Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքն այսօր կդառնար 57 տարեկան:
Մահից ամիսներ առաջ հարցազրույցներից մեկում Դինքն ասել էր, որ, չնայած իրեն ուղղված սպառնալիքներին, միեւնույն է, իրեն չեն սպանի. «Իմ երկրում աղավնիներին չեն սպանում»: Դինքը մի հարցում էր սխալվել` Թուրքիայում հենց աղավնիներին էլ սպանում են` ճանապարհը թողնելով գայլերին:
Դինքին սպանությունից առաջ հասցրել էին անգամ մեղադրանք առաջադրել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը դատապարտում է «թուրք ժողովրդին վիրավորանք հասցնելը»:
«Երբ Շիշլիի դատախազությունն իմ դեմ «թուրքերի ազգային ինքնասիրությունը նվաստացնելու» մեղադրանքով հետաքննությունը սկսեց, ես մտավախություն չեմ ապրել: Դա առաջին դեպքը չէր: Նման դատական գործին մինչ այդ առնչվել էի Ուրֆայում: Երեք տարի շարունակ ինձ «թուրքերի նվաստացման» մեղադրանքով դատում էին զուտ նրա համար, որ 2002 թ. Ուրֆայում, մասնակցելով կոնֆերանսի, ելույթում ասել էի, որ «թուրք չեմ, այլ Թուրքիայի հայ եմ»: Այն ժամանակ նույնիսկ տեղյակ չէի դատական նիստերի ընթացքից: Դրանք ինձ բոլորովին չէին հետաքրքրում: Դատավարությունն իմ բացակայությամբ առաջ էին տանում ուրֆացի փաստաբան ընկերներս: Բավականին անհոգ էի նաեւ Շիշլիի դատախազությունում բացատրություն տալու ժամանակ: Ի վերջո, ակնհայտ էին ե՛ւ գրածներս, ե՛ւ մտադրությունս: Համոզված էի, որ դատախազն իմ հոդվածի` առանձին որեւէ իմաստ չարտահայտող նախադասության փոխարեն կկարդա ամբողջությամբ, այսպիսով, հեշտությամբ կհասկանա, որ «թուրքերին նսեմացնելու» որեւէ մտադրություն չունեմ եւ վերջ կգտնի այս կատակերգությունը: Վստահ էի, որ հետաքննությունը չի հանգեցնի իմ դեմ դատական գործի հարուցմանը»,- ասել է Դինքը:
Նա սխալվել էր նաեւ այս հարցում, քանի որ դատարանն իր նման մարդասիրաբար տրամադրված չէր:
«Կարող էի ամեն ինչին դիմանալ, բայց անհնար էր դրա հետ հաշտվելը: Իմ համոզմամբ, եթե մեկը էթնիկ կամ կրոնական տարբերությունների պատճառով նսեմացնում է այն մարդկանց, որոնց հետ նույն երկրում է բնակվում, դառնում է շովինիստ, իսկ դա աններելի է»,- զայրացած նշել էր Դինքը:
Պոլսահայ լրագրողը սպանվեց 2007թ. փետրվարի 19-ին` «Ակօսի» խմբագրատան առջև: Այդ օրերին Թուրքիան վերածվել էր բեմահարթակի, որտեղ յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա իր դերասանական կարողություններն էր ի ցույց դնում:
Դինքի թաղումը վերածվեց «հանրահավաքի», որի ժամանակ շատերը իմաստը փոխարինել էին ձեւով եւ զուտ գլխաքանակ էին լրացնում:
Այդ օրերին թուրքական ԶԼՄ-ները խոսում էին ինչից ասես` մարդասիրություն, համերաշխություն, ոչ ազգայնամոլությանը... Մոռացվել էր գլխավորը` Դինքի մահվան փաստը: Շատերն էին խոսում Դինքի մահվան պատճառներից` շրջանցելով հետեւանքը: Եվ մարդիկ կուլ գնալով ինֆորմացիոն հոսքին` Հրանտ Դինք մարդու եւ գործչի մահվան փաստը սկսեցին «երկրորդական պլան» մղել` խոսելով միայն պատճառի մասին:
Նրա մարդասպանը` տրապիզոնցի թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, միայն վերջերս ստացավ իր պատիժը: Թեև Սամասթին սպառնում էր ցմահ ազատազրկում, սակայն հանցագործության պահին անչափահաս լինելու պատճառով նրա դատավճիռը մեղմացվեց, և նրան բաժին հասավ 23 տարվա ազատազրկում:
Չմոռանանք հիշեցնել նաեւ, որ մինչ դատավճիռը Սամասթի ընտանիքը դիմել էր Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտին (TPE)` Սամասթ ազգանունը որպես ապրանքանիշ գրանցելու հայտով։
Մնում է միայն հուսալ, որ Դինքի հոգին, աղավնի դարձած, 23 տարի հետո կշրջի Սամասթի գլխավերեւում` խիղճ կոչվածը վերջինիս հոգին մտցնելու փորձով...