Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ին ուզենք, թե չուզենք, սիրենք, թե չսիրենք, բայց պետք է արձանագրենք, որ իր նպատակին հասել է. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ հավելեց, որ ՀԱԿ-ի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ դարձել է հիմնական բեւեռ:
Նման պայմաններում, ըստ Հայրիկյանի, եթե քաղաքական մյուս ուժերը շարունակեն իրենց պահել այնպես, ինչպես այսօր են պահում, ընտրություններից առաջ կկանգնեն երկընտրանքի առջեւ` «կա'մ կանգնել ՀԱԿ-ի կողքին, որովհետեւ ՀԱԿ-ն ընդունակ չէ ուրիշի կողքին կանգնել, կա'մ էլ կանգնել իշխանության կողքին»:
ՀԱԿ-ի կողքին ԱԻՄ-ի կանգնելը Հայրիկյանը քիչ հավանական համարեց, «քանի որ ՀԱԿ-ի համար ժողովրդավարությունը խորթ հասկացություն է», բացի այդ` նա չի կարծում, որ ՀԱԿ-ը կընդունի «կատարյալ ժողովրդավարության»` ԱԻՄ-ի առաջարկը: ԱԻՄ նախագահը հավանական համարեց «Ժառանգություն»-ՀԱԿ համագործակցությունը, բայց շտապեց նշել, որ «Ժառանգությունը» նման քայլի կգնա ճարը կտրած:
«Այս ընտրությունները լինելու են 1996թ.-ի ընտրությունների նման` երկբեւեռ: 1996թ.-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ Վազգեն Մանուկյանից բացի, այլ թեկնածուներ եւս կային, բայց նրանք դարձան 10-րդական ուժեր, որովհետեւ երկբեւեռ ընտրություն էր»,- նշեց Հայրիկյանը եւ վստահեցրեց, որ ՀԱԿ-ը նոր խորհրդարանում չի հայտնվի միայն այն դեպքում, եթե նոր բեւեռ գոյանա:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով փոխարինելու` ՀԱԿ-ի որոշմանը, Հայրիկյանը նշեց, որ ուրախ է, որ ՀԱԿ-ն, ի վերջո, հասկացել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելուց առաջ ներկայիս խորհրդարանը Սահմանադրության կարգին համաձայն պետք է իր գործունեությունը դադարեցնի:
«Ի տարբերություն այն ժամանակների, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը քնից կարող էր զարթնել եւ խորհրդարանը ցրել, այսօր Սահմանադրական կարգ կա»,- նկատեց ԱԻՄ նախագահը եւ հավելեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը կարող է եւ ՀԱԿ-ի նախորդ խաղի շարունակությունը լինել` «տեսեք-տեսեք` նոր բան ենք ասում, կարեւոր, անփոխարինելի միավոր ենք այս կյանքում»:
Նա վստահեցրեց նաեւ, որ ՀԱԿ-ը վայելում է ժողովրդի 1/3-ի համակրանքը, բայց ունի նույնքան եւ ավելի` իրեն բացարձակապես չընդունողներ: «ՀԱԿ-ում շատերն են ասում, որ իրենց Տեր-Պետրոսյանը չի հետաքրքրում, իրենք պարզապես փոփոխություններ են ուզում»,- եզրափակեց ԱԻՄ նախագահը: