Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորներ այսօր հռչակագիր են ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամական խումբ ստեղծելու մասին: Այդ փաստաթղթի հռչակման միջոցառմանը մասնակցելու համար ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ միասին հրավիրված է եղել նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը, ով նույնպես այս հռչակագրի ընդունման ուղղությամբ ջանք ու եռանդ է թափել: Ներկայացնում ենք yerkir.am-ի հեռախոսազրույցը դեռեւս Լիտվայում գտվող Վահան Հովհաննեսյանի հետ:
-Պարո’ն Հովհաննեսյան, Լիտվայի Սեյմում ԼՂՀ-ի հետ բարեկամական խումբ կազմավորելու հռչակագրի ընդունման ժամանակ Դուք գտնվել եք այնտեղ, եւ, ինչպես տեղեկացանք, բավականին լուրջ աշխատանք եք իրականացրել, որ այդ հռչակագրի ընդունումն իրականություն դառնա: Խնդրում ենք պատմել, թե ինչպե՞ս դա հաջողվեց, եւ ի՞նչ տպավորություններ ունեք:
-Շատ երկարատեւ աշխատանքի հետեւանք էր այս քայլը: Ինչպես գիտեք, մեր քաղաքական կուրսն է նաեւ, եւ մենք արդեն սկսել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված բոլոր միջոցառումները համակարգել, եւ սա, կարծում եմ, մի շարք պետական, ոչ պետական, հասարակական, քաղաքական կառույցների համագործակցության շատ կարեւոր արդյունք է: Հրաշալի է աշխատել Լիտվայում ՀՀ նորաստեղծ դեսպանությունը, որն ընդամենը մեկ տարի է, ինչ հիմնադրվել է, շատ լավ է աշխատել անցյալ տարի ստեղծված Հայաստան-Լիտվա քաղաքացիական ֆորումը, որը հասարակական կազմակերպություն է` Լիտվայում բնակվող մի շարք հայ ակտիվիստների կողմից հիմնադրված, եւ, իհարկե, մենք էլ` ՀՅԴ-ն, մեր լուման ունենք: Եվ, փաստորեն, ես, ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ միասին, հրավիրված էի այստեղ, այս միջոցառմանը:
Միջոցառումն իրենից ներկայացնում էր հետեւյալը` մենք պլանավորում էինք, որ 5-6 պատգամավորներ այսօր կհռչակեն Լիտվա-ԼՂՀ խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու մասին: Այսպիսի բարեկամության խմբեր բոլոր երկրներն էլ ունեն իրար միջեւ, բայց ԼՂՀ-ի պրոբլեմն այն է, որ այն դեռեւս ամբողջությամբ ճանաչված չէ: Եվրամիության անդամ հանդիսացող երկրի պառլամենտում դա դժվար էր անել, բայց, ինչպես տեսնում ենք, հաջողվեց: Ընդ որում` ոչ թե 6, ինչպես նախապես պլանավորված էր, այլ 9 պատգամավորներ միացան այս նախաձեռնությանը` Լիտվայի պառլամենտի տարբեր ֆրակցիաներից: Հռչակագիրն ինքը շատ ուժեղ է եւ ասում է, որ ունենալու է ծրագրեր, միջոցառումներ եւ այլն:
-Մեծ միջոցառում է կազմակերպված եղել Լիտվայում, որի ժամանակ էլ հռչակագիրն ընդունվեց, ի՞նչ բնույթ էր այն կրում, ի՞նչ հարցերի էր ուղղված եւ ի՞նչ արդյունք տվեց:
-Կոնֆերանսին, որտեղ այդ խմբի հռչակումը տեղի ունեցավ, ելույթ ունեցա նաեւ ես: Կոնֆերանսը Հասարակական ֆորումի կազմակերպած միջոցառումն էր, որ կայացավ պառլամենտի շենքում` շատ պատկառելի ներկայացուցչությամբ` Լիլտվայի քաղաքական, հասարակական, արվեստի, մշակույթի գործիչներ, հայկական համայնքների ներկայացուցիչներ, անգամ տարբեր քաղաքներից էին եկել Լիտվայում բնակվող հայերը: Ես ունեցա ելույթ, որտեղ ներկայացրեցի մեր վերջին 25 տարվա պատմությունը, որովհետեւ Լիտվան ու Հայաստանը առաջիններն էին, որ պայքար սկսեցին Սովետական միության ժողովրդավարացման, իսկ այնուհետեւ նաեւ Սովետական միությունից անջատվելու համար` 25 տարի առաջ: Եվ սրան էր նվիրված այս միջոցառումը: Այնտեղ ցուցադրվեցին Լիտվայի հասարակության վրա ուղղակի ցնցող տպավորություն թողած ֆիլմեր Ռամիլ Սաֆարովի մասին, թե ինչպես նրան հերոսացրեցին Ադրբեջանում եւ շարունակում են դա անել, նաեւ Սումգայիթի մասին: Այս ֆիլմերը պատրաստել էին տեղի օպերատորները եւ իսկապես բավական տպավորիչ էին: Ես իմ ելույթի մեջ ներկայացրեցի Լիտվա-Հայաստան հարաբերությունների որոշ դրվագներ, բայց ավելի շատ կենտրոնացա, իհարկե, Հայաստանի եվրաինտեգրման պրոբլեմների, ԼՂՀ-ի հարցի կարգավորման ուղիների վրա, նաեւ` մի շարք այլ պատմական հարցերի: Իմ եւ Կարեն Միրզոյանի ելույթներն ընդունվեցին շատ ջերմ` ծափահարություններով: Պետք է ասեմ, որ շատ լավ ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, եւ շատ տպավորիչ ելույթներ ունեցան նաեւ Լիտվայի մի շարք ներկայացուցիչներ:
-Որպեսզի ավելի պարզ լինի, կպարզաբանե՞ք, թե ինչ կտա այս քայլը` ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի համատեքստում:
-Նախ` ճանաչված, Եվրամիության անդամ երկրի խորհրդարանում ստեղծվում է բարեկամության խումբ ԼՂՀ-ի հետ` մի երկրի, որը, փաստորեն, ճանաչված չէ: Բայց քայլերը, որ մենք իրականացնում ենք, կհիշեք, թե ինչպես ես ԼՂՀ ուղեկցեցի Ուրուգվայի պատվիրակությանը` պառլամենտի նախագահի գլխավորությամբ, որը պաշտոնական պատվիրակություն էր, բայց միասին գնացինք ԼՂՀ, այնտեղ ունեցանք մի շարք հանդիպումներ, այդ թվում` նաեւ ԼՂՀ պառլամենտում: Այժմ` այս միջոցառումը… Այսինքն` ԼՂՀ ճանաչումը չի կարող տեղի ունենալ հանկարծակի եւ ամենաբարձր մակարդակով: Դրա համար քրտնաջան աշխտանք է պահանջվում` քայլ առ քայլ: Սա այդ քայլերից մեկն է, եւ ես կարծում եմ, որ այն հնարավորություն կտա նախ Լիտվայի պատգամավորներին հրավիրել Արցախ. Նրանք այնտեղ իրենց աչքերով կտեսնեն, որ ամբողջ Հարավային Կովկասում ԼՂՀ-ն այսօր ամենադեմոկրատական պետությունն է: Մեր տարածաշրջանի բոլոր երկրներն ունեն ինչ-որ թերացումներ` դեմոկրատիայի զարգացման մակարդակում. տեսնում ենք այսօր ինչ է կատարվում Վրաստանում` մեկ օրինակ, տեսնում ենք` ինչ է կատարվում Հայաստանում` սա մեկ այլ օրինակ, տեսնում ենք, որ Ադրբեջանն, ընդհանրապես, միջնադարյան էմիրություն է դարձել` ժառանգական իշխանությամբ, ուր շնչելն անգամ արգելված է, եթե Ալիեւների ցեղը դա թույլ չի տվել: Եվ այս ֆոնին շատ ծանր տնտեսական, քաղաքական պայմաններում, շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր ժողովրդավարական չափանիշներով բավական բարձր մակարդակ է զբաղեցնում: Եվ երրորդ հիմնական առանցքն էլ այն էր, որ եթե մենք փորձում ենք չափել ու չափանիշներ ստեղծել ժողովրդավարությունը ճանաչելու, չափելու համար, այդ չափանիշները պետք է հավասար լիենեն բոլորի համար: Այսինքն` չի կարելի տարբեր երկրների նվաճումներ չափել մեկը սանտիմետրանոց քանոնով, մյուսը` դյույմանոց քանոնով, դա ճիշտ չէ: Ու եթե համեմատում ենք Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը այսօրվա ժողովրդավարության, մարդկային զարգացման չափանիշներով, պարզ է դառնում, որ ամեն ինչ փողով չի չափվում` ԼՂՀ-ն տասը գլուխ բարձր է: Եվ Սումգայիթի մասին ֆիլմի ցուցադրումից հետո բոլորին պարզ դարձավ, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի պես երկրում ուղղակի չի կարող գոյատեւել: Եվ այս առումով կոնֆերանսը շատ մեծ նշանակություն ուներ, բայց առջեւում դեռ երկար աշխատանք կա:
- Իսկ ինչպիսին եւ հատկապես` ո՞րը կլինի ձեր հաջորդ քայլը` ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, պարո’ն Հովհաննիսյան:
- Եթե նկատել եք, այն, ինչ արեցինք այսօր, մենք դրա մասին նախապես ոչինչ չէինք հրապարակում` ո’չ դեսպանությունը, ո’չ մենք: Որովհետեւ, երբ ինչ-որ բաների մասին նախապես ենք խոսում, Ադրբեջանն իր «խավիարային դիվանագիտության» ջանքերը միացնում է, որպեսզի դրանք խանգարի: Ուրեմն ավելի լավ է` հետագա ծրագրերի մասին այժմ չխոսենք. Մենք կանենք, եւ դուք կտեսնեք հետագա քայլերը:
Զրուցեց Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ