Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն արդեն ներկայացրել է 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը, համաձայն որի` մեր երկրի ՀՆԱ-ն մյուս տարի աճելու է ընդամենը 4.2 տոկոսով, նախորդ տարվա` 4.6 տոկոսի փոխարեն: Եկամուտները դառնալու են 910 միլիարդ դրամ, որը 6.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, եւ ծախսային մասով կառավարությունը պլանավորել է 1 տրիլիոն 42 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից 41.5 միլիարդ դրամով ավելի է:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը եւ նշեց, որ բյուջետային այս համամասնությունները չեն կարող գոհացնել, քանի որ դրանք հեռու են բավարար լինելուց:
Խոսելով պետական բյուջեի եկամուտների եւ ՀՆԱ-ի համամասնության մասին` բանախոսը նշեց, որ նկատելի է` հաջորդ տարի մեկ տոկոսով քիչ են հարկահավաքություն կատարելու, ինչը խոսում է տնտեսության մեջ ստվերային դաշտի առկայության մասին. «Սրա պատճառն այն է, որ մեզ մոտ ազատ մրցակցությունը բավարար հիմքերի վրա չէ, կան օլիգարխիկ տնտեսություններ, մոնոպոլիաներ»:
Վ. Սաֆարյանի խոսքերով` զարգացող երկրներում ստվերայնությունը պետք է քչանա, շուկան լինի ինքնակարգավորվող, թեեւ ամեն ինչ չէ, որ պետք է ինքնահոսի թողնել:
«Կան վտանգներ եւ ռիսկեր: Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը կառավարության ուշադրությունը սեւեռում են այն ցուցանիշի վրա, որ հարկահավաքության տոկոսը ցածր է, այսինքն` հետ ենք մնում միջազգային տնտեսության զարգացման միտումներից: Իսկ սա հղի է նրանով, որ այդ կառույցները կարող են ոչ լիարժեք վարկավորում տալ, որպեսզի մեր տնտեսությունը կարողանա բյուջետային դեֆիցիտը փակել»,- ասաց Վ. Սաֆարյանը:
Նա նշեց, որ հաջորդ տարվա բյուջետային դեֆիցիտը 132.5 միլիարդ դրամ է, որը 0.8 տոկոսով քիչ է, նախորդ տարվա համեմատությամբ, սակայն, այնուամենայնիվ, այն փակելու համար համապատասխան ֆինանասավորում է պետք հայթայթել:
Վ. Սաֆարյանը նշեց նաեւ, թե ընդհանուր գծերով 2012 թվականի պետբյուջեն սոցիալական ուղղվածություն ունի. «Եթե անցյալ տարի մեր սոցիալական հատկացումները եղել են 271.9 միլիարդ դրամի չափով, այս տարի նախատեսվում է 307.3 միլիարդ դրամ: Այսինքն` սոցիալական քաղաքականությանը հատկացվող միջոցները ավելանում են 35 միլիարդ դրամով: Իսկ դա նշանակում է, որ մեր թոշակառուները 3000 դրամ ավելի թոշակ են ստանալու եւ 2700 դրամ ավելի` նպաստ»:
Բանախոսը սոցիալական այս ուղղվածությունը դրական է գնահատում, սակայն մյուս կողմից ավելի գնահատելի կհամարեր, եթե բյուջեն ունենար ներդրողական քաղաքականություն. «Պետության կողմից ներդրումներ արվեին տնտեսության հիմնական ճյուղում` արդյունաբերությունում, որը, ցավոք սրտի, բյուջետային այս քաղաքականության մեջ ներառված չէ»: