Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին հերթին պետք է ասել, որ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը շատ տարօրինակ է. այսօր Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշեւը:
Նա ասաց նաեւ, որ իսկապես, այս միջադեպը ձեռնտու չէր Հայաստանում քաղաքական գործընթացների մասնակիցներից եւ ոչ մեկին: Առաջին հերթին` այն ձեռնտու չէր իշխող ՀՀԿ-ին, ում թեկնածուն ընտրություններում ֆավորիտ է: Ոչ պակաս ձեռնտու չէր նաեւ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերին, որոնք մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին: Որպես այդպիսի ուժեր` Արեշեւը նկատի ուներ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀԱԿ-ին: Նրանց այս միջադեպը ձեռնտու չէր, ըստ փորձագետի, քանի որ այն անկայուն եւ անկանխատեսելի է դարձնում երկրի քաղաքական իրավիճակը, ստեղծում է անտեղի աժիոտաժ եւ, այսպես ասած, անտեղի ինֆորմացիոն աղմուկ:
Այսինքն, ըստ Արեշեւի, միջադեպը Հայաստանում ոչ ոքի պետք չէր, բայց դա չի նշանակում, թե չի օգտագործվելու այս կամ այն նպատակով` այս կամ այն ուժի կողմից: Արեշեւը հայտնեց իր տպավորությունները եւ ասաց, որ այն, ինչ կատարվում էր Հայաստանում միջադեպի առաջին րոպեներին, եւ այն, ինչ կատարվում էր Արեւմուտքում, մտածելու տեղիք են տալիս:
«Իմ ուշադրությունը հատկապես գրավեց այն միտումը, որ սկզբնական շրջանում ինտենսիվ կերպով փորձ էր արվում այս միջադեպի հետեւում տեսնել Մոսկվայի ձեռքերը: Ես չեմ ասի, թե այդ փորձերը մասսայական բնույթ էին կրում, բայց, այնուամենայնիվ, հնչում էին: Դժվար է դրան լրջորեն վերաբերվել, քանի որ ԿԳԲ-ն եւ ԽՍՀՄ-ը, որին հղում էին անում մի շարք մարդիկ, այդ թվում` նաեւ հենց ինքը` տուժողը, արդեն ավելի քան 20 տարի է գոյություն չունեն, եւ Ռուսաստանը Հայաստանի եւ հետխորհրդային տարածաշրջանում որդեգրել է այդ երկրների ներքին քաղաքականությանը չխառնվելու քաղաքական ուղեգիծ»,- ասաց Անդրեյ Արեշեւը:
Ռուս փորձագետը խոսեց նաեւ իր երկրորդ տպավորության մասին, ուշադրություն դարձնելով Արեւմուտքից հնչած այն հայտարարություններին, որ ուղեկցում էին նախընտրական շրջանը:
«Այս համատեքստում կարելի է դատողությունների մակարդակով ենթադրել, որ քաղաքական իրավիճակն ապակայունացնելու փորձեր այս կամ այն երկրում` ոչ միայն Հայաստանում, արվում են եւ արվելու են Հայաստանի նկատմամբ, քանի որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական առումով այնպիսի անհանգիստ եւ կարեւոր տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, ու ՀՀ իշխանությունները տեսնում են այդ փաստերը, եւ վերջին քայլերը հանրապետությունում ազգային անվտանգության ուղղությամբ, այդ թվում` նաեւ ռուսական ռազմաքաղաքական եւ ռազմատնտեսական կապերի միջոցով, դրա վառ վկայությունն են»,- ասաց փորձագետը:
Իսկ Գիտությունների ռուսական ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը, այն հարցին, թե ո՞ւմ էր այս միջադեպը պետք, նշեց, որ թեեւ հայկական իշխանություններին դա ձեռնտու չէր, եւ նրանց դեպքում դա հասկանալի է, բայց մյուս կողմից, իհարկե, կան փոքրիկ մանրուքներ:
«Հարցն այն է, որ Սերժ Սարգսյանի անվիճելի մրցակից լինելը առաջացնում է շատ օրինաչափ հարցեր, առաջին հերթին` Արեւմուտքում: Այսինքն` եթե նա հավաքի, օրինակ` 70 տոկոս քվեներ կամ 75 տոկոս, դա մի քիչ չափազանց է, իհարկե: Դրա համար գործող իշխանությունների համար կարեւոր է մի փոքր ավելի քիչ ձայներ հավաքել: Իսկ դրա համար ոչ մրցունակ թեկնածուի օգտին մի քիչ ձայն ավելացնելը իշխանություններին, իհարկե, ձեռնտու էր: Բայց ոչ այս գնով»,- ասաց Սկակովը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե այն ուժերին, ովքեր ընտրություններում ներկայացված չեն` նրանց նույնպես ձեռնտու չէ, Սկակովը նշեց, թե մյուս կողմից` միշտ էլ կան մութ ուժեր, որոնք կանգնած են քաղաքական գորիչների թիկունքում` կլինեն դրանք ինչ-որ ընկերություններ, մարդիկ եւ այլն, բայց միշտ էլ կա մեկը, ում ձեռնտու է, որ նոր ընտրություններ նշանակվեն, որ ինչ-որ մեկին առաջ մղեն, որպեսզի այլընտրանք լինի ու այդ այլընտրանքի վրա խաղադրույքներ կատարվեն` ֆինանսական դրույքներ: Իսկ այդպիսի շահագրգռված ուժեր, ըստ նրա, կարող են լինել թե’ Հայաստանում, թե’ Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ բիզնեսը սահմաններ չի ճանաչում:
«Ես կարծում եմ, որ մահափորձի արմատները Հայաստանից դուրս չեն գտնվում, այլ հենց Հայաստանում` ինչ-որ ուժերի կամ բիզնես շահեր հետապնդողների կերպարով»,- կարծիք հայտնեց Ալեքսանդր Սկակովը:
Իսկ ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ապա Սկակովը կարծիք հայտնեց, որ ե’ւ Ռուսաստանի համար, ե’ւ Եվրոպայի` նախագահ Սարգսյանը լիովին բավարարում է բոլորին: Բայց ռուս փորձագետի ուշադրությունը գրավել է Արեւմուտքի արձագանքը, որը եղավ ոչ թե միջադեպից հետո, այլ դրանից առաջ, երբ հայտնի դարձավ, որ նախագահին լուրջ մրցակից չի լինելու: