կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-28 12:07
Առանց Կատեգորիա

ՀԱԿ-ը ժողովրդավար է այնքան, որքան Հայաստանը՝ Տեր-Պետրոսյանի օրոք

ՀԱԿ-ը ժողովրդավար է այնքան, որքան Հայաստանը՝ Տեր-Պետրոսյանի օրոք

Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը «Կենտրոն» հեռուստաընկերության երեկվա եթերում պնդում էր, թե նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ-ի հայտարարությունն ընդունվել է «միաձայն կոնսենսուսով»՝ կառույցի բոլոր անդամ կուսակցությունների ներկայացուցիչների համաձայնությամբ: Հաղորդավարի դիտարկմանը, թե՝ եթե կոնսենսուսով է, ապա միաձայն չի կարող լինել, ուղղեց իրեն՝ «միաձայն»-ը հանելով:

 

Այսօր արդեն կարդում ենք ՀԱԿ անդամներ` «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի ու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի պնդումը, որ իրենք որոշումից տեղյակ չեն եղել եւ համաձայն չեն:

 

Առաջինն ասել է. «Մենք համաձայն չենք այդ որոշման հետ: Գործի բերումով ես Վրաստանում եմ եղել, չեմ մասնակցել այդ նիստին, մեր կուսակցությունից ոչ մեկ չի մասնակցել: Այլ կուսակցություններ էլ կան, որոնք չեն մասնակցել եւ համաձայն չեն: Այնպես որ` դա Կոնգրեսի անունից կայացված որոշում չի կարող լինել: Մեր դիրքորոշումը մենք պաշտոնապես կհայտնենք»:

 

Պետրոս Մակեյանն էլ ասել է. «Մենք համաձայն չենք այդ հայտարարության հետ, դա հակասում է նաեւ մեր կուսակցության` դեկտեմբերի 25-ի քաղխորհրդի նիստում ընդունված որոշմանը, քանի որ մենք որոշել ենք, որ մասնակցության ձևաչափին եւ որեւէ թեկնածուին սատարելու հարցին կանդրադառնանք հունվարի երկրորդ կեսին, քանի որ մտածում էինք, որ ՀԱԿ-ն, այնուամենայնիվ, թեկնածու կառաջադրի, եւ ընդհանրապես կհստակեցվի՝ ով է առաջադրվում, ինչպիսի իրավիճակ է ստեղծվում»:

 

Ստացվում է, որ Արման Մուսինյանը ճիշտը չի ասում: Մեղմ ասած:

 

ՀԱԿ-ի ղեկավարն այդ կառույցը ստեղծել է իր ղեկավարած պետության նման, որտեղ իսպառ բացակայում է ներքին ժողովրդավարությունն ու թափանցիկությունը: Եթե կա որոշում, ուրեմն այն կայացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ մյուսները զբաղվում են որոշմանը համապատասխան հիմնավորումներ փնտրելով: Իսկ «ժողովուրդ», «ժողովրդի կամք» արտահայտությունները, իչպես ասում են՝ դեսերտ են ճաշից հետո:

 

Հիշենք, թե ինչպես էին անցկացվում ՀԱԿ հանրահավաքները. նախօրոք հայտարարվում էր, որ հանրահավաքի վերջում ժողովուրդը կներկայացնի իր հաջորդ քայլը: Ապա հրավիրում էին մարդկանց հրապարակ ու ասում` ժողովո'ւրդ, ուզո՞ւմ եք հեղափոխություն, շարքերում՝ այոոոոոոոոոոոո՜ո, ուզո՞ւմ եք նստացույց՝ այոոոոոոոո՜ո: Այնուհետեւ միտինգի կազմակերպիչները հայտարարում էին, թե՝ մենք հավատարիմ ենք ժողովրդի ձայնին, գնացեք տուն, հաջորդ հանրահավաքը՝ երկու ամիս անց: Շարքերը դժգոհ էին, բայց դե Լեւոնը բարեհաճել էր այլ օր գալ: Այսպիսի պայմաններում, հազիվ իրար կցմցելով, ՀԱԿ-ը դիմացավ 5 տարի՝ պարբերաբար անդամներ կորցնելով:

 

Մուսինյանն ասում է, որ «ավազակապետության դեմ պայքարը մեկ օրվա բան չէ», երկարաժամկետ է, այդ ճանապարհին լինում են նաեւ նահանջողներ, անհամբերներ: Համաձայն ենք, սակայն ՀԱԿ ղեկավարների պայքարի ռազմավարությունը կործանարար դարձավ այդ հիբրիդի համար: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ 5 տարում 2 տասնյակ կուսակցությունների համախմբի մի տասնյակը դուռը հետեւից շրխկացրեց, մյուս մասն էլ դա կանի առաջիկա մի քանի օրերին. դրա նախադրյալները կան: Եթե ամեն ինչ ճիշտ էր, եւ իրենց արածը՝ հերոսություն, ինչպես նշում է Մուսինյանը, ապա ինչո՞ւ հանրահավաքից հանրահավաք այնքան պակասեց մարդկանց թիվը, որ հանրահավաք անելն արդեն դարձավ անիմաստ:

 

ՀԱԿ առաջնորդը մի որոշում էր ներկայացնում, որն ի ցույց էր դրվում որպես ժողովրդի կամք, ասել է թե՝ Տեր-Պետրոսյանի բերանով խոսում է ժողովուրդը, իսկ արդյունքում մարդիկ հասկացան, որ այդտեղ իրենց ձայնը չկա: Ցավոք, դա հասկացան 5 տարի անպտուղ պայքարից հետո...

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ