Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները ցույց տվեցին, որ Կոնգրեսի վարկանիշը նվազել է, եւ այն ՀԱԿ-ը, որ կար 2008 թվականին, այլեւս գոյություն չունի: Քաղաքագետը կանխատեսում է, որ, հաշվի առնելով այդ հանգամանքը, կփոխվի նաեւ ՀԱԿ-ի ռազմավարությունը եւ մարտավարությունը: Ըստ նրա` դա նկատել է նաեւ իշխանությունը, եւ նա եւս կփոխի ՀԱԿ-ի հետ հարաբերվելու իր ռազմավարությունը:
«Տեր-Պետրոսյանը պահանջում էր արտահերթ ընտրություններ, բայց բոլորն էլ հասկանում էին, որ իշխանությունները դրան չեն գնա: Մինչեւ սեպտեմբերի 30-ը նա ժամկետ էր տվել իշխանությանը, եւ երբ այդ ժամկետն ավարտվեց, Տեր-Պետրոսյանի թիմը պահանջեց, որ նա գնա փաստացի քայլերի: Տեր-Պետրոսյանը գիտակցում էր, որ վճռական քայլերը, փաստորեն, ոչ մի բանի չեն տանի, բայց քանի որ խոսք էր տվել, ստիպված, իր խոսքի տերը լինելու համար գնաց այդ քայլին: Սակայն այդ քայլն ապացուցեց, որ ՀԱԿ-ն այլեւս մեծ ռեսուրսներ չունի, որպեսզի կարողանա լուրջ ցնցումներ իրականացնել Հայաստանում, եւ դա տեսան թե' նրա շրջապատը, թե' իշխանությունները»,- նշեց քաղաքագետը:
Նրա համոզմամբ, եթե մինչ այս Լեւոն Տեր-Պետրոսյանին կարող էին մեղադրել, որ նա չի գնում վճռական քայլերի, ապա այսօր նման բան արդեն չի լինի: Այսինքն` Տեր-Պետրոսյանը իր թիմակիցներին համոզելու համար, որ հեղափոխական իրավիճակ չկա, գնաց այդ քայլին եւ այդ քայլով ցույց տվեց բոլորին, որ ՀԱԿ-ն այլեւս չի կարող վճռական քայլերի գնալ: Փաստորեն, Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ ինքը ճիշտ դուրս եկավ, բայց դա եղավ ՀԱԿ-ի վարկանիշի անկման հաշվին:
«Եթե գոնե այս տարվա փետրվար-մարտ ամիսներին ՀԱԿ-ն էր թելադրում խաղի կանոնները, ապա այսօր դերերը փոխվել են. իշխանությունններն այսուհետ ավելի կկոշտացնեն իրենց դիրքորոշումը, եւ ՀԱԿ-ը պետք է որոշում կայացնի` կա'մ գնալ երկխոսության իշխանության հետ, կա'մ ավելի ծայրահեղ քայլերի դիմել, ինչը Կոնգրեսի համար շահավետ չի լինի, որովհետեւ կստեղծվի մարգինալացված համակարգ»,- նշեց քաղաքագետը: