կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 15:03
Հասարակություն

Մեծ ցնցումներ չեն լինի. Լևոն Մկրտչյանը նշեց` դպրոցների օպտիմալացման դեպքում ինչ է փոխվելու

Մեծ ցնցումներ չեն լինի. Լևոն Մկրտչյանը նշեց` դպրոցների օպտիմալացման դեպքում ինչ է փոխվելու

Մայիսի 11-ին կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին` 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը:

Հանձնարարականի հետ կապված հիմնական մտահոգությունն ուսուցիչների շրջանում այն էր, թե արդյո՞ք դա նշանակում է նաև ուսուցչական կազմի կրճատում, և առաջիկայում դա մարզային դպրոցներին էլ  չի՞ սպառնա: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշեց, որ խոսքը դպրոցների` ավելի համալիր զարգացման ծրագրի և միայն քաղաքային դպրոցների մասին է:

ԿԳ նախարարի պաշտոնակատարի հավաստմամբ` իրենք գտել են բանալին: «Կրթության որակի հետ կապված մեր խնդիրներից մեկն այն է, որ դպրոցը ժամը 1-ից հետո կա'մ անցնում է երկրորդ հերթի, կա'մ փակվում: Այսինքն` երեխան չի մնում դպրոցում, քանի որ խմբակներ, լրացուցիչ ծառայություններ չկան, որոնք դպրոցը կենդանի կպահեն մինչև ժամը 5-ը: Եթե մենք գնանք երկրորդ հերթի աստիճանաբար բացառմանը, կստանանք բավականին հետաքրքիր վիճակ` երկրորդ հերթով ապրող դպրոցների բեռնաթափման հաշվին կլցվեն այն դպրոցները, որոնք թերբեռնված են: Մեր խնդիրը հետևյալն է` քաղաքում դպրոցների մի զգալի հատված գերբեռնված է, մյուս մասը` թերբեռնված, և մենք ուղղակի այս երկուսին հավասար առաջ գնալու հնարավորություն ենք տալու` հավասարեցնելով, միավորելով ուժերը»,- ասաց Մկրտչյանը:

Նա վստահեցրեց, որ վերաբաշխումը շատ մեծ ցնցումներ չի բերի, ուղղակի կստիպի, որպեսզի դպրոցը լիարժեք աշխատի և կատարի իր ամբողջական ֆունկցիան, որովհետև երկրորդ հերթով կամ եռահերթ դպրոցներում կրթության որակը շատ դժվար է պահել:

Ինչ վերաբերում է կրճատումներին, ապա Մկրտչյանը նշեց, որ, բնականաբար, եթե աշակերտների հոսքը պետք է գնա մեկ այլ դպրոց, մանկավարժների կարիք էլ այդ դպրոցը կունենա: «Մանկավարժների ավելցուկ ասելով` մենք նրանց ստացած գումարը նկատի չունենք, քանի որ ուսուցիչներին ֆինանսավորում ենք` ըստ աշակերտների թվի, նկատի ունենք, որ մանկավարժների մեծ մասն աշխատում է կես դրույքով, քառորդ դրույքով, այսինքն` թերծանրաբեռնված են աշխատում: Սա այն դեպքը չէ, որ ունենք շատ մեծ ավելցուկ և պետք է կրճատումներ անենք: Այո, ուսուցչական մի փոքր ավելցուկ առաջացել է, երբ աշակերտների թիվը կրճատվել է, իսկ ուսուցչական կազմը մնացել է, բայց ոչ թե հաստիքների ձևով, քանի որ արդեն ասացի, որ աշակերտների թվով են ֆինանսավորվում, այլ սկսել են, օրինակ, քառորդ դրույքով աշխատել: Այս դեպքում մենք որակի անկում ենք ունենում: Պատկերացրեք, որ ունենք ուսուցիչ, ով 40 000 դրամ աշխատավարձ է ստանում, բնականաբար, նա կրկնուսույցային մեթոդների կդիմի և իր ֆունկցիաները չի կատարի»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Բացի այդ, ըստ Մկրտչյանի, Երևանում դպրոցների օպտիմալացումը հնարավորություն կտա զգալի գույքային միջոցներ ազատելու, քանի որ, օրինակ, եթե այսինչ դպրոցը կառուցված է 1300 աշակերտի համար, իսկ հիմա այնտեղ սովորում է 300 աշակերտ, այս դեպքում մի կորպուսը կազատվի` խնայելով դպրոցի պահպանման ծախսերը: Նախարարի խոսքով` երբեմն դպրոցները սկսում են վարձակալությամբ տալ իրենց ազատ հատվածը, իսկ վարձակալումը կոռուպցիոն մեծ ռիսկեր ունի:

«Օպտիմալացման առաջին փուլում դպրոցները կմիավորվեն, կմիաձուլվեն և կտեղաշարժվեն, այսինքն` ակնառու դեպքերը, երբ, ասենք, 200-300 մետրի վրա 2 դպրոց է գործում: Դպրոց փակելու մասին չէ խոսքը, քանի որ դպրոցը փակվում է, երբ բնակավայրը սկսում է մարել, բայց մենք ասում ենք, որ, օրինակ, եթե երկու` կողք կողքի դպրոց կա գործող, դրանք կմիացնենք որպես հիմնական դպրոց, իսկ մյուսը կդարձնենք միջնակարգ: Մյուս կողմից` շատ կարևոր է, որ յուրաքանչյուր տեղ, որտեղ բնակավայր կա, լինի դպրոց, քանի որ մենք պարտավոր ենք ապահովել յուրաքանչյուրի կրթական իրավունքը»,- ասաց  Մկրտչյանը:

Հարցին, թե մարզային քաղաքներում նույնպե՞ս լինելու է օպտիմալացում, նա պատասխանեց. «Այո: Մարզային մի քանի քաղաքներում կլինի միացում, օրինակ` Գյումրիում, Աբովյանում կան կողք կողքի դպրոցներ, որոնք կմիանան»: