Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավարտին մոտեցավ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանը: Նախագահի թեկնածուներն այս կամ այն կերպ անցկացրեցին իրենց նախընտրական քարոզչությունը` մեկը` լավ, մյուսը, իր կարծիքով, լավ եւ այլն:
Արժե վերհիշել, թե այս քաոզարշավի ընթացքում որ թեկնածուն ինչով աչքի ընկավ:
Սերժ Սարգսյանն, օրինակ, իր համար բացահայտեց նոր «Չեբուրաշկաներ», աչքի ընկավ «եկել ես մեր տոնը փչացնես, որ ի՞նչ անես…» ձեւակերպմամբ, որն արդեն թեւավոր խոսք է դարձել, ինչպես նաեւ մեկ անգամ եւս ցույց տվեց, որ կա’մ այս երկրի վիճակին ծանոթ չէ ու իրականությունն իր համար այլ է, կա’մ ամեն ինչ էլ լավ գիտի, բայց անում է` ինչ ուզում է` նույնիսկ կարող է «100-ից 90, 80 կամ 60 խփել»:
Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչությունն աչքի ընկավ նրանով, որ վարսավիրանոց մտնելն ու սափրվելը դարձան «քաղաքական կատեգորիաներ», նաեւ այս թեկնածուն փորձեց ապացուցել բոլորին, որ կարելի է մրցակիցների նախընտրական շտաբներում եւս քարոզչություն իրականացնել: Եթե 90-ականներին նա այդպիսի բան աներ, սեփական մաշկի վրա կտեսներ «հակառակորդի առաջնային գիծ» մուտք գործելու` այդ հանդուգն փորձի հետեւանքները: Բարեբախտաբար, այս անգամ նրա հրահրած այդ «հակամարտությունը» խաղաղ կարգավորում գտավ: Բացի այդ` Րաֆֆի Հովհաննիսյանը նոր ռեկորդ սահմանեց մեկ օրվա ընթացքում մարդկանց ձեռքով բարեւելու թվով, բայց նրա քարոզարշավի կարեւոր դրվագներից էր մուրացկանների հետ գրկախառնվելն ու նրանց հացն ուտելը:
Հրանտ Բագրատյանի քարոզչությունը ոչ մի արտառոց դեպքով էլ աչքի չընկավ, եթե հաշվի չառնենք, որ թեկնածուն որոշել էր, որ հայ հասարակությունը մոռացել է «որձ կովերի», «ախոռում կապվող ոչխարների» եւ այլ շատ ու շատ հետաքրքիր արտահայտություններ: Եվ մի բան էլ` նրա շտաբների վրա հարձակումներ եղան:
Պարույր Հայրիկյանի քարոզչությունը բաժանվեց երկու հատվածի` աննշմար ու անհետաքրքիր` մինչեւ նրա վրա կրակելը, եւ ինտրիգային ու անակնկալ` կրակելուց հետո: Իր դեմ կատարված մահափորձից հետո Հայրիկյանի ռեյտինգն այս ընտրությունների ընթացքում աննախադեպ բարձրացավ, բայց մինչեւ թեկնածուի` վերակենդանացման բաժնից դուրս գրվելը, ասել է թե` խոսելը: Երբ Հայրիկյանը սկսեց խոսել, մարդիկ իրենց համար հայտնաբերեցին նոր Հայրիկյան, ով կարող է մեկ շաբաթվա ընթացքում երեք` իրար հակասող որոշումներ կայացնել, իրար հակասող մի քանի միտք արտահայտել, փնովել հարեւանին` հետո ասել, թե կատակ է արել, խոսել ռուսներից, հետո նշել, թե դա հիշողություն թարմացնելու համար էր… Մի խոսքով` եթե միջադեպից հետո Հայրիկյանը չխոսեր, անհամեմատ ավելի մեծ ռեյտինգ կունենար:
Անդրիաս Ղուկասյանի քարոզարշավն, ըստ էության, կարելի է նորամուծություն համարել քաղտեխնոլոգիայի տեսության մեջ, քանի որ նրանից առաջ աշխարհի ոչ մի նախագահի թեկնածու քարոզարշավը հացադուլի մեջ չէր անցկացրել: Ինչեւիցե, նույնիսկ նրա շտաբի համակարգողն է խոստովանում, որ նրա այս ակցիան սպասվածից շատ ավելի մեծ արդյունքներ է տվել, եւ Ղուկասյանն արդեն ամրագրեց իր տեղը քաղաքականության ասպարեզում: Բայց նրա նախընտրական գործունեությունն էլ ամրագրեց, որ մի քիչ ապաշնորհ թիմ ունի, որտեղ դեռեւս իրարից չեն տարբերում մարտավարությունն ու ռազմավարությունը:
Արման Մելիքյանն այս էլ երկրորդ անգամ ռեկորդ սահմանեց նախագահական ընտրություններում վստահված անձանց, շտաբների եւ քարոզչական միջոցների հաշվարկով: Դրանք, հավանաբար, աշխարհում ամենաքիչն են եղել, եթե, իհարկե, չի եղել դեպք, որ նախագահի որեւէ թեկնածու որեւէ երկրում բոլորովին միայնակ քարոզարշավ իրականացնի: Մնացած առումներով` այս թեկնածուն բոլորովին այլ խնդիրներ էր լուծում, նախագահի թեկնածուին օժտված լիազորությունների ու արտոնությունների միջոցով, ինչն ինքն անձամբ էլ չէր թաքցնում:
Քաղտեխնոլոգիայի առումով նորամուծություն-քարոզարշավով սկսեց նաեւ որոշակի շրջանակներում որպես էպոսագետ հայտնի` նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը: Էպոսագետը տարավ-բերեց ու որոշեց, թե էպոսից լավ քաղաքական ծրագիր չկա, հետո հիշեցրեց իր մեքենաների հարգի ու գնի մասին, հետո, երբ Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվեցին նրա հետ ինչ-ինչ հարաբերություններ ունեցող մարդիկ, որոշեց հայտարարել, որ իրեն կձերբակալեն` որպես պատվիրատուի, հետո էլ որոշեց, թե պետք է ասուլիս հրավիրել ու այդ մեղքը բարձել Րաֆֆի Հովհաննիսյանի ուսերին: Այս թեկնածուն չի վախենում անլուրջ տպավորություն թողնելուց ու դեռ հավատում էլ է իր հաղթանակին:
Ու այս նոտայով էլ թեկնածուները մոտեցան քարոզարշավի ավարտին` վաղն արդեն լռության օր կլինի, իսկ մյուս օրն առավոտից ընտրական «պրոցեսները» կհասնեն իրենց կուլմինացիային:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ