Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահական ընտրություններին առաջադրված մեկուկես տասնյակ թեկնածուներից միայն երկուսը` գործող նախագահ Սերժ Սարգսյանը և «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն են առաջադրվել քաղաքական ուժերի կողմից: Մյուսները, նույնիսկ` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ինքնաառաջադրվել են:
Քաղաքական համակարգը, որպես այդպիսին, ինքնակամ դուրս է եկել խաղից: Նախագահական այս ընտրությունները ոչ միայն արտացոլում են քաղաքական համակարգի կատարյալ ֆիասկոն, այլև դառնում են այդ համակարգի թաղման մի յուրօրինակ արարողություն: Հենց քաղաքական համակարգի այս փլուզման հետևանքով է, որ նախագահական ընտրությունները վերածվել են լայնամասշտաբ գովազդային արշավի` առանձին անձանց համար ինքնադրսևորման, ուղղակի ոչնչից հասարակական ճանաչում ձեռք բերելու միջոցի:
Նախկինում կայացած ցանկացած ընտրության ժամանակ, անկախ նրանից` ինչպես են դրանք անցկացվել, նման բախտախնդիրների ակտիվությունն ու նախաձեռնողականությունը այլ կերպ, քան խելագարություն, չէր որակվի: Այսօր դրանք ոչ միայն արտասովոր չեն, այլև նույնիսկ օրինաչափ են, որովհետև եթե որևէ վակուում բովանդակությամբ չի լցվում, այն լցնում է հակաբովանդակությունը, տվյալ դեպքում` հակաքաղաքականությունը:
Առաջադրված երկու թեկնածուներ` Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը, փորձում են հանդես գալ որպես քաղաքացիական համակարգի ներկայացուցիչներ և այդ համակարգը գեներացնողներ: Նրանք փորձում են այսօրվա քաղաքացիական համակարգը հակադրել այսօրվա քաղաքական համակարգին: Այլ կերպ ասած` նրանք փորձում են քաղաքական գործընթաց ծավալել` առանց քաղաքականության: Դա նոնսենս է: Քաղաքացիական համակարգը չի կարող փոխարինել քաղաքական համակարգին, որովհետև նրա խնդիրները բոլորովին այլ են: Երբ այս հատվածը տեղափոխվում է քաղաքական հարթակ, այն դադարում է լինել քաղաքացիական:
2012-ին այս «ֆրոնտում» արձանագրված կոնսոլիդացման առանձին հաջողված դրսևորումները պարզապես ոգևորել են քաղաքացիական արժեքներով տոգորված անհատականություններին, ովքեր փորձում են այդ ներուժը գեներացնել ընտրություններում: Սակայն, անկախ արձանագրած այդ հաջողություններից, քաղաքացիական համակարգը դեռևս չի հասել զարգացման այնպիսի աստիճանի, որ ինքը սկսի քաղաքական օրակարգ թելադրել: Առանձին քաղաքացիական նախաձեռնությունները, ինչպես քաղաքական մեկ-երկու առանձին ուժեր, որոնք դեռ պահպանում են կուսակցականության անհրաժեշտ արժեքներն ու տարրերը, պարզապես օազիսներ են համատարած անապատի մեջ: Նրանք երկուսն էլ պարտվել են լյումպենին և լյումպեն մտածողությանը, որն սկսել է գործել արդեն անթաքույց. առաջադրված թեկնածուների կեսը հենց այս կատեգորիայի կենդանի մարմնացումներն են: Նրանք չեն եկել ինչ-որ նոր բան առաջարկելու, նոր գաղափարներ ներկայացնելու, նոր համակարգեր ձևավորելու կամ եղածը կործանելու, նրանք չունեն ոչ մի ծրագիր, իրենց հետևում չունեն թիմեր: Նրանք պարզապես մտել են «մայդան», որովհետև այն դատարկ են գտել: Ի դեմս նրանց` լյումպենն այսօր ձեռնոց է նետել թե' քաղաքական և թե' քաղաքացիական համակարգերին:
Սակայն իրական խնդիրը կամ վտանգը ոչ այնքան դա է, որքան հասարակության լյումպենացումը և դա վերընտրվելու կամ վերարտադրվելու հիմնական գործիքը դարձնելու` իշխանության վարած քաղաքականությունը: Հենց այս զանգվածային շերտը, մեծամասնություն կազմող այս «որակն» է իշխանության հիմնական գործիքը` չեզոքացնելու առողջ որևէ հասարակական-քաղաքական պրոցես: Այս իմաստով ո'չ իշխանությանը և ո'չ էլ լյումպենին բացարձակապես չի հետաքրքրում` որքանով ընտրությունները կլինեն մրցակցային: Նրանք միայն մեկ խնդիր ունի լուծելու` անցկացնել «աննախադեպ ժողովրդավարական», կազմակերպվածության և սահունության տեսանկյունից անխոցելի ընտրություններ` հստակ կանխորոշված գործող նախագահի հաղթանակի ելքով:
Այս մակարդակի մրցակցությամբ նախագահի աթոռի վերանվաճումը իշխանության համար կարևոր է հիմնականում մեկ, բայց շատ կարևոր պատճառով` պարզապես պետք է, որ Սերժ Սարգսյանի` մրցակցությունից դուրս լինելու միֆն այնքան ամրապնդվի ու այնքան իրական թվա, որ ուղղակի ստվերի բուն քվեարկության օրը իրականացվելիք մասշտաբային ընտրախախտումները: Այսինքն` անհրաժեշտ է այնպես անել, որ, առաջնորդվելով այն մտայնությամբ, թե նման մրցակցության կամ ավելի ճիշտ դրա բացակայությամբ ընտրությունների պարագայում ինչ իմաստ ունի դիմել ընտրակեղծիքներին, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե Սերժ Սարգսյանը վերընտրվել է ընտրացուցակային աճպարարությունների, ընտրողներին ոչխարի սուրուների նման ընտրատեղամասեր քշելու և տարատեսակ այլ մեթոդներով: Իսկ դա ավելին չէ, քան իշխանություն-լյումպեն աներևույթ, վիրտուալ դաշինք:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ