կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-01 14:45
Քաղաքական

Չգրգռել ՀՀԿ-ականներին, Գալուստ Սահակյանին էլ` ''չպեղել''

Չգրգռել ՀՀԿ-ականներին, Գալուստ Սահակյանին էլ` ''չպեղել''

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ԱԺ ավանդական ճեպազրույցում վստահեցրեց, որ ՀՀԿ Խորհրդի եւ ԳՄ երեկվա նիստերում չեն քննարկվել ո'չ Շիրակի մարզպետի թափուր մնացած պաշտոնի հարցը, ո'չ Վանաձորի քաղաքապետի եւ ո'չ էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի վարքը:

 

«Մեր խորհրդի կամ ԳՄ նիստերը դետեկտիվներ չեն, որ թաքուն բան ենք պահում, դուք էլ պեղեք, գտնեք: Նման հարցեր չենք քննարկել: Բազմաթիվ ըմբոստ խոսակցություններ, անհեթեթ մեղադրանքներ, եւ երբեմն որքան էլ փորձում ենք զսպված հանդես գալ, գրգռում են մեր այս կամ այն գործչին կամ պատգամավորին: Այնպես որ` չի կարելի անհեթեթ իրավիճակների ստեղծման մոդելները տեղափոխել կուսակցությունների բարձրագույն մարմիններ` քննարկելու համար»,- հայտարարեց Սահակյանը:

 

Նա նշեց, որ, որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար, խմբակցության նիստ է հրավիրել եւ «փոխադարձ կրքերը չբորբոքելու համար» պատգամավորներին կոչ է արել առավել զուսպ լինել:

 

Անդրադառնալով ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների մասնակցությամբ ԱԺ նախագահի մոտ ընթացող բանակցություններին,` ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտնեց, որ անհեթեթ իրավիճակ է ստեղծվել, երբ, դեռ բանակցությունները չավարտված, տեղեկատվություն է դուրս գալիս:

 

Սահակյանը հայտարարեց, որ քննարկումները շարունակվում են, ձեւաչափը որոշված չէ: Վերջում նա հորդորեց «չպեղել իրեն», միեւնույն է` բանակցությունների ընթացքից ոչինչ չի ասի:

 

«Մարդիկ հուզված են, միտինգներ են անում, թող իրենց միտինգները անեն, ժողովրդավարական դաշտ ստեղծվի, իշխանություններն էլ իրենց գործն անեն»,- հայտարարեց Սահակյանը: