կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-30 15:28
Քաղաքական

Տեր-Պետրոսյանի օրոք եղել են քաղաքական սպանություններ և ոչ` բողոքի ակցիայի ժամանակ. Մանասյան

Տեր-Պետրոսյանի օրոք եղել են քաղաքական սպանություններ և ոչ` բողոքի ակցիայի ժամանակ. Մանասյան

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ճիշտ չի համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստը: 

«Նա զարգացրել է Հայաստանի տնտեսությունը և ազատության մեջ չէ, իսկ հակառակն անողն ազատ է, նրա նկատմամբ ոչինչ չի արվել: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մարդասպանություններ չե՞ն եղել, քաղաքական սպանություններ չե՞ն եղել, ընդ որում՝ ոչ թե բողոքի ցույցերի ժամանակ, այլ, օրինակ, Յուզբաշյանն իր այգում է սպանվել, Համբարձում Գալստյանը, երկաթգծի պետը, այսինքն՝ մարդիկ գնդակահարվել են՝ որպես պոտենցիալ քաղաքական հակառակորդներ: Երկրորդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է դրել կողոպուտային կապիտալիզմի հիմքը կամ` երկիրն այդ ուղու վրա, այդ տարիներին է «ջարդվել» ողջ տնտեսությունը: Խորհրդային Հայաստանն այս տարածաշրջանի ամենազարգացած պետությունն է եղել, քանի տարի հաստոցները, որպես մետաղ, վաճառել են: Անցած տարի մի քննարկման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհներից մեկն ընդունեց այս փաստը՝ նշելով. «Ո՞վ է ասել, որ դրանից հետո մի հաստոցի կարիք եղել է»: Սա ֆանտաստիկ բան է: Այսպիսի երկիր է ընդունել Քոչարյանը և ապահովել երկնիշ տնտեսական աճ»,- ասաց Մանասյանը: 

Yerkir.am-ի հակադարձմանը՝ ըստ Ձեզ` Ռոբերտ Քոչարյանը երկիրը չի՞ կողոպտել, նա արձագանքեց. «Իհարկե, կողոպտել են, բա ինչո՞ւ էր ապրիլյան դեպքերին ժողովուրդը դուրս եկել: Իհարկե, կողոպուտ եղել է, Քոչարյանից հետո` ավելի շատ: Հիմա էլ տեսել են, որ ամեն ինչ կողոպտված է, սկսել են բյուջեն կողոպտել»:

Այս համատեքստում քաղաքագետն անդրադարձավ պարգևատրումներին՝ նշելով, որ դրանք զարմանք են հարուցել անգամ հեղափոխության որոշ ակտիվիստների շրջանում: «Հայտարարվում է, որ այդ պարգևատրումները խնայողությունների հաշվին են եղել, բայց ո՞վ է ասել, որ այդ խնայողությունը պետք է ստանա մի քանի ամսվա աշխատողը: Աշխարհում ընդունված է հետևյալը՝ որքան հաջողությունը մեծ է լինում տնտեսության ոլորտում, դրան էլ համապատասխան պարգևատրում է տրվում: Եթե գործադիրը ՀՆԱ-ի 8 տոկոս աճ է ապահովել, ապա նախկին աշխատավարձը կարող է 8 տոկոսով բարձրանալ: Բայց սա այդ դեպքը չէ, ավելին` միլիոնների ներդրումներ են կրճատվել, բազմաթիվ մարդիկ են աշխատանքից ազատվել»,- ընդգծեց Մանասյանը:

Քաղաքագետն ընդունում է՝ հեղափոխության օրերին վիթխարի աջակցություն կար ժողովրդի կողմից՝ «Մերժիր Սերժին» կարգախոսի ներքո: «Թե հանուն ինչի՞ ժողովուրդը ոտքի կանգնեց, սրա համար պատասխանատուն լիդերներն են, ոչ թե ժողովուրդը: Նրանք է, որ պիտի ներկայացնեն սոցիալ-տնտեսական, զարգացման նախագիծը, որի համար ժողովուրդը դուրս էր եկել հրապարակ»,- նշեց Մանասյանը: