Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 ժամ»-ը գրում է. «Հասարակության շրջանում գնալով խորանում է հիասթափությունն իշխանությունների գործողություններից։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե իշխանափոխությունը որքանով չլուծեց այն խնդիրները, որոնք կային երկրում։
Մի պահ մարդիկ հույս ունեին, որ գալու է Նիկոլ Փաշինյանը և հոգալու է իրենց հոգսերը։ Եկավ Նիկոլ Փաշինյանը, բայց հոգսերը շարունակում են թակել մարդկանց դռները։
Ժամանակն անցնում է, իսկ երկրում սոցիալական իրավիճակը չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանն էլ այլևս նախկինը չէ։
Հիմա արդեն նա չի էլ ուզում լսել այն մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, ովքեր ոչ վաղ անցյալում Հայաստանի 3 միլիոն վարչապետներից մեկն էին և իրավունք ունեին ոտքով բացել պետական հիմնարկների դռները։ Հիմա արդեն ամեն մարդ ինքը պիտի հոգա իր հոգսը, դա այլևս կառավարության խնդիրը չէ։ Հիմա արդեն վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը ոչ պակաս քամահրանքով է խոսում Հայաստանի հպարտ քաղաքացու հետ. ինչպես խոսում էին նախկինները։ Հիմա արդեն երկրում սոցիալական վատ վիճակի մեղավորը ոչ թե կառավարությունն ու քաղաքական իշխանությունն է, այլ քաղաքացիները, ովքեր չեն ուզում աշխատել և հոգալ իրենց հոգսերը։
Պարզվում է՝ Հայաստանում այլևս աշխատատեղի խնդիր չկա, պարզապես մարդիկ չեն ուզում աշխատել։ Աշխատանք կա, բայց աշխատող չկա։
«Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազմաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում–գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում»,– ասում է վարչապետը։
Թվում է, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում այնքան նոր աշխատատեղեր են ստեղծվել, որ աշխատողներն այլևս չեն բավականացնում։
Պարզ է, որ այդպես չէ։ Ավելին, այս ընթացքում գուցե Հայաստանում ավելի շատ աշխատատեղեր են փակվել, քան բացվել։ Ընդ որում, նաև կառավարության մեղքով։
Հիմա, երբ մարդիկ բողոքում են աշխատանք չունենալուց. դա ամենևին էլ չի նշանակում, թե աշխատանք կա, բայց նրանք չեն ուզում աշխատել։ Եվ պետք չի տպավորություն ստեղծել, թե կառավարությունը բոլոր պայմաններն ապահովել է, որպեսզի մարդիկ աշխատեն ու ինքնուրույն հոգան իրենց հոգսերը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: