կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 14:58
Հասարակություն

Կթքի՞ Ալիկ Սարգսյանը, թե՞ իր վրա կթքեն

Կթքի՞ Ալիկ Սարգսյանը, թե՞ իր վրա կթքեն

Ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական եւ նրա ընտրական շտաբներից մեկի պատասխանատու, իսկ նախկինում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Արարատի մարզի ընտրատարածքներից մեկում ժողովի ժամանակ շատ սրտաբաց եւ անկեղծ հայտարարուէյուն է արել:

 

Նա, ըստ lragir.am-ի, շտաբի աշխատակիցներին հորդորել է այնպես աշխատել, որ ժողովուրդն «ամեն անլվայի չբերի` դարձնի նախագահ, որոնք ուզում են մեզ դարձնել բոմժ: Եթե իմանամ, որ իմ երեխաները բոմժ են դառնալու, կթքեմ Հայաստանի վրա ու կհեռանամ»:


Պարզվում է` մինչ այսօր Ալիկ Սարգսյանը չի թքել Հայաստանի վրա ու հեռացել միայն այն պատճառով, որ զբաղեցրել է շատ կարեւոր պաշտոններ եւ իշխանության կերակրատաշտակին քսվելու «դոստուպ» (իրավունք) է ունեցել: Հետաքրքիր է` Ալիկ Սարգսյանի խելքին այս երկրի վերնախավում քանի՞ հոգի կա:

 

Ըստ իս` նրանց թիվը  ոչ միայն շատ է, այլեւ պրոգրեսիվ արագությամբ շատանում է: Իսկ ավելի հետաքրքիրն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ մատնանշում է մյուս` մրցակից թեկնածուների արժանիքները, մինչդեռ նրա խորհրդականը նրանց անվանում է «անլվա»:

 

Թե ի՞նչ է նկատի ունեցել նախկին ոստիկանապետը` թեկնածուներին նման կերպ բնորոշելու համար, ճշտումը թողնում ենք այդ նույն թեկնածուներին, իսկ Ալիկ Սարգսյանին եւ նրա շրջապատին խորհուրդ կտանք զսպվածություն ցուցաբերել, այլապես Հայաստանը որ թքեց, Ալիկին բոմժի կարգավիճակը երանություն է թվալու:

 

Ալիկ Սարգսյանը պատահական մարդ չէ, նա նախագահի խորհրդականն է, եւ եթե այսքանից հետո շարունակելու է իր` խորհրդականի առաքելությունը, ապա վստահ կարող ենք ասել, որ թքելու օրը շատ մոտ է, որովհետեւ արյունը ջուր չի դառնում: Երկիրը սիրողներ եւ երկրով ապրողներ միշտ կան: Նման տեսակը ցանկացած երկրում ավելի շատ է, քան Ալիկի տեսակը: Պարզապես, ինչպես ասում են, «դանակը ոսկորին չհասնի», իսկ ալիկները ջանում են, որ շուտ հասնի:

 

Ալիկ Սարգսյանի համար, քանի որ նա բնույթով սովետական շրջանից սերված ոստիկան է եւ ի վիճակի չէ շատ բան իմանալ, ուզում ենք հիշեցնել, թե ինչպես Երեւանի քաղաքապետ Նորհատյանի որդին առաջին հանրապետության տարիներին զոհվեց հայ-թուրքական պատերազմում: Նաեւ առ ի տեղեկություն Ալիկ Սարգսյանի` հայտնենք, որ առաջին հանրապետության երկու վաչապետերի ` Համո Օհանջանյանի եւ Հովհաննես Քաջազնունու զավակները եւս զոհվեցին հանուն Հայաստանի Հանրապետության: Այն հանրապետության, որի վրա այսօր պատրաստ է թքել Ալիկ Սարգսյանը եւ հեռանալ, եթե…

 

Ահա, թե որն է նախկին եւ ներկա ղեկավարների տարբերությունը:

 

Ահարոն Համբարձումյան