կարևոր
7345 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-18 17:22
Արցախ

Մամ, որ ճանապարհը բացվի, մի մեծ արկղ եմ վերցնելու, քաղցրավենիք լցնեմ մեջը, որ հետո նորից «բլոկադա» լինի, փոքրիկներին կարողանանք քաղցր տալ

Մամ, հենց որ ճանապարհը բացվի ու մենք կարողանանք Արցախում ապրել, ես մի մեծ արկղ եմ վերցնելու, քաղցր ուտելիքներ լցնեմ մեջը, որ հետո նորից «բլոկադա» լինի, փոքրիկներին կարողանանք քաղցր տալ։ Ստեփանակերտում բնակվող Նախշունի ավագ՝ 14-ամյա որդին է օրեր առաջ  մորն առաջարկել։ Նախշունը չորս որդի ունի, պատմում է՝ անգամ բարդացել է տան պայմաններում սնունդ պատրաստելը, քանի որ գազ չկա, իսկ լույսը ժամեր շարունակ անջատված է մնում՝ վնասում են մալուխները։ «Սնունդ շատ դժվար ենք գտնում, բենզինի ու գազի չլինելու պատճառով մեքենաները մի տեղից մյուս տեղ գնալ չեն կարողանում։ Մեր մեքենան մի քանի ամիս է տեղից չի շարժվել։ Անգամ հիվանդանոց հասնելն է խնդիր»,- պատմում է նա։

Նախշունն ասում է՝ անընդհատ հերթերի մեջ են՝ հացի հերթ, սնունդի հերթ։ Գիշերները, առավոտները չորս-հինգ ժամ հերթ են կանգնում, որ կարողանան հաց գտնել։ «Եղել են օրեր, որ չենք էլ կարողացել գնել։ Երեխանների համար կաթնամթերք գնելը ֆանտաստիկայի ժանրից է՝ դժվար է, կարող է հերթ կանգնենք ու չհասնի։ Շաբաթներով թթվասեր, կաթ, կաթնաշոռ չենք տեսնում՝ չի հասնում, դժվար է նաեւ ձու գտնելը։ Մրգերից ձմերուկ էինք ուտում, բայց արդեն դա էլ է խնդիր դարձել՝ շաբաթներով չենք կարողանում ձեռք բերել։ Ձեթ, շաքարավազ, աղ արդեն երկար ժամանկ չկա։ Հիգիենայի պարագաներն էլ խանութներում վերջացել են։ Չգիտենք որի մասին մտածենք»,-ասում է Նախշունը։

Դեղատները դատարկ են, Նախշունի խոսքով հիմնական դեղերը սպառվել են։ Մայրիկները ֆեյսբուքյան խմբերում են գրում ու մեկը մյուսին օգնում։ Պատմում է՝ վերջերս փոքրիկ որդին՝ պատերազմից հետո լույսաշխարհ եկած երկուամյա Արսենը բարձր ջերմություն է ունեցել, երեխային ոտքով հազիվ են հասցրել հիվանդանոց։ Ճանապարհին շոգի պատճառով փոքրիկը արեւահարվել է  ու բացի այն, որ ջերմում էր, երկու-երեք օր էլ քթից է արյուն եկել։ Նախշունն ու ամուսինն էլ արեւահարվել են ճանապարհին ու մի քանի օր ջերմել։

«Աշխատանքի գնացող մարդիկ ստիպված ոտքով են գնում ու քանի որ խանութներում ոչինչ չկա, ճաշի ժամին չեն կարողանում հետ գալ տուն, մի բան ուտել ու գնալ աշխատանքի։ Ամուսնուս աշխատավայրն էլ բավականին հեռու է ու առավոտյան շատ շուտ արթնանում է, գնում աշխատանքի ու չեմ կարողանում նրա հետ սնունդ դնել, շոգ է, ճանապարհին ուտելիքը փչանում է։ Օր է եղել աշխատավայրում մի փոքր ցամաք հաց են գտել ու կերել մինչեւ ուշ ժամի ոտքով տուն հասնի»,-պատմում է Նախշունը։

Բացառում է, որ կապրեն Ադրբեջանի կազմում ու զարմանում՝ ինչքան ուժեղ են, որ դիմանում են այս դժվարություններին։ Հիշում է ՝ արցախյան առաջին պատերազմին փոքր էր եւ այս ամենի միջով էլի է անցել։ Մայրն Արցախից դուրս չի եկել։ Հայրը միշտ ասել է՝ կինը պետք է տղամարդու մոտ լինի, որ տղամարդը իմանա՝ ինչի համար է կռվում։ «Այդ մտածելակերպը մեր մեջ խորացել է»,-ընդգծում է Նախշունը։

 «Ես ուզում եմ հավատալ, որ ինչ-որ ելք կգտնվի, ամբողջ կյանքում ես չեմ պատկերացրել ինձ այլ տեղ ապրելիս։ Սա իմ հայրենիքն է, հողը։ Այս հողի համար մեր եղբայրներն են իրենց կյանքը տվել»,-ասում է ու շնորհակալություն հայտնում  ողջ հայությանը,  որ անտարբեր չեն իրենց հանդեպ։ Դա պարտավորեցնում ու ոգեւորում է արցախցուն։ Գիտի ու հավատում է՝ մի օր լավ կլինի։

Անի Նահապետյան