե` ռուսը չբարկանա, չնեղանա, չհեռանա, եւ մենք մենակ չմնանք թուրքական շրջափակման մեջ, այն էլ` Ցեղասպանության 100-րդ տարում:

 

Մի խոսքով` Պերմյակովին ոչ ոք չի պատրաստվում հանձնել Հայաստանի իրավասությանը, ավելին` այլեւս ոչ ոք այդ պահանջը ակտիվ չի բարձրացում, համենայն դեպս` այնպես, որ ռուսական ռազմաբազայում մարդիկ շունչները պահած հետ ու առաջ քայլեն` աղոթելով, որ պահանջատեր գյումրեցիները չմտնեն բազա:

 

Ինչպես հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդեւը, այսուհետ Պերմյակովի գործը գտնվում է նախագահ Պուտինի անմիջական վերահսկողության տակ: Օրինակ` Ռուսաստան-Արեւմուտք տնտեսական պատերազմը, Եվրասիական միության լուսավոր ապագան, ռուս օլիգարխների փողերն եւ դրանց արտասահմանյան շրջանառությունը, Ալինա Կաբաեւայի հետծննդյան առողջությունը, ձյուդոյի հեռանկարները, միջուկային զենքի տարածումը, սիրիական ճգնաժամը, Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները եւս գտնվում են նախագահ Պուտինի անմիջական եւ ամենօրյա վերահսկողության տակ: Սա նշում ենք, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ կարեւոր է Պերմյակովի գործը, գոնե` ՌԴ նախագահի համար:

 

Բայց «Հիշում ենք եւ պահանջում ենք» նշանաբանով անցնող այս տարում մենք բոլորովին այլ բան ենք հիշում եւ բոլորովին ուրիշից ենք պահանջում: Հիշում ենք, որ Գյումրու սպանդի հաջորդ օրն իսկ նախագահ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց եւ հայտարարեց, որ գործը գտնվելու է իր անմիջական վերահսկողության տակ: Եվ պահանջում ենք, որ գտնվի…

 

Համենայն դեպս, նախագահ Պուտինն անհամեմատ ավելի մեծ թվով ամենօրյա հարցեր ունի` անմիջական վերահսկողության տակ պահելու համար, եւ եթե այս մի հարցում նախագահ Սարգսյանը նրան օգնի, ապա դա միանշանակ կտեղավորվի հայ-ռուսական ջերմ ռազմավարական հարաբերությունների տիրույթում, փոխգործակցության, փոխօգնության վառ ապացույց կլինի: Ի վերջո, եթե որեւէ տարբերություն չկա, թե ում իրավասության տակ է Պերմյակովը, ապա ինչո՞ւ Ռուսաստանը նրան չի հանձնում, բա նախագահ Պուտինն այդքան ժամանակ ունի՞` նման մանր հարցերն իր ամբողջական վերահսկողության տակ պահելու համար: Բա էլ ո՞ր օրվա եղբայրն ենք…

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ