Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բերդ քաղաքից մինչեւ Չորաթան հասնելը մեզանից պահանջվեց 30 րոպե. պատճառը ճանապարհների անմխիթար վիճակն է: Վերջին անգամ այս ճանապարհն ասֆալտապատել են 35 տարի առաջ, որի հետքն էլ չի երեւում:
Ինչպես բոլոր գյուղերում, այս բնակավայրում նույնպես դժգոհում էին թանկությունից եւ իշխանությունների անտարբերությունից: Գյուղում արդեն մեր ստացած ճանապարհային խղճուկ տպավորությանը գումարվեց չքավորությունը: Քաղաքական թեմաների մասին խոսում էին գյուղամեջում հավաքված նարդի խաղացողները: Նրանցից Միշան քննադատեց գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններին` նշելով, որ «միայն ստից-մտից խոսում են, քամի փչում ու թողնում-հեռանում»:
«Կապիտալիստական երկրներում ոչ մի նախարար կամ պատգամավոր բիզնեսով չի զբաղվում մեր երկրի պես: Հիմա մեզ մոտ ով գործարար է, գնացել-դարձել են պատգամավոր, որ իրենց շահերը պաշտպանեն. դրա համար էլ ես ժողովրդի օրը սա է»,- ասում է չորաթանցի Հրանտը ու վրդովված նշում, որ երկրի նախագահը դատախազի աշխատավարձը դարձնում է 600 հազար դրամ, իսկ գիտնականի աշխատավարձը թողնում է 30 հազար. «Եթե իրավական պետություն են կառուցում, ապա պետք է այն բոլորի վրա անդրադառնա»:
Միշան բորբոքված էր հայրենի օրենսդիրների վրա, որ բողոքում են, թե իբր իրենց աշխատավարձը ցածր է. «Ի՞նչ են անում: Գնում են էնտեղ լկրահաչի տալիս, հետո էլ ասում են, թե 600 դոլար աշխատավարձը քիչ է»: «Երկիր»-ի հարցին, թե՝ գյուղից միգրացիա կա՞, Հրանտը պատասխանեց. «Ասա՝ գյուղում մա՞րդ է մնացել, որ մի հատ էլ միգրացիա լինի: Բոլորը գնացել են, ամեն տանը մնացել են ծեր ամուսինները կամ ել միայնակ ծերերը: Որ իրար վրա դնես, մի 20 երիտասարդ էլ չի մնացել Չորաթանում»:
Զրուցակիցս պատմեց, որ իր երկու երեխաներն էլ իրենց ընտանիքներով դեռ 1995 թվականին են հեռացել ՌԴ: Չորաթանցիները պատմում են իրենց անհուսալի դրության մասին. ով հնար է ունեցել, վաղուց է լքել գյուղը: Ում տղան դպրոցն ավարտում է, խնդրում է դրսում գտնվող տղաներին, որ իրեն աշխատանքի տեղավորեն: «Ամեն օր ռեկլամ են անում «արի տուն,արի տուն»: Ես էլ մտածում եմ՝ իմ երեխան գա տուն ի՞նչ անի: Ճիշտ է` շատ եմ կարոտում, բայց որ մտածում եմ, իրենք այնտեղ լավ են ապրում, խիղճս ավելի հանգիստ է»,- ասում է Հրանտը:
Խանութպան Անահիտը, ցույց տալով պարտքացուցակով լի դավթարները, նշեց. «Մարդ պիտի լինի, որ առեւտուրն էլ լինի, բոլորը թողել հեռացել են: Այս գյուղի բնակիչները վճարունակ չեն»: Ժամանակին 600 տնտեսություն ունեցող Չորաթանում այսօր ապրում է 1080 բնակիչ (340 տնտեսություն):
Գյուղապետի տեղակալ Քալանթար Քալանթարյանը հաստատեց միգրացիայի փաստը, սակայն, նրա խոսքերով, նախորդ տարիների համեմատ պակասել է հեռացող ընտանիքների քանակը: Քալանթարյանը նշեց նաեւ, որ 2010 թվականին ծնվել է ընդամենը 7 երեխա, իսկ նույն թվականին ընդամենը 3 ամուսնություն է գրանցվել: Այս տարի ընդամենը մեկ հարսանիք է եղել: «Մեր գյուղը ծերացող գյուղ է համարվում, որի մասին մենք էլ ենք մտածում»,- ասում է նա:
Չորաթանի 550 հա վարելահողերից 160 հեկտարն այլեւս չի մշակվում ականապատված լինելու, 80 հա-ն` բնակավայրից հեռու գտնվելու, մի մասն էլ մշակող չունենալու պատճառով: 310 հա-ից 250 հա-ն ոռոգելի չէ, իսկ մյուս 60 հա վարելահողերը ոռոգվում են քայքայված համակարգով: Չորաթանցիները պատմում են, որ խորհրդային ժամանակներում իրենք 60 հա խաղողի այգիներից պետությանը հանձնել են տարեկան 1000 տ բերք, իսկ այսօր այդ այգիներից ընդամենը 22 հա է մնացել, որից տարեկան հավաքում են 220-230 տ խաղող:
«Արդեն երրորդ տարին է՝ միրգ չենք հավաքում անձրեւների, կարկուտի եւ ցրտահարության պատճառով»,- ասում են գյուղացիները: Նրանք դժգոհում են նաեւ գյուղնախարարության քաղաքականությունից, որ այս տարի էլ որոշել են ոչ թե 10, այլ 3 հա հողատարածք ունեցողներին ապահովել որակյալ սերմացուով: «Եթե 4000 քմ հող ունենք, ուրեմն որակյալ սերմ պետք չի՞: Արդեն 20 տարի է` ցորենի տեղ աշորա ենք հնձում` սերմ չունենալու պատճառով: Ամենամեծ կարտոֆիլը ձվի չափ է»,- դժգոհում են բնակիչներն ու պատմում, որ 4000 քմ տարածքից 6 պարկ ցորեն են հնձել:
«150 հա հացահատիկ ենք ունեցել այս տարի եւ մեկ հեկտարից 14 ցենտներ հացահատիկ ենք հավաքել»,- ասաց պրն Քալանթարյանը:
Անասնապահության ոլորտն այս գյուղում զարգացում չի ապրում, իսկ ոչխարները վերջին երկու տարիներին նույնպես «միգրացիայի» են ենթարկվել: «Մեր գյուղում միս էլ չի արտադրվում: Խոզի միսն արժի 3000 դրամ, տավարինը` 2400, իսկ պանիը` 1500 դրամ»,- ասաց Հրանտը` հիշելով Թումանյանի խոսքերը. «Մի կտոր չոր հաց, էն էլ հրեն, հա՜, երկնքից կախված»:
Չնայած գյուղը գազիֆիկացված է, սակայն ձմռանը գյուղի միայն 25-30 տոկոսն է գազով տաքացնում բնակարանները. մյուսները փայտ են գնում անտառից` 1 խ.մ-ը՝ 10-12 հազար դրամով: Չորաթանցիները չեն հիշում, թե վերջին անգամ երբ են իրենց գյուղի խնդիրների մասին անհանգստացող հյուր ընդունել: «Մեր գյուղը էս տարածաշրջանի ծմակուտն է, ոչ մեկ չի հիշում մեզ ու չի այցելում: Շնորհակալ ենք»,- ասաց չորաթանցի ամենաուրախ մարդը` Միշան:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Չորաթան-Երեւան
Լուսանկարը` հեղինակի