|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գաղտնիք չէ, որ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը, պաշտոնը ստանձնելուց ի վեր, իր գործողություններով հարուցել է բազմաթիվ լրատվամիջոցների ու լրագրողների դժգոհությունները` այս կամ այն հարցի հետ կապված:
Այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են իրավաչափ Արսեն Բաբայանի գործողությունները:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հարցը կարող է դիտարկել երեք հարթությունում` իրավական, քաղաքական և բարոյական։ «Իրավական կարգի հետ կապված` թե՛ հետադարձ ուժի, թե՛ կարգում ներառված նոր ցուցանիշների առումով, ես մի քանի լրատվամիջոցների աշխատանքային կարգով մեկնաբանություն տվել եմ, բայց խուսափել եմ հրապարակային մեկնաբանություններից՝ հաշվի առնելով այն փաստը, որ ո՛չ իմ, ո՛չ էլ, առավել ևս, ինչ-որ մի մանր կամ միջին չինովնիկի հայեցողական մեկնաբանությունները չեն կարող դրվել այս կամ այն իրավաստեղծ կամ իրավադադարեցնող նշանակություն ունեցող փաստերի կիրարկման հիմքում կամ Աժ ավանդույթների շարունակականության ապահովման հարցում»,- ասաց նա: Պատգամավորի կարծիքով` այստեղ ասելիք ունի հատկապես դատարանը, որը, նրա խորին համոզմամբ, կտեսնի որոշակի խնդիրներ։
Ինչ վերաբերում է քաղաքական հարթությանը, ապա, ըստ նրա, ԱԺ քաղաքական ղեկավարությունը մշտապես աչքի է ընկել թե՛ իր հանդուրժողականությամբ, թե՛ իր լայնախոհությամբ: «Վստահ եմ, որ այստեղ որևէ քաղաքական խնդիր չկա, քաղաքական հաշվեհարդարի խնդիր էլ չկա, որովհետև այդ նույն հավատարմագրման կարգը, եթե ելնենք այն կանխավարկածից, որ հավատարմագրման կարգում բոլոր դրույթները պահպանված են եղել համապատասխան մարդկանց կողմից, միևնույն է, տալիս է այլ ռեժիմներ Ազգային ժողովի շենք մուտք գործելու, և հենց այդ համատեքստում Ազզային ժողովի ղեկավարությունը, բնականաբար, իր ասելիքը կունենա»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Հարցին` արդյո՞ք ԱԺ նախագահը տեղյակ է այդ դժգոհություններից, պատգամավորը պատասխանեց․ «Ես բացառում եմ, որ Ազգային ժողովի նախագահը որևէ կամայականության կամ որևէ հայեցողական մեկնաբանության հետ կապված որևէ ձևով մասնակցություն ունեցած լինի։ ԱԺ նախագահը որևէ պարտավորվածություն չունի իրավական նրբություններին տիրապետելու, որոնք կարող են հանգեցնել այս կամ այն մեկնաբանությանը։ Այդ իսկ պատճառով՝ ես մատնանշեցի երեք հարթություն, և եթե իրավական հարթության վրա ենք կենտրոնանում, ապա ես՝ որպես իրավաբան, խնդիր տեսնում եմ, բայց կարծում եմ, որ այդ խնդրին վերջնական լուծում պիտի տա ոչ թե ինչ-որ չինովնիկ, այլ դատարանը, իսկ ահա քաղաքական առումով, բնականաբար, ես որևէ խնդիր չեմ տեսնում»։