Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել և այդ ստուգումները կարող են վերաբերել 1990-ականներին, ընդհուպ մինչև 1991 թվական՝ ըստ factor.am-ի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Կառավարությունն իր ստուգումներով կանդրադառնա՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին:
«Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինությունները, առնվազն հանրային հնչեղություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի»,- ասաց նա:
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ բարդ գործընթաց է սպասվում, քանի որ արխիվացման գործընթաց կա։
«Հաշվի առնելով, որ փաստաթղթերի հասանելիության խնդիր կառաջանա ու այս պահին նույնիսկ շատ ավելի թարմ քրեական գործերի շրջանակներում հասանելիության խնդիր կա, բարդ գործընթաց կլինի: Բայց մեր քաղաքական թիմի նպատակներից մեկը հենց դա է, ու մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ»,- ասաց նա:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, անդրադառնալով գնահատականներին, ըստ որոնց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է, ասաց, որ չգիտի, թե ինչն է ծիծաղելի համարվում:
«Գուցե հանրության որոշակի շերտերի համար ընկալվել է այնպես, որ դա միակ հանցագործությունն է, որը վերագրվում է պարոն Սարգսյանին քննչական մարմինների կողմից: Ես, իհարկե, չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, կարծում եմ, որ հանրության լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամենևին ամբողջը չէ: Դա ընդամենը այդ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է, և չենք բացառում, բնականաբար, որ այլ գործերի շրջանակում ևս է՛լ ավելի մեծ մասշտաբի և է՛լ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն պարոն Սարգսյանին, այլ նաև այլ նախկին, և ինչպես տեսաք ներկա իշխանության ներկայացուցիչներին։ Հետևաբար` այս տեսանկյունից կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում»,- ասաց նա:
Նարեկ Կիրակոսյան