կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-28 05:16
Տնտեսական

Ստվերը բերել հարկման դաշտ

Ստվերը բերել հարկման դաշտ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ:

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և նրա տեղակալներն ու համապատասխան վարչությունների պետերը հանրապետության ղեկավարին ներկայացրել են ՊԵԿ հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները, մաքսային և հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ` նախկին հանդիպումների ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականների կատարման ընթացքը:

Մասնավորապես` անդրադարձ է եղել Կոմիտեի էլեկտրոնային կառավարման ներկա վիճակին և համակարգի հիմնախնդիրներին, բարեփոխումների ծրագրերից բխող գործողությունների ժամանակացույցի համաձայն իրականացված և նախատեսվող աշխատանքներին, վիճակագրական տվյալների վերլուծությանն ու դրա արդյունքների կիրառմանը մաքսային հսկողության ժամանակ, սահմանային կառավարման համակարգի բարելավման աշխատանքների ուղղությամբ իրականացվող աշխատանքին, 2011թ. անցած չորս ամիսների մուտքերի կատարողականին և մի շարք այլ հարցերի:

Գագիկ Խաչատրյանը զեկուցել է, որ հարկ վճարողների համար կրճատվել է փաստաթղթաշրջանառությունը, փոխվել է հաշվետվական համակարգը` դարձնել է ավելի պարզ: Տնտեսավարող սուբյեկտների համար մենք ստեղծվել է էլեկտրոնային կառավարման համակարգ, ավելացված արժեքի հարկի վճարման խնդիրները լուծվել են՝  կիրառելով ավտոմատ համակարգ: Բացի այդ` կանխվել է գերավճարների` նախկինում գործող արատավոր պրակտիկան, ներմուծվել է բիզնեսի գրանցման, հաշվառման համար մեկ պատուհանի սկզբունքը:

Իր խոսքում նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ նպատակադրումը շատ հստակ է. պետք է առաջին հերթին փոխել հարկային և մաքսային մարմինների ընկալումը հասարակության և գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից այն վերածելով հարկ վճարողների սպասարկման ժամանակակից ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող մարմնի:

«Սա անելու համար ոչ միայն պետք է կարողանանք վերափոխել ձեր գերատեսչության գործունեության տրամաբանությունը, այլև տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միևնույն ժամանակ, նաև հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային և մաքսային համակարգերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում և, ամենակարևորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների և արդարության ապահովման հարցերում: Սա երևի թե ամենակարևոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում»,- ասել է հանրապետության ղեկավարը:

«Ձեր առջև իսկապես բավականին դժվար խնդիր է դրված. դուք ոչ միայն պետք է կարողանաք արագ բարեփոխումների շնորհիվ հնարավորինս թեթևացնել վարչարարության բեռը մեր գործարարների համար, բիզնեսի համար, այլև այդ ընթացքում պետք է կարողանաք ապահովել պատշաճ հարկահավաքություն: Ավելին ասեմ, մենք պիտի կարողանանք տարեցտարի ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` հարկման դաշտ բերելով ավելի ու ավելի շատ հատվածներ ստվերից: Իսկ որ ստվեր գոյություն ունի և այդ ստվերն իր չափերով, ցավոք, մեր կողմից դժվար գնահատելի է, այստեղ, կարծում եմ, դուք որևէ կասկած չունեք»,- նշել է նախագահը` շեշտելով, որ մի կողմից պետք է թեթևացնել վարչարարությունը, կատարելագործել այն, դարձնել մեր գործարարների համար առավել ընդունելի, մյուս կողմից՝ ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, այսինքն ավելի շատ հարկեր հավաքել: Դժվար խնդիր է, շատ դժվար խնդիր է, բայց, համոզված եմ, իրականանալի»,- ասել է Սերժ Սարգսյանը: