Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գաղտնալսումը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անընդունելի եւ դատապարտելի է համարում: Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում եւ ընդգծեց, որ հիմա տրամաբանական եւ նորմալ է, երբ իրավապահ մարմինները զբաղվում են հարցով՝ փորձելով պարզել աղբյուրը:
ՀՅԴ-ական պատգամավորն ընդգծեց, որ մեր քաղաքացիները անձնական կյանքի, անձնական հարաբերությունների իրավունք եւ ազատություն ունեն: «Ցավոք, եթե երկրում քաղաքական մենաշնորհը դառնում է բացարձակ, մարդիկ կարծում են, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է, մոռանում են, որ կյանքը շարունակվում է: Այսօրվա քաղաքական մեծամասնությունը վերադառնալու է փոքրամասնություն: Ակնհայտ է այս գաղտնալսման ուղղվածությունը, միտումը: Մարդիկ պետք է հասկանան, որ կյանքը փոխվում է, եւ վաղը իրենք կարող են հայտնվել նույն իրավիճակում»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը եւ ընդգծեց, որ ձայնագրության բուն բովանդակության վերաբերյալ որեւէ նորություն, որեւէ հայտնագործություն, թաքուն բան, գոնե քաղաքականությամբ զբաղվողների համար, այդտեղ չկար:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ իշխող ուժը գնում է դեպ ապահով Հայաստան, սա՞ է իրենց ապահով Հայաստանը, Վարդանյանն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ով է սա արել, դատապարտելի, անընդունելի մեթոդ եւ ձեւ է: «Ապահով Հայաստան` դեպի ապահովագրված Հայաստան, դեպի ԱՊՊԱ Հայաստան»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:
Մեր այն դիտարկմանն էլ, թե ինչո՞ւ իշխանությունները նման քայլի գնացին, եթե վստահ են իրենց հաղթանակում, Վարդանյանն ընդգծեց, որ իրավունք չունի ասել, թե ով է արել, դժվար է նաեւ պատկերացնել, որ մեր երկրում հնարավոր է` քրեական գործ հարուցվի եւ մինչեւ վերջ բացահայտվի:
Լրագրողների հարցմանն էլ, թե այս միջադեպը կարո՞ղ է ՀՅԴ-ի համար զգուշացնող լինել, հնարավո՞ր է` սրճարան այլեւս չգնան, Վարդանյանն ընդգծեց, որ սրճարան չգնալ չի կարող, բայցեւ հայտարարեց. «Մենք զգուշանալու որեւէ բան չունենք: Մենք ինչ արել ենք, արել ենք ակնհայտորեն հրապարակային եւ բացահայտ: Մենք անհանգստանալու բան չունենք, անհանգստանալու բան ունի յուրաքանչյուր քաղաքացի` իր անձնական կյանքին միջամտելու հարցում: Սա պետք է կարեւորել»: