Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում գործող «Մխիթար» երիտասարդական կենտրոնի շնորհալի սաները մայիսի 19-27-ը Իտալիայում էին: Նրանք մեկնել էին Իտալիայի Սկանդիչի (Ֆլորենցիա) համայնք «Լա մելագրանա» կազմակերպության հրավերով՝ մասնակցելու Հայոց Մեծ Եղեռնի տարելիցին կազմակերպված միջոցառմանը:
«Armonia Armenia» (Ներդաշնակ Հայաստան) խորագրով միջոցառումն անցկացվել է Սկանդիչիի «Միլա Պիեռալլի» հայտնի թատրոնում՝ լեփ-լեցուն դահլիճում: Ներկա էին համայնքի ղեկավարությունը, Իտալիայի տարբեր քաղաքներից ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, դասախոսներ և այլ հյուրեր: Հայաստանից մեկնած պատվիրակության ղեկավար, «Մխիթար» ԵԿ-ի տնօրեն Էդգար Քալանթարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Սկանդիչի համայնքում գործող Սպինելլի դպրոցի սաները, իրենց անմիջական մասնակցությամբ և հայերեն ելույթների թարգմանությունները կարդալով, իտալացիներին հաղորդակից դարձրին հայկական հնագույն մշակույթին:
«Մխիթար» երիտասարդական կենտրոնը իր ձևով միակն է Տավուշի մարզում, որի երկու տասնամյակի հասնող գործունեությունը Չորաթան համայնքը դարձնում է առավել աշխույժ և կենսուրախ: Կենտրոնում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, իրականացվում փոխադարձ այցելություններ և այլն: Այս տարիների ընթացքում «Մխիթար» ԵԿ-ը ձեռք է բերել բազմաթիվ նոր ընկերներ և բարեկամներ, և ոչ միայն Հայաստանից. 2013թ.-ից ի վեր կենտրոնի և իտալական «Լա Մելագրանա» կազմակերպության միջև ստեղծվել է միջմշակութային համագործակցության մի հրաշալի ձևաչափ, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի փոխադարձ այցելություններ են տեղի ունենում»,-ասաց Էդգար Քալանթարյանը: Նա նշեց, որ տարիների ընթացքում երկու կազմակերպությունների արդյունավետ շփումները հիմք հանդիսացան նաև ինստիտուցիոնալ կապերի հաստատման համար, որի արդյունքում ակնկալվում է նաև Սկանդիչիի քաղաքապետ՝ պարոն Սանդրո Ֆալլանիի այցելությունը Չորաթան համայնք:
Միջոցառմանն իր ելույթում Էդգար Քալանթարյանն անդրադարձել է Չորաթանի և Սկանդիչիի համագործակցությանը:
«Այս հրաշալի համագործակցության հիմքը ծագել է լավ ընկերությունից, որը տարիների ընթացքում վեր է ածվել Չորաթանի և Սկանդիչիի (Ֆլորենցիա) միջև այնպիսի կամուրջի ստեղծման, ինչը երկու հնագույն մշակույթ ունեցող ազգերին միմյանց կապող հերթական քայլն է: Մշակույթի նպատակը աշխարհի ճանաչումն է, վերջինիս ճշմարտության բացահայտումն ու իր միջոցներով աջակցելը երկրի վրա նրա գոյապահպանությանը: Նմանապես այն միջոց է նաև ուրիշ մեկ այլ մարդկանց, ժողովուրդներին ճանաչելու, բնության օրինաչափությունները հասկանալու, գեղեցկության, բարու և սիրո ճանաչման համար: Հայաստանն ու Իտալիան իրենց ուրույն նկարագիրն են կերտել ինքնատիպ մշակույթով՝ հոգևոր և նյութական արժեքներով: Սակայն մշակույթը որքան էլ եզակի լինի, եթե մնա պարփակված, մեկուսացված երբեք չի կարողանա զարգանալ: Հենց նշված հանգամանքով է պայմանավորված, որ հաղթահարելով բազմաթիվ կիլոմետրեր, փորձել ենք ներկայացնել մերը և ճանաչել ու վերցնել նաև ուրիշինը»,-նշել է նա:
Էդգար Քալանթարյանի խոսքով՝ միայն քաղաքական և տնտեսական գործոնները բավական չեն ժողովուրդների և պետությունների միջև նոր համագործակցությունների կառուցման ճանապարհին: Շատ կարևոր են նաև միջմշակութային փոխհարաբերությունները, քանի որ հենց դրանք են հիմք հանդիսանում նոր արժեքների և գլուխգործոցների ստեղծման համար:
«Ուրիշի քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը սկսվեց հենց հայ մտավորականության և մշակույթի գործիչների ձերբակալմամբ և սպանությամբ»,- ասաց Էդգար Քալանթարյանը:
Նա նշեց նաև, որ դարերի ընթացքում ստեղծված մշակութային համագործակցությունը մեծագույն հարստություն է երկու երկրների համար, դրա վառ օրինակը Մխիթարյան Միաբանության հայրենանվեր գործունեությունն է Իտալիայում, որի հիմնադիր Մխիթար Սեբաստացին 18-րդ դարում Վենետիկում հիմնեց աշխարհասփյուռ հայ մշակույթի վերածննդի կենտրոն՝ ստեղծելով յուրօրինակ ներդաշնակություն հայ և իտալացի ժողովուրդների հազարամյակների մշակույթների միջև, որը մենք շարունակում ենք խթանել և կյանքի կոչել այսպիսի նախաձեռնություններով:
Հայաստանի մխիթարյան կենտրոնը, իր հիմնական առաքելության շրջանակներում, գրեթե երկու տասնամյակ կրթական-մշակութային գործունեություն է ծավալում Տավուշի սահմանամերձ Չորաթան համայնքում: