կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 09:22
Քաղաքական

Սերժ Սարգսյանը հիմա էլ է ինձ վստահում. Ալիկ Սարգսյան

Սերժ Սարգսյանը հիմա էլ է ինձ վստահում. Ալիկ Սարգսյան

«Հրապարակ» օրաթերթը զրուցել է նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից:


- Պարոն Սարգսյան, հակասական տեղեկություններ են Ձեր մասին տարածվում, վերջերս հատկապես խոսվում է, որ Դուք հայրենի մարզում պարբերաբար հավաքներ եք նախաձեռնում եւ կարծես թե Ձեր դիրքերի վերականգնման խնդիր ունեք ու փորձում եք... (հարցն անավարտ է մնում)

 

- Ոչ, ոչ, նման բան չկա: Նախագահը, երբ եկել էր Արտաշատ, միայն Արտաշատում եմ նրան ուղեկցել, նույնիսկ Մասիս, Արարատ, Վեդի չեմ գնացել: Միայն Արտաշատում, քանի որ իմ հայրենիքն է, այս տարածքում ապրել եմ, ապրում եմ, վերջը ութը տարի այստեղ մարզպետ եմ աշխատել, մնացած պաշտոններս չասեմ: Իսկ եթե երկրի ղեկավարը, իմ ղեկավարն է գալիս, ես բարոյական իրավունք ունեի, չէ՞, գնալ եւ անպայման մասնակցել այդ հանդիպմանը:

 

- Զարմանալի է, որ հարազատ մարզի մյուս քաղաքներում չեք ուղեկցել, ինչո՞ւ:

- Ես նախագահի խորհրդականն եմ, մյուս տեղերում քարոզարշավը բնականոն անցել է, գնայի Արարատ կամ Մասիս՝ անունն ի՞նչ դնեի: Այ, դա կլիներ զարմանալի, եւ կարող է հարցնեիք, թե դուք աշխատանքի եք եղել, ինչպե՞ս եք գնացել: Ժամը վեցին, աշխատանքից հետո նախագահը եկել է Արտաշատ, ես էլ կանգնել եմ հրապարակում՝ սովորական քաղաքացիների պես մասնակցել ու գնացել եմ: Դրա մեջ, կարծում եմ, ոչ մի զարմանալի բան չկա, ոչ մի խախտում չկա: Ես հայ մարդ եմ, այս երկրի քաղաքացին, կարո՞ղ եմ այս ամբողջ իրադարձություններից դուրս մնալ, եւ իմ որեւիցե քայլն ինչի՞ է այդքան տարօրինակ թվում մարդկանց:

 

- Տարօրինակը գուցե այն է, որ նախկինում Դուք ընտրական գործընթացներին բավական ակտիվ էիք մասնակցում, իսկ գուցե Ձեր նկատմամբ այլեւս նախկին վստահությունը չկա, դրա՞ համար եք մի կողմ քաշվել: Ես նկատի ունեմ հատկապես Սերժ Սարգսյանի՝  Ձեր հանդեպ վստահության կորստի մասին, չէ՞ որ ոստիկանապետ եղած ժամանակ Ձեզ կասկածեցին Սերժ Սարգսյանի դեմ ինչ-որ դավադրության մեջ:

- Ով որ պետք է, ինձ շատ լավ հավատում եւ շատ վստահում է: Իհարկե, կողքից մեկ-երկուսը կգտնվեն, որ... Կա՞ մի մարդ, որին բոլորն են հավատում ու բոլորն են համակրում, ես չգիտեմ նման մարդ, նման ղեկավար այս երկրում կա՞ ուրիշ: Իհարկե, աշխատանքային պրոցեսի ընթացքում ոմանք էլ կարող են ինձանից նեղացած լինեն մի քիչ, ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում: Այդ պաշտոնում եմ աշխատել, եւ գոնե մեկ-երկու մարդ նեղացած չլինե՞ն: Ութ անգամ բան են խնդրում, ուրեմն ութ անգամ էլ պետք է օգնեի՞, կարող է մի բան են խնդրում, եւ չես կարողանում օգնել, նշանակում է պետք է նեղանա՞ն:

 

- Իսկ Սերժ Սարգսյանի մասո՞վ, ես հատկապես նկատի ունեի, որ կարծես հենց նրա վստահության պակասն է զգացվում:

- Երբեք նախագահի վստահությունն իմ հանդեպ չի խաթարվել, նա հիմա էլ է ինձ վստահում եւ գիտի, որ իմ տեսակով դավաճան մարդ չեմ, թիմ, ճամբար փոխող չեմ, չգիտեմ, ո՞նց կարող է վստահություն չլինի: Ով այդպես է մտածում, ուրեմն դա իր ցանկությունն է ընդամենը, դա ինձ վերաբերող թեմա չէ: Նախագահն ինձ վստահում է, եւ այս տարիների ընթացքում ոչ մի անգամ նա չի տեսել անվստահելի մի քայլ, որը ես թույլ տված լինեմ: Նման բան երբեք չի եղել, ես միշտ հավատարիմ եմ ծառայել:

 

- Լավ, պարոն Սարգսյան, որպես գործող նախագահի խորհրդական, ո՞նց եք գնահատում քարոզարշավը եւ հատկապես Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ընթացքում թույլ տված կիքսերը: 

- Գիտեք, մի այսպիսի բան կա, քարոզարշավը շատ նյարդային պրոցես է: Հազարավոր մարդկանց հետ է շփվում, ամեն օր ելույթներ, ամեն օր խոսակցություն, տարբեր պրովոկացիոն հարցեր, որի մեջ գրգռում են մարդուն, որ մի բառ ասի: Մեկ էլ մի խոսքը դնում են, սկսում են քննարկել, այդ բառի շուրջ ինչ-որ բաներ հյուսել՝ սա այս կնշանակի, էս մեկը՝ այն, եթե սա ասվեց, ապա նպատակը սա էր եւ այլն, եւ այլն... կարծում եմ, այդ շահարկումներն անիմաստ են: Մեր նախագահը շատ գիտուն մարդ է, իր գործը գիտի, գրագետ էլ է, իր մասնագիտությամբ լեզվին տիրապետում է, եւ նման խոսակցություններում ցանկացածի խոսքում էլ կարելի է մի բան գտնել եւ շահարկման առարկա դարձնել, որը, կարծում եմ, այս պահին պետք չի: Մարդը գործ է անում, հանդիպում է ժողովրդի հետ, իմաստը ո՞րն է՝ ամեն անգամ մեկը մեջ ընկնի, մի բան հարցնի, ու այդ պատասխանը, նույնիսկ շշուկով պատասխանը դարձնեն թերթերի քննարկման առարկա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում: