կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 14:50
Քաղաքական

Համոզված չեմ, որ Հայաստանում սոցիալական հողի վրա հնարավոր են ցնցումներ. Աղվան Վարդանյան

Համոզված չեմ, որ Հայաստանում սոցիալական հողի վրա հնարավոր են ցնցումներ. Աղվան Վարդանյան

Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի` ամեն ժողովուրդ իր բնույթն ու տեսակն ունի: ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին և Հայաստանում նույն սցենարների հավանականությանը` Վարդանյանը նշեց. «Համոզված չեմ, որ Հայաստանում սոցիալական հողի վրա հնարավոր են ցնցումներ կամ լուրջ պրոցեսներ: Քանի դեռ սոցիալական խնդիրները չեն զուգակցվում ազգային խնդիրների հետ, ցնցումները լավ արդյունք չեն ունենա»:

 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ կձևավորվեն Հայաստանի և Ուկրաինայի նոր իշխանությունների միջև, նա կարծիք հայտնեց, որ երբ Ուկրաինայում քաղաքական իրադրությունը հստակեցվի, այն ժամանակ էլ Հայաստանի իշխանությունները կհայտնեն իրենց դիրքորոշումը և նորմալ հարաբերություններ կհաստատեն Ուկրաինայի հետ: «Հուսով եմ, որ Ուկրաինայում տևական ցնցումից և ողբերգությունից հետո կողմերը կգտնեն լուծումներ: Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է լեզու գտնեն, որ Ուկրաինան չտրոհվի»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 

Պատգամավրը նշեց, որ Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, օր օրի հանրության շրջանում դժգոհություններն աճում են, ուստի պետք է կարողանալ ներքին խնդիրները լուծել, այլ ոչ թե արհեստականորեն նոր պրոբլեմներ ստեղծել: «Մեր հարցերը պետք է կարողանանք ինքներս լուծել»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցության հեռանկարներին, պատգամավորը կարծիք հայտնեց, որ Հայաստանը Մաքսային միության անդամակցության շրջանակներում առավելություններ կունենա մի դեպքում` եթե բանակցողները կարողանան Հայաստանի համար բացառություններ և առավելություններ ապահովել, հակառակ դեպքում՝ Հայաստանը տուժելու է: «Այնպես որ` այդ բանակցություններից է կախված Մաքսային միության անդամակցության արդյունքը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 

Լրագրողներից մեկի հարցը, որը սկսվում էր «բանը նրանում է, որ...» ձեւակերպումով, մեղմ ասած, դուր չեկավ Աղվան Վարդանյանին, եւ նա հայտարարեց. «Ոչ թե բանը նրանում է, այլ բանն այն է: Ամեն անգամ, երբ վարչապետը այդպես է ասում, բարկանում եմ: Սա ասում եմ, որ մեզ չմեղադրեք հայերենի չիմացության մեջ»:

 

Ճեպազրույցի ընթացքում հարց հնչեց նաեւ Հրայր Թովմասյանի եւ նրա հայտնի արտահայտության ու Արմեն Ռուստամյանի պատասխանի մասին: Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ թեման ՀՅԴ-ի համար փակված է: