կարևոր
3319 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-13 13:02
Աշխարհ

Ուկրաինան, անկասկած, կմիանա ՆԱՏՕ-ին. Բայդեն

Ուկրաինան, անկասկած, կմիանա ՆԱՏՕ-ին. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն նշել է, որ «մինչ այդ անհրաժեշտ է լուծել մի շարք հարցեր», փոխանցում է interfax.ru-ն։

«Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, դրանում կասկած չկա։ Վիլնյուսի գագաթնաժողովում մենք ասել ենք, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ, երբ բոլոր դաշնակիցները համաձայնեն և պայմանները կատարվեն», - ասել է Բայդենը Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում։

Բայդենը հավելել է, որ, իր կարծիքով, ներկայումս դաշինքին Կիևի միանալու հարցը դեռ արդիական չէ, քանի որ ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացնել ոչ թե այս թեմայի, այլ ուկրաինական ճգնաժամի վրա։

Նոյեմբերի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել էր, որ դաշինքի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան դառնա կազմակերպության անդամ, իսկ մինչ այդ անհրաժեշտ է իրականացնել այն բարեփոխումները, որոնց համար դաշնակիցները առաջարկություններ են պատրաստել։

«Մենք առաջարկություններ ենք մշակել Ուկրաինայում առաջնահերթ բարեփոխումների համար, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը», - ասել է նա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստից հետո՝ արտգործնախարարների մակարդակով:

Ըստ Ստոլտենբերգի՝ «Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ», և դաշինքը կշարունակի աջակցել նրան։