Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-01-01 14:10
Հասարակություն

Ձմեռ պապի նամակը` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին

Ձմեռ պապի նամակը` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին

Ձմեռ պապը շնորհավորական նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Այդ մասին տեղեկացնում է Լապլանդիայի Սպիտակ Սառցե տնակը: Նամակում, մասնավորապես, նշվում է.

 

«Բարև հարգարժա’ն Գալուստ Գրիգորիչ ջան Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հուսով եմ, որ գոնե Դուք ձեզ բնորոշ հումորով վերաբերվեցիք վերջին ամսվա ընթացքում արձանագրված գնաճին, քանի որ ինչպես ինքներդ էիք մի անգամ խոստովանել` որ աշխատավարձ էլ չստանաք, սոցիալապես անապահով չեք դառնա: Այո, կարևորը հավատն է սեփական ուժերի ու հնարավորությունների նկատմամբ:

 

Թույլ տվեք ուշացումով շնորհավորել ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Հասկանում եք երևի՝ ավելի վաղ շնորհավորելու առիթ չեմ ունեցել՝ ոչ միայն էն պատճառով, որ դրա հնարավորությունը չունեի, այլ նաև՝ որ աչքերիս ու ականջներիս չէի հավատում ու նոր եմ միայն ուշքի եկել այդ լուրը ստանալուց ի վեր:

 

Պատկերացնում եմ, թե որքան եք երախտապարտ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին իր հրաժարականով Ձեր առջև դեպի ԱԺ նախագահի աթոռ տանող ճանապարհը բացելու համար: Բոլոր դեպքերում Ձեզ հաջողություններ եմ մաղթում, ու քանի որ գիտեմ, որ տարիք հարգող մարդ եք, ուզում եմ մեծավարի մի դիտողություն անել` փոքրամասնությունը ներկայացնող էդ խեղճ պատգամավորների խոսափողն ինչի՞ եք էդքան անջատում, «խասյաթ» է դարձե՞լ արդեն:

 

Հասկացանք, որ որոշել եք` մինչև Ղարաբաղի հարցը չլուծեք, չհեռանաք իշխանությունից, (ես էլ ասում եմ` էդ հարցը ինչու էսքան ժամանակ չի լուծվում): Բայց մեղք չե՞ն էդ մարդիկ, էդ խոսափողի հնարավորոթյունն է մնացել, էդ էլ եք ձեռքներից առնում:

 

Հա, ի դեպ, էդ մարդկանց հետ կապված մի հարց, որն արդեն համարյա մի տարի է` ինձ հանգիստ չի տալիս: Խնդրում եմ մարդավարի բացատրեք, վերջապես հասկանամ՝ էդ «աղերսվող որակ»-ը ո՞րն է, ո՞ւմ բացատրական բառարանից կարող եմ գտնել էդ բառակապակցության բացատրությունը:

 

Ձմեռ տատը ինչ պատգամավորներին էդ որակումը տալու կադրերը տեսել է, ինձ օրուարև չի տալիս, անընդհատ ասում է՝ տեսա՞ր էդ ինչ պաթոսով էր էդ բառակապակցությունը Գալուստ Գրիգորիչն ասում, ինչի՞ էդպիսի փողաքշական բառեր մեկ-մեկ ինձ էլ չես ասում: Դե, արի ու բացատրի, որ դա հեչ էլ փաղաքշական արտահայտություն չի: Բայց եթե դժվարանում եք, առաջարկում եմ Ձեզ կից լեզվաբանական փորձաքննության կենտրոն ստեղծել, որին թե’ ես ու թե’ իմ նման չհասկացողները կարող են դիմել՝ Ձեր խորիմաստ ու մեր ուղեղների, մեր ընկալման համար այդքան բարդ արտահայտությունների ու մտքերի հայեցի բացատրությունները ստանալու համար:

 

Հա, ի դեպ, օգնականներս՝ թզուկները, մեծ ոգևորություն են ապրել կոռուպցիայի մասին վերջերս Ձեր բացատրությունները լսելուց հետո: Հիմա նրանք օրը ցերեկով Հայաստանի երեխաներից կաշառք են ուզում՝ նրանց նամակները կեղծելու և թանկ նվերներ ուղարկելու համար: Ինձ էլ համոզում են, թե` բա չե՞ս լսել, Գալուստ Գրիգորիչը բացատրել է, որ կաշառքը կոռուպցիա չի:

 

Անկեղծ ասած, ես էլ եմ արդեն սկսել կասկածել: Երկու ամիս առաջ «Գրեկո» կազմակերպությանը գրություն եմ ուղարկել՝ էդ հարցում որոշակիություն մտցնելու համար: Դեռ գլուխ են ջարդում իմաստը հասկանալու վրա: Ինչևէ, վերջում Ձեզ մի խնդրանք ունեմ: Խոստանում եմ մաղարիչ անել, եթե կանխագուշակեք՝ եկող տարի ինչ է լինելու հայկական դրամի հետ: Հարցնում եմ, որ կողմնորոշվեմ՝ հաջորդ Նոր տարվա նվերները էս գլխից առնե՞մ, որ հետո վրաս թանկ չնստի, թե՞ սպասեմ:

 

Հայաստանի Կենտրոնական բանկից ու Ջավադյանից արդեն հույս չունեմ, տնաշենններն ինչ ասում են, հակառակն է լինում: Հույսս Դուք եք ու գուշակելու` Ձեր արտակարգ ընդունակությունը, որը ՀՀԿ-ին մեկ ընտրության ժամանակ չէ, որ օգնել է: Ճիշտ է՝ ԵՄ ասոցացման պայմանագիրը ստորագրելու համոզվածությունը հայտնելիս մի փոքր, շատ չնչին սխալվեցիք, բայց, դե, մարդս անսխալական հո չի՞: Հավատացնում եմ՝ Ձեր ընդունակության նկատմամբ իմ հավատը էդ փոքրիկ վրիպումը չի սասանել:

 

Ուստի սրտատրոփ սպասում եմ Ձեր պատասխանին:

 

Ձմեռ պապ