Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցիալական խնդիրների պատճառով մեր երկրում կան որոշակի ընդվզումներ, եւ ժողովուրդը կգնա այն քաղաքական ուժի հետեւից, որը ոչ միայն վեր է հանում սոցիալական խնդիրները, այլեւ տալիս է դրանց լուծումը:
Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` հավելելով, որ ներկայումս խնդիրներին լուծում տվողը հիմնականում իշխանությունն է:
«Ընդդիմության դաշտում քննադատություններ հնչում են իշխանությունների հասցեին, սակայն սոցիալական խնդիրների լուծման ճանապարհին որեւէ լուրջ առաջարկներ չեն հնչում: Իսկ ժողովուրդը գնում է ոչ միայն խնդիրները վերհանողների հետեւից, այլեւ խնդիրները լուծողների հետեւից»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի` վերջերս կոնկրետ քայլեր են արվում գնաճը զսպելու եւ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու ուղղությամբ: Դրանցից մեկը գյուղացիներին տրվող վարկային ծրագրերն են, որոնց տոկոսադրույքը կարող է լինել 8-10 տոկոս, քանի որ 4-6 տոկոսը սուբսիդավորվելու է պետության կողմից:
Բացի այդ` ՀՀ-ում մեծ ներդրումներ կատարող տնտեսվարողները հնարավոր է` առաջիկա երեք տարիներին ազատվեն շահութահարկ վճարելուց:
Ինչ վերաբերում է ընդդիմությանն ու նրա գործողություններին, Մելիքյանն ասաց, որ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելուց հետո բազմամարդ հանրահավաքներ կազմակերպելու միտումները կմարեն:
«Ես, իհարկե, կցանկանամ, որ ՀՀ-ում լինի լուրջ ընդդիմություն, որը կարող է նախադրյալ լինել ուժեղ իշխանության, սակայն, ցավոք, ընդդիմությունն այդպիսին չէ»,- ասաց նա եւ հավելեց, որ ընդդիմության` արտահերթ ընտրությունների մասին հայտարարություններն ընդամենը ժողովրդին սպասողական վիճակում պահելու հնարք են: