կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-29 11:15
Առանց Կատեգորիա

Ռուսական վերադարձի հայկական ստվերը

Ռուսական վերադարձի հայկական ստվերը

Սերժ Սարգսյանի իշխանությունը կառուցված է քոչարյանական սխեմայի, քոչարյանական կադրային ռեսուրսների և նրա ստեղծած քաղաքական բալանսի վրա: Բայց անցած 4 տարիների ընթացքում գործող նախագահն անընդհատ փորձել է դուրս գալ այդ ծանրության տակից, ստեղծել սեփական թիմը, կառավարման սեփական մշակույթը, վարել որքան հնարավոր է՝ անկախ ու ինքնուրույն արտաքին քաղաքականություն, որը հիմնական կետերում` հայ-թուրքական և ղարաբաղյան հիմնահարցերում, ուղղակի հակասում էր Քոչարյանական պատկերացումներին և դիրքրոշումներին:

 

Որքանով է հաջողվել դուրս գալ երկրորդ նախագահի ստվերից, ըստ էության պարզ կդառնա առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բայց իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը ինքնուրույն նախագահ դառնալուն ուղղված քայլերն սկսել է գրեթե այդ պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո` միանգամից քաղաքական մեկուսացման ենթարկելով Քոչարյանի իշխանության առանցքային երկու ֆիգուրներին` նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին և վերահսկողական ծառայության, ապա նաև հարկային պետական ծառայության նախկին պետ Վահրամ Բարսեղյանին:

 

Քոչարյանի ազդեցության թուլացմանն ու իր վերընտրության երաշխավորմանն էր ուղղված նաև 2010-ի վերջին նոր կուալիցիոն համաձայնագրի ստորագրմանը հասնելը, որը Սերժ Սարգսյանի համար սկզբունքային նշանակություն ուներ: Եթե այդ փաստաթուղթը նույնիսկ ձևական բնույթ էր կրում, ապա գոնե ամրագրում էր Սարգսյանի` նախագահ վերընտրվելու, այսինքն՝ իշխանությունը չհանձնելու մտադրությունը, որի հետ որևէ մեկը հաշվի չնստել չի կարող: Սերժ Սարգսյանը ստիպված էր գործել չափազանց բարդ քաղաքական, տնտեսական պայմաններում` զուգահեռաբար երկու ճակատով: Մի կողմից թուլացնելու համար մարտիմեկյան ողբերգական դեպքերի քաղաքական հետևանքները, տերպետրոսյանական ճնշումները և չեզոքացնելու սոցիալական բունտի կամ անհնազանդության հնարավորությունները, իսկ մյուս դեպքում` նաև Ռոբերտ Քոչարյանին հասկացնելու, որ իշխանության իրական կրողն ինքն է և կաշկանդված չէ նրա օժանդակությամբ իշխանության գալու հանգամանքով:

 

Այս երկբևեռ, խուլ պայքարում Սերժ Սարգսյանի հաղթանակն առայժմ ապահովում են երկու հիմնական գործոն: Մի դեպքում այդ երկու բևեռների հակադրության ու փոխբացառման հանգամանքն օգտագործելով՝ նրանց միջև բալանս ապահովելը, իսկ մյուս դեպքում՝ արտաքին լեգիտիմություն ձեռք բերելը: Այս ամենն, իհարկե, չի նշականում, թե Քոչարյանի վերադարձի բոլոր ճանապարհները փակված են: Այն փաստը, որ պաշտոնաթողությունից հետո նրա ցանկացած խոսք, գնահատական բուռն արձագանքի է արժանանում թե՛ արմատական ընդդիմության և թե՛ իշխանության ներկայացուցիչների կողմից, վկայում է, որ նրան, որպես պոտենցիալ մրցակից, լուրջ են վերաբերվում քաղաքական բոլոր բևեռները: Քոչարյանն իր նախորդից և հաջորդից շահեկանորեն տարբերվում է նաև նրանով, որ նրա պաշտոնավարման շրջանում երկրում, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, սոցիալական համեմատաբար տանելի պայմաններ էին ստեղծվել:

 

Իսկ դա, ինչպես ցույց է տալիս Հայաստանի քաղաքական պատմությունը, երկարաժամկետ կտրվածքով հասարակական վարքագծի և գնահատումների վրա ազդող ամենաառաջնային գործոնն է: Բայց միայն երկարաժամկետ կտրվածքով, որովհետև այդ ամենին զուգահեռ, Քոչարյանի` պուտինյան սինդրոմով վերադարձը դժվարացնող ամենակարևոր գործոնը մնում է մարտիմեկյան իրադարձությունների հետևանքների չվերացվածությունը և այդ հարցը քաղաքական օրակարգում լինելու հանգամանքը: Դա այնպիսի լուրջ խնդիր է, որի անտեսումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել անգամ ներկայիս իշխանության համար: Իսկ դա հավասարապես ձեռնտու չէ ո'չ գործող, ո'չ էլ նախորդ նախագահներին:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ