կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-26 12:45
Քաղաքական

Այս պահի դրությամբ ՀՅԴ-ում դաշինք կազմելու հարց չի քննարկվում. Աղվան Վարդանյան

Այս պահի դրությամբ ՀՅԴ-ում դաշինք կազմելու հարց չի քննարկվում. Աղվան Վարդանյան

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ մի քանի ներքաղաքական հարցերի: 

Հարցին` արդյո՞ք այլ քաղաքական ուժերի հետ քննարկվում է դաշինք կազմելու հարցը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ դաշինքի հարց չի քննարկվում, նման օրակարգ առայժմ չկա, 99 տոկոսով ՀՅԴ-ն ընտրությունների կգնա առանձին:

«Բայց քաղաքականության մեջ երբեք մի' ասա` երբեք, սակայն այսօր մենք որևէ բանակցություն չենք վարում»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում արդեն կազմված դաշինքներին, որոնցից է «Ելք»-ը, որը միավորում է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունները: Աղվան Վարդանյանը նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգում այն քաղաքական ուժերը, որոնք տեղ կգտնեն խորհրդարանում, հնարավորություն կունենան զարգանալու, աճելու, ընդլայնվելու ու ազդեցություն ունենալու, իսկ որոնք տեղ չեն գտնի խորհրդարանում, կփորձեն միավորվել, դաշինքներ կազմել:

«Շատ գովելի  ու ողջունելի է ցանկացած միավորում, դաշինք ստեղծելու ցանկացած փորձ: Ուզում եմ, որ մեր քաղաքական ուժերը, անկախ քաղաքական տարբեր ճամբարներում գտնվելու փաստից, գիտակցեն, որ Դաշնակցության պնդմամբ էր, որ նոր Սահմանադրության մեջ արձանագրվեց դրույթը, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է ունենա տեղերի առնվազն  30 տոկոսը: Մենք իշխանություն ենք, թե` ոչ, կապ չունի, մենք գիտակցում ենք, որ առանց ընդդիմության մեծ ներկայության, բալանսի ու հակազդեցության, հնարավոր չէ երկիրը զարգացնել: Այնպես որ` ողջունում ու բարի ճանապարհ ենք մաղթում դաշինքներին»,- ասաց նա: