Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017 թ. պետական բյուջեն արտացոլում է այն տնտեսական իրողությունը, որն առկա է երկրում. խոսելով ՀՀ պետական բյուջեի նախագծի մասին` լրագրողներին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
«Համեմատած 2016-ի պետական բյուջեի հետ` էական փոփոխություններ չկան: Եկամուտների մասով` 2017 թ. պետական բյուջեով ակնկալվում է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, ծախսային մասով` մոտ 1 տրիլիոն 360 մլրդ դրամ: Ծախսերն ավելի շատ են, քան կանխատեսված եկամուտները, հետևաբար բյուջեի պակասուրդն էլ կլինի մոտ 150 մլրդ դրամ»,- ներկայացրեց նա:
Խաչատրյանի խոսքով՝ բյուջեի` հատկացումների հետ կապված առանձին հոդվածներում ևս պահպանված է վերջին մի քանի տարվա համամասնությունը: «Մի փոքր ավելացված են սոցիալական ոլորտի հատկացումները. 2016-ի համեմատ` 2017-ին 4 միլիարդով ավելի գումար է նախատեսվում ուղղել: Սոցիալական հատկացումներին բյուջեից կգնա մոտ 408 մլրդ դրամ գումար: Որոշակի ավելացում` մոտ 2.5 մլրդ դրամի չափով, կա պաշտպանության ոլորտին: Մնացած ոլորտներում կա’մ ծախսային հոդվածների փոքր նվազում է նկատվում, կա’մ պահպանվել են 2016-ի համամասնությունները»,- պարզաբանեց տնտեսագետը:
Նրա կարծիքով՝ արմատական, կտրուկ փոփոխությունների 2017 թ. բյուջեն դժվար թե հանգեցնի: Խաչատրյանը նաև նշեց, որ, վերջին մի քանի տարվա բյուջեների հետ համեմատած, 2017-ի բյուջեում միայն մի դրական միտում կա` գործադիր, օրենսդիր մարմինների հատկացումները մոտ 10 մլրդ դրամով նվազել են, դա կարելի է պայմանավորել կառավարության` պետական ապարատի ուռճացված ծախսերի կրճատմանը միտված քաղաքականությամբ:
Բացասական միտումը, ըստ տնտեսագետի, այն է, որ պետական պարտքի սպասարկմանը ավելի մեծ գումարներ ենք ուղղում:
Տնտեսագետը հավելեց նաև, որ գազի գնի իջեցումը դրական կանդրադառնա թե’ բնակչության և թե’ տնտեսության վրա: