կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-13 14:55
Հասարակություն

Ծառի չորացած ճյուղը կտրելու փոխարեն կտրվում է ամբողջ ծառը. Աշոտ Մելքոնյան

Ծառի չորացած ճյուղը կտրելու փոխարեն կտրվում է ամբողջ ծառը. Աշոտ Մելքոնյան

Շատ խնդիրներ կան լուծելու, այդ թվում՝ կրթության և գիտության ոլորտում: Բայց երբ օրակարգ մտավ այս նախագիծը, գոնե համալսարանական համակարգի պարագայում համոզվում ես, որ այդ համակարգը շարունակելու է մնալ, որն ունի լուրջ թերություններ. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարաության այն որոշմանը, ըստ որի՝ հայագիտական առարկաները բուհերում պետք է դառնան ոչ պարտադիր:

«Այն ակադեմիական մոդելը, որն այսօր գործում է Հայաաստանում, խորհրդային համակարգի հետ կապ չունի. դա ուշ միջնադարում Եվրոպայում ձևավորված, այնուհետև 18-րդ դարում Ռուսաստանում ընդօրինակված համակարգ է, և դա եվրոպական համակարգ է: Մարդը զբաղվում է զուտ գիտությամբ, նրան տրվում է ժամանակ՝ գիտական արդյունք տալու համար, և դա շատ արդյունավետ տարբերակ է»,- պարզաբանեց նա:

Մելքոնյանը նշեց, որ այն արևմտյան մոդելը, որի մասին խոսվում է, ամերիկյանն է, որտեղ համալսարանական գիտությունը շատ ուժեղ է, և եթե դասախոսը տարեկան 200 ժամից քիչ է դասավանդում, ուրեմն գիտությամբ զբաղվելու իրավունք ունի:

«Այս օրենքի նախագծով՝ ԳԱԱ-ն, փաստորեն, վերանում է, մանավանդ, որ նախարարի մակարդակով ասվեց, որ նպատակը գիտությունը բուհեր տեղափոխելն է: Նշանակում է, որ այդ բուհերում գիտություն չկա: Ինչո՞ւ ծագեց նման անհրաժեշտություն: Զարմանալին այն է, որ գիտության և կրթության ոլորտում շատ ու շատ խնդիրներ կան, բայց առաջին հերթին կացինն իջավ հայագիտական առարկաների վրա: Նույնիսկ Հարվարդի համալսարանում են հայերեն դասավանդում՝ արևմտահայերենով: Հիմա մենք ինչպե՞ս պետք է Սփյուռքին օրինակ ծառայենք», - ասաց նա:

Ակադեմիկոսը միանշանակ անհրաժեշտ համարեց բուհական միջավայրում հայոց պատմության դասավանդումը և բերեց օրինակներ: «Մենք լինում ենք զորամասերում. եկեք, տեսեք, թե ինչպես են զինվորներն ընկալում հայոց պատմության դասախոսությունները, որովհետև կարոտ են դրան: Եկեք միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, կտեսնեք՝ լսարանը լեցո՞ւն է, թե՞ չէ: Որովհետև մարդիկ հասկանում են, որ վաղվա դիվանագետը պետք է հայոց պատմություն իմանա: Այլ բան է, որ մարդիկ դպրոցական, տաղտկալի հին տեքստերը բերեն, մատուցեն համալսարաններում: Այ սա՛ եկեք փոխենք, այլ ոչ թե ծառի չորացած ճյուղը կտրելու փոխարեն կտրենք ամբողջ ծառը»,- խոսքը եզրափակեց Աշոտ Մելքոնյանը:

Հիշեցնենք՝ արդեն 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: