Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիսիան քաղաքից 10 կմ հարավ-արեւելք` Որոտան գետի բարձրադիր ձախ ափին է գտնվում Որոտան (նախկին` Ուրուտ) գյուղը:
Գյուղը երեք կողմերից պատված է լերկ ու բարձր ժայռերով, իսկ մյուս կողմից` 1856 թվականին կառուցված Մելիք Թանգի կամրջով կարելի է կարճ ճանապարհով հասնել Շամբի ջրամբար: Մինչ 1988-89 թթ. այս գյուղում ապրել են նաեւ ադրբեջանցիներ, որոնք Ադրբեջանում սկսված հայկական կոտորածներից հետո արտագաղթեցին։ Տեղաբանակ հայերը չգիտեն, թե իրենց հին հարեւանները որտեղ են վերաբնակեցվել, սակայն հիշում են, որ նրանցից շատերը եղել են կրոնափոխ հայեր, ովքեր մինչեւ վերջ էլ հացի խմորը հունցելուց հետո քրիստոնեական խաչ են դրել, որ հացը օրհնվի:
Արդեն 20 տարուց ավելի է` ադրբեջանցիներին այստեղ փոխարինելու են եկել Ադրբեջանից հայ փախստականներ եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից այստեղ տեղափոխվածներ: Գյուղի բնակչությունը 1992թ. վերջերին արդեն կազմեց 335 մարդ (110 տուն), իսկ այսօր Որոտանում կա 370 բնակիչ, որոնց 40 տոկոսը (60 ընտանիք) նախկին փախստականներ են: Այստեղ բնակվող մարդիկ տարբեր սովորությունների, տարբեր բնավորությունների տեր են: Ի դեպ, 300 բնակիչը հաշվառված են, 70-ը` ոչ:
Գյուղամեջում գտնվող խանութի սեփականատեր որոտանցի Կամոն մեզ հետ զրույցում նշեց, որ այս գյուղում նույնպես բոլորը պարտքով են գնումներ անում: «Այսօր գյուղացին գումար չունի: Հիմա պարտքի ցուցակը որ բացեմ, բարեւդ կմոռանաս, այնքան շատ են պարտքերը»,- դժգոհությամբ ասաց Կամոն:
Տնային տնտեսուհի Վերգինե Դանիելյանին հանդիպեցինք իր տան բակում։ Նա ձմռան պահածոներ էր պատրաստում օջախի մոտ կանգնած. «Ամեն ինչով էլ զբաղվում ենք, բացի անասնապահությունից: Որ չաշխատենք, բա ո՞նց կապրենք: Ամեն ինչ էլ մշակում ենք, բայց ոչինչ չենք կարողանում շուկա հանել»:
Վերգինեի ամուսնու` մասնագիտությամբ երկրաբան Ալյոշա Դանիելյանի պնդմամբ` իրենք քարից հաց են քամում. «Գյուղացի մարդ եմ ու այսօր թոշակի հույսին եմ: Մեր էլածը փչանում է ու չենք կարողանում վաճառել: Շատ սարսափելի է էս գյուղի վիճակը: Ու գիտեք` ինչն է վատը. նստել հաշվարկել եմ, որ եթե այսպես շարունակվի, 2020-ին այս գյուղում կմնա մի 20 տնտեսություն: Իմ տարեկիցները կմահանան, իսկ երիտասարդությունն էլ գյուղից դուրս կգա»:
Գյուղի վարելահողերը կազմում են 380 հեկտար, եւ 25 հա էլ տարբեր պտղատեսակների այգիներն են: Ինչպես գյուղապետ Դավթյանը հայտնեց, գյուղում ներկա պահին ոչ մի անմշակ հողակտոր չկա: «Գյուղում աճում է ծիրան, ընկույզ, կեռաս, տանձ, խնձոր, դեղձ, խաղող եւ այլ պտղատեսակներ: Այսօր գյուղում ամենաշատը ընկույզի այգիներն են»,- ասում է գյուղապետը:
Ընկույզի ծառերով հարուստ Որոտան գյուղում այս տարի չոր ընկույզը, ըստ համայնքապետի, կվաճառվի 1000 դրամից սկսած, իսկ ընկույզի միջուկը` 2500- 4000 դրամով, այնինչ գյուղացիներն ասում էին, որ այս տարի ընկույզը 1500 դրամից պակաս չեն վաճառի: «Այս տարի ընկույզը լավ բերք է տվել, եւ մաքուր քաշով կստանանք 20 տոննայից ավելի ընկույզի միջուկ»,- ասաց գյուղապետը:
«Քրտինքով բեջարում ենք ամեն ինչ, այնուհետեւ հավաքում, փչացնում ու հետո թափում ենք: Այս պահին տոննայի չափ խնձոր ունեմ հավաքած, անցած օրը եկան, ասացի՝ 25 դրամով տարեք, չտարան: Հարեւան Շամբի պահածոների գործարանն էլ չի ընդունում: Դրանք էլ ասում են, թե միայն բադրիջան եւ պոմիդոր են պահածոյացնում: Դե, մենք էլ ստիպված լցնում ու արաղ ենք քաշում ու խմում»,- ասում է Ալյոշան: Օղու թեման շարունակելով` Ալյոշայի կինը մեզ հայտնեց, որ ներկա պահին թթի օղի ունեն վաճառելու, բայց դա էլ չեն կարողանում վաճառել:
Գյուղի բյուջեն կազմում է 6 մլն դրամ, որից 3,5 մլնը կառավարության կողմից հատկացված դոտացիան է, իսկ 2,5 մլնը հավաքվում է տեղական հարկ ու տուրքից: Որոտան գյուղում ընդամենը 6 ընտանիք է հաշվառված «Փարոս» համակարգում։ Դրանք այն ընտանիքներն են, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից. «Սա չի նշանակում, որ միայն այս ընտանիքներն են սոցիալապես անապահով»:
«Էս գյուղում մի գործարան չկա, մի ֆաբրիկա չկա: Ախր այդքան ազատ շինություններ կան, մեկը չկա, որ մի բարեգործություն անի, բերի մի քանի կարի մաշին դնի, ու էս գյուղի կանայք աշխատեն այդ արտադրությունում ու պարապ չնստեն իրենց տներում»,- ասում է Մարատը:
Գյուղի հիմնական դպրոցում սովորում է 30 երեխա, իսկ այս տարի առաջին անգամ դպրոցական նստարանին նստել է ընդամենը 3 երեխա:
Ամուսնություններն ու ծնունդներն այս գյուղում քիչ են, օրինակ` այս տարի կազմավորվել է 4 ընտանիք, անցած ամիսներին ծնվել է 3 երեխա, իսկ երեքի լույս աշխարհ գալուն էլ սպասում են անհամբեր։ Ամուսնալուծություններ գյուղում չկան:
Գյուղն ունի տաք ջուր, բնական եւ երկրաբանական հուշարձաններ, սակայն ոչ ոք չի աշխատում զբոսաշրջության ծրագրեր մշակելու ուղղությամբ։
Գյուղապետն ասում է. «Այսպես, թե այնպես Հայաստանի տարբեր տեղերից տաք ջուրը այցելողների պակաս չի ունենում: Այստեղի միակ խնդիրն այն է, որ վերականգնվեն ճանապարհները, իսկ եթե դա արվի, զբոսաշրջությունը ինքնըստինքյան կզարգանա: Չմոռանաք, որ այստեղ եղել է նաեւ Օրբելյանների նստավայրը»:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Որոտան- Երեւան
Լուսանկարները` հեղինակի