կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-02 18:57
Հասարակություն

Եթե հացամթերքի ոլորտում ստվերը կրճատվի, հացի ու ալյուրի գները կբարձրանան

Եթե հացամթերքի ոլորտում ստվերը կրճատվի, հացի ու ալյուրի գները կբարձրանան

Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի հարցին` հնարավո՞ր է, որ խոշոր գործարարների`ստվերից դուրս գալու արդյունքում նրանք բարձրացնեն իրենց ապրանքների գները, ինչպես դա արդեն նկատվում է հացամթերքի ոլորտում, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ հանդիպել են նաև հացամթերք արտադրությամբ զբաղվող գործարարների հետ և ներկայացրել կառավարության կողմից դրվող հիմնախնդիրը, այն է` գործարարների կողմից ոչ ճիշտ հայտարարագրեր կազմելը և ստվերից դուրս գալը:


«Մենք լավ գիտենք, թե Հայաստանում քանի հաց արտադրող կա, հազարավոր հաց արտադրողներից փոքր բիզնեսում ներգրավված հացարտադրողների հետ բացարձակ գործ չենք ունենալու, մենք գործ ենք ունենալու միջին և խոշոր հացարտադրողների հետ, ովքեր ցույց են տալիս շրջանառություն, որն իրականության հետ կապ չունի»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է արտադրանքի գների բարձրացմանը, փոխնախարարը նշեց. «Եթե աստիճանաբար գնանք, գների բարձրացում չի լինի, բայց եթե կտրուկ քայլեր անենք` կարող է գնաճ արձանագրվել»:


Արմեն Ալավերդյանը վստահեցրեց, որ ստվերային բոլոր ոլորտներում շահութաբերությունն այնպիսին է, որ եթե անգամ գործարարները 1-2 տոկոսը զիջեն, դա գների վրա չպետք է անդրադառնա: Բայց առանձին ոլորտներ կան, որտեղ ստվերը իսկապես լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:


Մեր այն հարցին, թե փոխնախարարն ուզում է ասել, որ ալյուրը չի՞ թանկացել, Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Էս պահին ես նման տեղեկատվություն չունեմ, բայց եթե այդ ոլորտում ստվերը կրճատենք էականորեն, ես կարծում եմ, որ հացի ու ալյուրի գնի բարձրացում որոշակի հնարավոր է»: