կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-15 11:42
Քաղաքական

Առանձնացված ընկերությունների մասնավորեցումը պետք է ունենա հստակ ծրագրային ուղղվածություն. վարչապետ

Առանձնացված ընկերությունների մասնավորեցումը պետք է ունենա  հստակ ծրագրային ուղղվածություն. վարչապետ

Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հերթական հանձնարարականներին: Վարչապետի խոսքով՝ ներդրումների ներգրավումը խրախուսելու, արտադրական խնդիրների, մասնավորապես` աշխատատեղեր ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակը էականորեն բարձրացնելու նպատակով առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի կապի և ՏՏ, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և մարզպետերին հանձնարարվեց երեքշաբաթյա ժամկետում պետգույքի կառավարման վարչության հետ համատեղ քննարկել ու ներկայացնել պետական մասնակցության այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետգույքի մասնավորեցման ծրագրում:

«Այսուհետ առանձնացված ընկերությունների հետագա հնարավոր մասնավորեցումը պետք է ունենա միայն հստակ ծրագրային ուղղվածություն»,- ասաց վարչապետը:

Նա նաև հանձնարարեց պետգույքի կառավարման վարչության պետին` ամփոփել ներկայացված առաջարկությունները, մասնավորապես` մասնավորեցման ծրագրում փոփոխություններ կատարել ՀՀ օրենքի նախագծում, այն մեկ շաբաթվա ժամկետում ուղարկել կառվարության աշխատակազմ: Վարչապետը հարցրեց Արման Սահակյանի, թե արդյո՞ք ժամկետները բավարար են:

«Պարո'ն Սահակյան, մենք պայմանավորվել ենք որոշել` պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների հաշվետվությունները, պլանային ցուցանիշները շահութաբե՞ր են, թե՞ չէ: Մենք պետք է քննարկում անեինք ու լսեինք առաջարկություններ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Արման Սահակյանը նշեց, որ ֆինանսատնտեսական մոնիտորինգն ավարտված է, 2015թ. ցուցնանիշերն ամբողջությամբ պատրաստ են, կառավարության որոշման համաձայն` 2016թ. ֆինանսատնտեսական ցուցանիշները պատրաստ կլինեն մայիսին, որովհետև այդ ժամկետն է տրամադրված, բայց գործընթացը կարող են սկսել: «Ըստ էության, 2015թ. ցուցանիշերը կան, և դրանց հիման վրա կարող ենք քննարկումներ սկսել»,- ասաց նա: