կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-09 16:12
Տնտեսական

ՀՀԿ-ի համոզմամբ` բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի

ՀՀԿ-ի համոզմամբ` բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի

2012 թվականի պետական բյուջեի առաջին առանձնահատկությունն այն է, որ բյուջեի դեֆիցիտը հասնում է այն սահմանին, որն այլևս մակրոտնտեսական կայունության տեսակետից վտանգ չի ներկայացնում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

 

«Ճգնաժամի ընթացքում մենք կտրուկ բարձրացրեցինք դեֆիցիտը` հասցնելով այն 7,55 %-ի, և դա էր, որ մեզ թույլ տվեց ճգնաժամի ընթացքում չկրճատել որևէ սոցիալական ծրագիր, նաև թույլ տվեց պետական մարմիններին իրականացնել հակաճգնաժամային լայնամաշտաբ միջոցառումներ: Արդյունքում մեր տնտեսությունը ստացավ էժան վարկային միջոցներ և կարողացավ համեմատաբար արագ վերականգնվել»,- ասաց Գագիկ Մինասյանը` հավելելով, սակայն, որ  ոչ մի երկիր նման բեռ երկար կրել չի կարող:  Եվ 2012 թվականին բյուջեի դեֆիցիտը կհասնի  ընդամենը 3.1  %-ի:

 

2012 թ. բյուջեում մուտքերը 910 մլրդ դրամ են, ծախսերը` 1 տրլն 42 մլրդ, դեֆիցիտը` 132 մլրդ դրամ:

 

Հաջորդ տարվա բյուջեն, ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ, նախորդ տարիների նման կունենա սոցիալական ուղղվածություն, եւ  ծախսերի 48.3%-ն կուղղվեն հենց սոցիալական խնդիրների լուծմանը:

 

Գագիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ ակնկալվող հարկային փոփոխություններին  եւ դրա արդյունքում ստվերի կրճատմանը: Նա նշեց, որ  ստվերը ծնվել է պետության ծնունդի հետ` «երեւի շումերների ժամանակներից», և կշարունակվի, քանի դեռ պետությունը գոյություն ունի:

 

«Ցանկացած երկրում ստվեր կա, խոսքը գնում է այդ ստվերի հետևողական նվազեցման մասին: Ակնհայտ է, որ մեզ մոտ ստվերը շատ ավելի բարձր է, քան նորմալ  զարգացած արևմտյան երկրներում, և խնդիրը հենց այն է, որ այդ ստվերը գնալով նվազեցվի: Կա ստվերը բնութագրող մի ցուցանիշ, դա հարկեր - ՀՆԱ հարաբերակցությունն է, եւ եկող տարվա ընթացքում մենք փորձելու ենք 0.6 տոկոսով բարձրացնել այդ ցուցանիշը` ընթացիկ տարվա ակնկալվող ցուցանիշների նկատմամբ»,- ասաց  Գագիկ Մինասյանը: