Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
- Պարոն Իշխանյան, օրերս «Արմենպրես»-ը ներկայացրեց ՀՀ վարչապետի հետ Agence France-Presse-ի թղթակից Իրակլի Մետրեվելիի հարցազրույցը։ Պարոն Իշխանյան, օրերս «Արմենպրես»-ը ներկայացրեց ՀՀ վարչապետի հետ Agence France-Presse-ի թղթակից Իրակլի Մետրեվելիի հարցազրույցը։ Ինչպե՞ս ընկալեցիք այդ հարցազրույցը։
-Անկեղծ ասած, արդեն երկար ժամանակ չեմ կարողանում ոչ տեսնել, ոչ լսել ՀՀ վարչապետ կոչեցյալին՝ ջղերս չեն դիմանում։ Հետո արդեն, լրատվամիջոցներում հրապարակված նրա խոսքի սղագրություն եմ կարդում ու ծանոթանում հերթական կեղծարարություններին։ Այս հարցազրույցը այդ նույն շարքից էր։ Սակայն, հարցազրույցի հիմնական թեզերին եթե ուշադրություն դարձնենք, ապա վարչապետ կոչեցյալը բացահայտում է իր, այսպես ասած, «առաքելության» հիմնական նպատակը, այն է՝ հանձնել Արցախը, բավարարել թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։
-Նույն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Մենք իրականում Ռուսաստանի և Արևմուտքի արանքում չենք, մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք: Եվ իրականում տարածաշրջանի երկրները մեկը մյուսի արանքում են», ավելացնելով, որ մեր պարադիգմը Մոսկվայի ու Վաշինգտոնի արանքում չէ և հայտարարում ․«Անկեղծ ուզում են գտնել հիմնավորումներ, որ այս քաղաքական քարտեզի գոյությունը կարող է բխել տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և չհակասել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերին»: Արցախի և Հայաստանի ապագայի հիմա ինչպիսի նոր վտանգներ կարելի է ակնկալել ՀՀ վարչապետի այս համոզմունքները իր և իր վարչախմբի կողմից իրագործեցուց։
-Այս հատվածն, իմ կարծիքով, հարցազրույցի հիմնական մեխն է։ Եթե ելնենք, վարչապետ կոչեցյալի «տրամաբանությունից» և հաշվի առնենք տարածաշրջանի բոլոր երկրների շահերը՝ հանուն խաղաղ գոյակցության, ապա․․․ պետք էր Արցախը հանձնել Ադրբեջանին, քանի որ հենց Արցախի հիմնախնդիրն էր Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա լարված հարաբերությունների հիմնական պատճառը։ Սրանով, նա բացահայտեց իր, դեռևս որպես լրագրող, ապա ընդդիմադիր գործիչ, 2018թ․ Հայաստանի վարչապետ՝ ստանձնած պարտավորություններն, իրեն հավաքագրած օտար գործակալություններին, այն է՝ Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից, նրան փոխարինելով Թուրքիայով։ Հիշեցնեմ, որ դեռևս 2001թ․, որպես «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր,հրապարակել էր հոդված, հիմնավորելով Ձանգեզուրի միջանցքի կարևորությունը։ Պարզ է, որ առանց Արցախի հիմնախնդրի լուծման, այն է՝ Արցախն Ադրբեջանին նվիրելու, այդ նախագիծն անիրագործելի էր։ Հիշենք, նաև, որ գալով իշխանության, վարչապետ կոչեցյալն անմիջապես սկսեց հակառուսական քայլեր անել՝ առաջինը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը։ Խոսելով տարածաշրջանի երկրների մասին և իբր հերքելով, այլ աշխարհաքաղաքական կենտրոններին, վարչապետ կոչեցյալը «մոռանում» է, որ Թուրքիան մեր տարածաշրջանում, հենց այդ կենտրոններից մեկի՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն է։ Ավելին, նրա նշած, մեր տարածաշրջանի երկրների մեջ՝ Վրաստան, Իրան, Ադրբեջան, Թուրքիա, ամեն ինչ չէ, որ հարթ է։ Լարված են Իրան-Ադրբեջան հարաբերությունները, հարթ չեն նաև Իրան-Թուրքիա հարաբերությունները։ Եվ այս բարդ հարաբերությունների միջև, վարչապետ կոչեցյալը, որպես հավանական դաշնակից ընտրում է ոչ թե Իրանը, այլ նախընտրում է հնազանդվել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Լինելով կիսագրագետ, նա խեղաթյուրում է նաև պատմությունը, ասելով թե Ռուսաստանը 1915թ․ հեռացավ տարածաշրջանից, և տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնեմ, որ հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում, որը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, այլ ոչ ռուսական ազդեցության գոտում։ Իրականում, Ռուսաստանը տարածաշրջանից հեռացավ 1917թ․, Հոկտեմբերյան հեղափոխության պատճառով, որից էլ օգտվելով Արևելյան Հայաստանի վրա հարձակվեց Թուրքիան։ Այնպես որ, եթե իրականանա վարչապետ կոչեցյալի ծրագիրը և Ռուսաստանը հեռանա, ինչպես ավելի քան 100 տարի առաջ, պատմությունը կկրկնվի և օգտվելով դրանից, Թուրքիան անմիջապես կօկուպացնի Հայաստանը։ Եվ եթե այն ժամանակ, հայ ժողովուրդը Արամ Մանուկյանի գլխավորությամբ դիմադրեց և հասավ հաղթանակի, ապա ի՞նչ ենք անելու հիմա․․․ Հիշեցնեմ նաև ընթերցողին, ոչ վարչապետ կոչեցյալին՝ ինչն անիմաստ է, որ 1909թ․, երբ ռուսական գործոն ընդհանրապես չկար և թվում էր, որ այլևս հայ-թուրքական բարեկամություն է, Ադանայում, «բարեկամ» երիտթուրքերի հրամանով կոտորվեցին 30 000 հայեր:
Վարչապետ կոչեցյալը, վկայակոչում է ինչ-որ փորձագետների, ըստ որոնց Ռուսաստանը շուտով հեռանալու է տարածաշրջանից։ Հետաքրքիր է, ովքե՞ր են այդ կարկառուն փորձանքագետները՝ իրեն հպատակ Տիգրան Խզմալյա՞նը, թե Արամ Զ․ Սարգսյանը։ Ուղղակի ծիծաղելի է, իր տերերի առջև ստանձնած պարտավորությունը՝ հեռացնել Ռուսաստանին տարածաշրջանից, այն վերագրել ինչ-որ փորձագետների։
-Այդ հարցազրույցի առթիվ աշխարհի մի շարք լրատվամիջոցներ ահազանգեցին, թե ՀՀ վարչապետը չի բացառում, որ Ադրբեջանի հետ պատերազմը օրերս անխուսափելի է։ Այնինչ, ՀՀ վարչապետը բառացիորեն ասել է․ «Ընդհանրապես, քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ և այդ պայմանագիրը վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից՝ պատերազմն, իհարկե, շատ հավանական է»։ Ըստ Ձեզ, ինչպես պետք է հասկանալ Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունն ու դրա առաջացրած արձագանքը ։
-Իմ համոզմամբ, վարչապետ կոչեցյալը, խոստանալով հանձնել Արցախը, համոզված է եղել, որ Ադրբեջանն ու Թուրքիան դրանով կբավարարվեն, այլևս Հայաստանից պահանջներ չեն ունենա և ինքն ու իր ընտանիքը հավերժ կվայելեն իշխանության բարիքները։ Պատերազմ հրահրելուց, հազարավոր զոհեր տալուց և Արցախն ուրանալուց հետո, նա ապշած է Ադրբեջանի կողմից նորանոր պահանջներից։ Եվ արդեն գիտակցում է, որ ոչ միայն պատերազմը չի ավարտվել, այլև այն ամեն վայրկյան կարող է սաստկանալ և ծնկաչոք խաղաղություն է աղերսում, քաջ գիտակցելով, որ ոչ մի պայմանագիր չի երաշխավորելու իր երազած խաղաղությունը։ Ադրբեջանի նախագահն արդեն պահանջում է ոչ միայն Արցախը, այլև Սյունիքն ու Երևանը։ Հարց է առաջանում, ինչու վարչապետ կոչեցյալը չի պատասխանում Ադրբեջանի իր «բարեկիրթ» գործընկերոջ ամենօրյա հոխորտանքներին, չի պահանջում վերադարձնել գերիներին։ Հավանաբար, նա սարսափում է Ադրբեջանի նախագահի կողմից ինչ-ինչ փաստաթղթեր կամ ձայնագրություններ հրապարակելուց։ Այլ բացատրություն գոյություն չունի։
-Պարոն Իշխանյան, վերջերս լրագրողների հետ զրույցում, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց․ «Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների հետ, ես վստահեցնում եմ ձեզ, 2-3 ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել: Բայց այստեղ մի քանի նախապայման կա. այդ լիազորությունը պետք է լինի հարյուր տոկոսանոց: Երկրորդ, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի, ուղղակի չխոսի ոչ մի տեղ: Այնքան վնաս, ինչքան Հայաստանին ու հայ ժողովրդին տրվել է Փաշինյանի խոսելու արդյունքում, նման այլ բան չկա: Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ, պատերազմից հետո Փաշինյանը խոսելը այդ ամենն ավելի է խորացրել: Այսօր նրա խոսելը ավելի է բարդացնում իր վիճակը եւ օրեցօր ավելի է դժվարացնում իրավիճակ փոխելը»: Ինչպե՞ս եք կարծում, կարող է Փաշինյանը լռել, ուղղակի չխոսել ոչ մի տեղ և հնարավորություն տալ դիվանագետներն բանակցային գործընթացը շրջադարձել։ Թե դա հակառակ կլիներ իր վերոհիշյալ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտության և տարածաշրջանի բոլոր երկրների շահերից գործելու համոզմունքներին։
-Չնայած, Հայաստանի և Արցախի համար ահավոր ծանր իրավիճակին, կարծում եմ, հնարավորություններ կան իրավիճակի որոշակի բարելավման համար։ Բայց․․․ Բայց միայն իշխանափոխությունից հետո։ Կարծում եմ, որ պարոն Վարդան Օսկանյանը մոլորության մեջ է։ Նրան թվում է, որ վարչապետ կոչեցյալի արված և արվելիք գործողությունները, խոսքերը՝ չիմացության, անփորձության, ապիկարության հետևանք են, այլ ոչ նպատակաուղղված, ուղղորդված քայլեր։ Բացի այդ, վարչապետ կոչեցյալն ուղղակի չի կարող լռել։ Նա անվերջ խոսելու բարդույթ ունի։ Ժամանակին լինելով, լրագրող, ապա ընդդիմադիր, այժմ վարչապետ, իրեն կորցնում է խոսափող տեսնելիս և կարծես ուժ է ստանում լսարանից։ Այնպես որ, պարոն Օսկանյանի հույսերը զուր են և անիրականանալի։
-Այդ ցանկին ավելացրեք նաև ռուսաստանցի ճանաչված գործիչներ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, ինչպես նաև հայազգի գործիչներ Մարգարիտա Սիմոնյանին, Սեմյոն Բաղդասարովին և այլոց, ովքեր Ռուսաստանում բավականին ազդեցիկ դեմքեր են և անթաքույց համակրանք ունեն Հայաստանի և Արցախի նկատմամբ։
Վարչապետ կոչեցյալը գավառական բռնապետական բարդույթներով է տառապում։ Նա ոչ միայն չի հանդուրժում իր հանդեպ որևէ քննադատություն, այլև օգտագործելով իշխանական լծակները, վրեժ է լուծում, նույնիսկ նախկինում իրեն վիրավորած անձանցից։ Իր գրպանային իրավապահ մարմիններին հանձնարարում է քրեական գործեր սարքել, կալանավորել իրեն քննադատողներին։ Հայաստանը երբևե չի ունեցել այնքան քաղաքական հետապնդվողներ և քաղբանտարկյալներ, որքան այս հինգ տարիների ընթացքում։ Այսօր, վարչապետ կոչեցյալին սուր քննադատելու համար, կալանավորված է քաղաքական գործիչ, ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը։ Արդեն քանի դեպքեր կան, որ փողոցում տեսնելով վարչապետ կոչեցյալի ավտոշարասյունը, որևէ երիտասարդ գոչում է «դավաճան»։ Դրան անմիջապես հետևում է երիտասարդի ձերբակալումը։Եթե վարչապետ կոչեցյալը հնարավորություն ունենար, իրեն չենթարկվող բոլոր անձանց մահապատժի կենթարկեր և դրանից հաճույք կստանար։ Ձեր կողմից ներկայացված անձանց Հայաստան մուտքի արգելքը պետք է դիտարկել այս համատեքստում։
Հարցազրույցը վարեց Հովհաննես Գռուզյանը