Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ-ական գործարար Արման Սահակյանը, ով Գյումրիում վերջերս մեծամասնականով ընտրվեց ԱԺ պատգամավոր, չգիտի, թե ընկերը` գործող նախագահի փեսա Միքայել Մինասյանը, ՀՀԿ շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվելով, կոնկրետ ինչ գործառույթներ է կատարելու: Սակայն նա պատասխանեց Yerkir.am-ի մի քանի այլ հարցերի:
ՀՀԿ-ական պատգամավորը կանխատեսում է բավականին նորմալ, բարձր մակարդակի ընտրություններ: «Կարծում եմ` ամեն մի ընտրություն նախկինից ավելի լավ է անցնում»,- նշեց նա:
Սահակյանն, ըստ էության, խոստովանեց, որ թեեւ ընտրությունները լավ են անցնելու, բայց մրցակացային չեն լինելու: «Իհարկե, կարծում եմ, որ գործող նախագահը շատ բարձր արդյունք կունենա: Այդ առումով համարեք, որ թույլ մրցակցային է, բայց դե բոլոր դեպքերում հնարավորություն կա, որ մրցակցային լինի: Սերժ Սարգսյանը բարձր տոկոսով կհաղթի»,- հայտարարեց նա:
Թե քանի՞ տոկոս կհավաքի ընտրություններում գործող նախագահը, Սահակյանը դժվարացավ ասել, նշեց, որ գուշակ չէ: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց նաեւ, որ ինչ-որ մի թեկնածուի հետ առաջին տեղի համար պայքարելու խնդիր Սերժ Սարգսյանը չունի: «Առաջին տեղը հենց առաջին փուլով Սերժ Սարգսյանը կհաղթի»,- նշեց նա: Իսկ նման վստահության պատգամավորին տալիս է ստեղծված քաղաքական իրավիճակը:
Գյումրիից ընտրված պատգամավորն ընտրություններում, բնականաբար, որոշակի ակտիվություն ունենալու է, բայց չի կարծում, որ խնդիրներ կունենա Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասայանի հետ: «Ես չեմ կարծում, որ գործող նախագահին դեմ ինչ-որ մեկը կաշխատի, չեմ ասում, որ կողմ կաշխատեն, բայց դեմ հաստատ չեն աշխատի»,- հայտարարեց նա:
Ի դեպ, անդրադառնալով էպոսագետ Վարդան Սեդրակյանի երեկվա հայտարարություններին, որ Աստված ամեն ինչ արդեն որոշել է, եւ ինքն է դառնալու նախագահ, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ընտրություններին Աստծուն խառնելը, ինձ թվում է, լավ միտք չէ, ցինիկություն է»: